Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետախուզվող ՌԴ քաղաքացուն Հայաստանը լքելու թույլտվություն տալը ծանր կնստի ՀՀ-ի վրա»

Սեպտեմբեր 03,2016 14:30

Իրավապաշտպանները վստահեցնում են, որ չէր կարելի ԱՄՆ-ի հայցով Երեւանի օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին թույլ տալ լքել Հայաստանը:

«Առավոտի» հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը վրդովվեց, թե որեւէ դեպքում չէր կարելի թույլ տալ հետախուզվող անձին լքել Հայաստանի Հանրապետությունը. «Պարտադիր չէր կալանքի տակ վերցնեին, թող վերցնեին ստորագրություն հանրապետությունը չլքելու վերաբերյալ, հետո արդեն ԱՄՆ-ից ստանային բոլոր փաստաթղթերը, մեղադրանքները, եւ ՀՀ դատարանը որոշեր այդ մարդու ճակատագիրը: Բայց դա չարվեց, այլ ընդհակառակը՝ նրան հնարավորություն տրվեց փախչելու»:

Դանիել Իոննիսյանը հարց է բարձրացնում` արդյոք դա պատահակա՞ն էր, ու նաեւ նկատում, որ` ոչ: Ըստ նրա` կայացվածը քաղաքական որոշում էր. «Այս մարդը, ըստ երեւույթին, մի շարք հանցագործությունների մեջ մեղավոր էր եւ կարող էր խնդիրներ ունենալ, եթե չփախչեր Ռուսաստան»: Դառնալով նման իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացու նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքին` Դանիել Իոննիսյանը նշեց. «Պատկերացնո՞ւմ եք՝ Ինտերպոլով հետախուզվող ՀՀ քաղաքացուն բռնում են Ռուսաստանում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա նկատմամբ վերաբերմունքը. խալաթ կհագցնեն, կհանեն ամբողջ աշխարհով մեկ խայտառակ կանեն»:

Դանիել Իոննիսյանի տպավորությամբ` սա խոսում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները համաչափ չեն, դրանք ավելի շատ վասալային են: Մեր զրուցակիցը չի բացառում, որ հնարավոր է՝ այս քայլը ԱՄՆ-ը հաշվի առնի եւ հերթական անգամ քրեադատավարական բարեփոխումների համար ՀՀ-ին գումար հատկացնելու հարցում համապատասխան որոշումներ կայացնեն ու հաշվի առնեն, որ ՀՀ-ն մի երկիր է, որը հնարավորություն է տալիս զենքի ապօրինի առեւտրի եւ փողերի լվացման մեջ մեղադրվող անձին հանգիստ փախչել: Դանիել Իոննիսյանի եզրահանգումը մեկն է. «Եթե ՀՀ-ից կարողանում է փախչել լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող անձը, ուրեմն Հայաստանում իրական իրավապահ համակարգ գոյություն չունի»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հավաստմամբ` այս քայլից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ կառավարությունը ստիպված են լինելու շատ տհաճ հարցերի պատասխանել, ինչպես նաեւ առաջիկայում սպասենք ԱՄՆ-ի կոշտ արձագանքին: Նա հիշեցրեց, թե ինչպես էին ՀՀ իշխանությունները վերաբերվում ՀՀ քաղաքացի Սարգիս Պետրոսյանի հետ, երբ հետախուզման մասին որոշման հիման վրա ոչ թե կիրառեցին խափանման միջոց կալանք, այլ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նրան 25 օր պահեցին Նուբարաշենում: Կամ այս տարվա հունվարին Բահրենի քաղաքացու հետ ինչպես անմարդկային կերպով վերաբերվեցին:

Մինչդեռ նման վերաբերմունք չկիրառվեց ՌԴ քաղաքացու նկատմամբ, ավելին՝ նրան թույլ տվեցին փախչել. «ՀՀ իշխանությունը վստահ է, չէ՞, եղել, որ միջազգային հետախուզման հայտարարման մեջ գտնվող անձին են ազատ թողնում, որ հեռանա, եւ զուտ այն բանի համար, որ նա ՌԴ քաղաքացի է»:

Պարոն Սաքունցն արդեն կանխատեսում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ կառավարությունը շատ տհաճ հարցերի են պատասխանելու. «Ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են նման վերաբերմունք ցույց տվել ՌԴ քաղաքացուն, այլ ոչ թե իրավական: Խայտառակությունն այն է, որ եթե մինչ այդ ՀՀ իրավապահ մարմինները որոշում էին կայացնում ՀՀ իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա հիմա արդեն նաեւ՝ ՌԴ իշխանությունների»: Արթուր Սաքունցը չի էլ պատկերացնում, թե ոնց են արդարանալու կամ հիմնավորելու այս քայլը: Սակայն շատ լավ պատկերացնում է, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ այս վարքագիծը Հայաստանի վրա. «Ապօրինի որոշումներ կայացրած, իրավական որոշումներ չկատարած անձանց նկատմամբ պատժամիջոցներ, որոշակի ծրագրերի ֆինանսական աջակցության հետ կապված բարդություններ եւ նաեւ՝ քաղաքական լուրջ հետեւանքներ»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

02.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930