Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցներով հանդես եկած նամակագիրն իր առարկություններն է ներկայացրել դատարան

Սեպտեմբեր 03,2016 14:00

«Հոդվածներում ներկայացված տեղեկությունները եւ հարցադրումները, որոնք հայցվորները զրպարտություն են համարում, ներկայացվել են ռեկտոր, սույն գործով հայցվոր Կորյուն Աթոյանին դեռեւս 2011-2013թթ.-ին: Նորիկ Սարգսյանի կողմից ռեկտորին ուղղված տարբեր նամակներով եւ բողոքներով բարձրացվել են իր կարծիքով տեղի ունեցող ապօրինությունները վերացնելու հարցերը, որոնք մնացել են անպատասխան: Թերթերում տպագրված համանման բովանդակությամբ բողոքներ եւ դիմումներ են ուղարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, այն ժամանակ ԱԺ նախագահ, ապա ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին: Բոլոր դիմումներն ու բողոքները որպես ապացույց ներկայացվել են աշխատանքային վեճը քննող դատարան»: Մեջբերվածը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկված պատասխանող ճանաչված Նորիկ Սարգսյանի առարկություններից էին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում է գտնվում Կորյուն Աթոյանի, Պարույր Քալանթարյանի, Միհրդատ Հարությունյանի եւ Լյուբա Մեհրաբյանի՝ ընդդեմ Նորիկ Սարգսյանի, երրորդ անձ ճանաչված «Առավոտ» եւ «Հրապարակ» օրաթերթերի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին հայցադիմումը:Հայցվորները վիճարկում են այս տարվա հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված Նորիկ Սարգսյանի «Որտեղ է թաղված շան գլուխ» վերնագրով նամակը:

«Առավոտը» ստացել է պատասխանողի առարկությունները, իսկ մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացվել էին հուլիսի 27-ին դատարան ներկայացված հայցապահանջի բոլոր մանրամասները: Ըստ հայցվորների՝ հրապարակման մեջ առկա արտահայտությունները ոչ միայն վիրավորել, այլեւ զրպարտել են իրենց: «ՀՊՏՀ տնտեսական պատմության եւ իրավագիտության, այժմ՝ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանը (նա այդ պաշտոնում երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել) 2010-2013թթ. իմ նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ, մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք, կեղծիքներ», -իր նամակում գրել էր պատասխանող Ն. Սարգսյանը: Վերջինը նաեւ հայտնել էր, թե ղեկավարների պաշտպանությունը վայելող Լ. Մեհրաբյանի կողմից կեղծ փաստաթղթեր են կազմվել:

Իսկ հայցվորներն էլ նշել էին Ն. Սարգսյանի նամակից հատվածներ, որտեղ Ն. Սարգսյանը մեղադրել է իրենց «ՀՊՏՀ բյուջեի քողարկված՝ հաստիքային կողոպտման» համար:
Նորայր Սարգսյանի առարկությունները կազմում էր 6 համակարգչային էջ: Պատասխանողի կարծիքով, այս հայցը չի համապատասխանում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին: Ըստ այդմ, դատավորը չպիտի որոշեր՝ այն վարույթ ընդունելու համար:

Ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված պահանջի, հայցադիմումում պետք է նշվեին գործին մասնակցող անձանց անունը, հայրանունը, ազգանունը, նրանց բնակության վայրը, հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը, դրա առկայության դեպքում հայցվոր իրավաբանական անձի, հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման վկայականի համարը:
Ն. Սարգսյանը տեղեկացնում է, որ հայցադիմումում առկա չեն Միհրդատ Հարությունյանի եւ իր հայրանունները:

Նշված չեն հայցվորներից մեկի սոցիալական քարտի համարը, ինչպես նաեւ երրորդ անձանց անվանումները:

Ըստ պատասխանողի, քանի որ հայցվորները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատողներն են, պետք է նշվեր սոցիալական քարտի առկայության մասին, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մարդը չի կարող աշխատավարձ ստանալ առանց սոցիալական քարտի՝ հանրային ծառայությունների համարանիշի:
Լրատվամիջոցների հետ կապված էլ Ն. Սարգսյանն ասում է, որ գրվել է ընդամենը օրաթերթ բառը, մինչդեռ պետք է նշվեր իրավաբանական անձի անվանումը (նկատի ունի մեր դեպքում՝ «Առավոտ» օրաթերթ» ՍՊ ընկերություն անվանումը-Ռ.Մ.):
«Հայցվորը թերի կամ սխալ է նշել գործով երրորդ անձ հանդիսացող իրավաբանական անձանց անվանումները»,- նշում է Ն. Սարգսյանը:

Ն. Սարգսյանը բացի հայցի պատշաճ ներկայացվելու մասին առարկություններից, անդրադարձել է նաեւ դրա բովանդակությանը:

Մասնավորապես՝ վիրավորանքին եւ զրպարտությանը:

«Սույն հոդվածի վերլուծությունից հասկանում ենք, որ անձին վիրավորելու համար որեւէ կերպով դրսեւորած արտահայտությունը պետք է կատարված լինի տվյալ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով: Այսինքն՝ նպատակը կարեւոր նշանակություն ունի արարքը վիրավորանք որակելու համար: Բացի դրանից, հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Իսկ արարքը զրպարտություն որակելու համար հարկավոր է, որ հրապարակային արտահայտությունն իր մեջ պարունակի իրականությանը համապատասխանող տեղեկություն, որը արատավորում է անձի պատիվն ու արժանապատվությունն ու գործարար համբավը»,- հավելել էր պատասխանողը:

Նամակագիր Ն. Սարգսյանն առարկել է՝ ասելով, թե իր կողմից բարձրացված հարցերը արտահայտվել են թերթերում, դիմումներում, բողոքներում, այլ գործով նպատակ չեն ունեցել հայցվորներին վիրավորելու:

Նա ասում է, որ օգտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իրավունքից:

Մեջբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսված մի քանի գործերից, մասնավորապես՝ «Հենդիսայդն ընդդեմ Մեծ Բրիտանիայի», «Լինգսենը Ավստրիայի դեմ», «Օբերսչլիկը Ավստրիայի դեմ», Ն. Սարգսյանը նշել է, որ 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն գաղափարներն ու տեղեկությունները, որոնք ընդունվում են բարյացակամ կամ գնահատվում են որպես անվտանգ, այլ նաեւ նրանք, որոնք վիրավորում, զարմացնում կամ անհանգստություն են առաջացնում պետության կամ բնակչության մի զգալի մասի մոտ:
Պատասխանողը կարծում է, որ հայցը պետք է մերժվի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930