Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ դպրոցի հետ գցելու խնդիր չունենք»

Սեպտեմբեր 03,2016 13:00

ԿՏԱԿ-ի տնօրենը պատասխանում է վարկանիշավորման
վերաբերյալ դժգոհություններին

Օրերս Մոսկվայի տանը կայացած դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ կրկին մի դպրոցի տնօրեն դժգոհել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) իրականացրած վարկանիշավորումից ու կարծիք հայտնել, թե այն չի արտացոլում դպրոցների կրթության իրական որակը եւ բերում է բեւեռացման:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ բազմիցս անդրադրաձել է թեմային, եւ երեք տարի է՝ իրենք իրականացնում են վարկանիշավորում, ընդ որում՝ սկզբունքները, մեթոդաբանությունը, չափորոշիչներն ամբողջությամբ տեղադրված են վարկանիշավորման կայքում եւ բոլորը կարող են ծանոթանալ այդ ամենին: «Ամեն տարի մենք կատարելագործում ենք մեթոդաբանությունը, դա իրականացվել է նաեւ այս տարի, բարելավվել են չափանիշները, մեթոդաբանությունը, սա պարբերաբար ընթացող գործընթաց է, որը կարող է ընկալելի չլինել շատերի համար, սակայն պետք է փաստեմ, որ նման վարկանիշավորման համակարգերից միշտ էլ լինում են դժգոհություններ, քանի որ որոշ դպրոցների տնօրենների կարծիքով, իրենք իրենց ցանկալի տեղը չեն զբաղեցնում: Ի տարբերություն աշխարհում գործող շատ վարկանիշավորման համակարգերի, որոնք ընդհանրապես իրենց մեթոդաբանությունը, սկզբունքներն ու գնահատման չափանիշներն ի ցույց չեն դնում որեւէ մեկին, մեզ մոտ ամեն ինչ շատ բաց է, եւ բոլորը կարող են ծանոթանալ: Ամեն անգամ, ամեն դժգոհության պարագայում կրկին ներկայացնել չափորոշիչները, սկզբունքները եւ մեթոդաբանությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ, եւ եթե բաց է, թող կարդան եւ հասկանան:

Պետք է փաստեմ, որ մենք վարկանիշավորում իրականացնում ենք հաշվելի եւ ստուգելի ցուցանիշների հիման վրա, որոնք ներկայացվում են դպրոցների կողմից»,-ասաց պարոն Պողոսյանը:

Նա փաստեց, որ թեեւ հարցաթերթերը լրացնելու որակը չի ազդում վարկանիշավորման վրա, քիչ չեն դեպքերը, երբ տնօրենները ստորագրում եւ կնքում են հարցաթերթերը՝ առանց նայելու, թե դրանցում ինչ է գրված: ԿՏԱԿ-ի տնօրենի ասելով, երբ հետագայում որեւէ խնդիր է առաջանում, ԿՏԱԿ-ը ներկայացնում է անփույթ լրացված հարցաթերթերը, տնօրեններն էլ չքմեղանում են, թե չեն նկատել: «Մենք անընդհատ փորձում ենք հօգուտ դպրոցի աշխատել, որովհետեւ խնդիր չունենք որեւէ դպրոցի՝ ցուցակում հետ գցելու կամ մեկ այլ կրթական հաստատության առավելություն տալու առումով: Մեր խնդիրն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելն է հասարակությանը, եւ մենք փորձում ենք դա իրականացնել: Որպեսզի այս տարի նման խոսակցությունները բացառվեն, առաջիկայում կհրապարակվեն ուղեցույցներ դպրոցների համար, որտեղ մանրամասն կնշվի, թե փաստաթղթի որ տողում ինչ է պետք լրացնել: Մեծ քննարկումներ ենք ունեցել դպրոցների տնօրենների, մարզային կրթության վարչությունների ղեկավարների, պետական տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վարկանիշավորման մեթոդաբանության եւ չափորոշիչների վերաբերյալ: Այն մարդիկ, որոնք իրոք հետաքրքրված են մեթոդաբանությամբ եւ չափորոշիչների սկզբունքներով, կարող են ծանոթանալ, դա եւս շատ շուտով կհրապարակվի»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Նա շեշտեց, որ չպետք է սրերով ընդունել որեւէ չափորոշիչ, ընդհակառակը՝ պետք է բարելավել դրանք, մանավանդ վարկանիշավորումը դպրոցներին թույլ է տալիս հասկանալ իրենց ուժեղ եւ թույլ կողմերը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930