Մշակույթի ոլորտի աշխարհահռչակ դեմքերից շատերը չունեն մասնագիտական կրթություն, այդ թվում՝ Ֆելինին, Կուստուրիցան, Դեմի Մուրը, Ջորջիո Արմանին, Ալ Պաչինոն, Բիլ Գեյթսը, Անջելինա Ջոլին ու էլի շատ ուրիշներ: Բայց նշված արվեստագետները մասնագիտացել են իրենց նախընտրած մաեստրոյի մոտ: Մեր իրականությունում նման ճանապարհով կրթություն ստանալն առայժմ ընդունված չէ:
Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած պոեզիայի երեկոյից հետո ասմունքող Թագուհի Ղազարյանը, որը 2016-17 ուստարում կավարտի Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը՝ իբրեւ դերասան, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրեն չի տեսնում թատրոնում, այլ որոշում է կայացրել դառնալ խոշորամասշտաբ համերգային եւ հանդիսավոր արարողությունների ռեժիսոր: «Այս մասին ինչ-որ չափով գիտի կուրսի ղեկավարս՝ ճանաչված դերասան, ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը: Վստահ եմ, որ նա լինելով բանիմաց, պրոֆեսիոնալ արվեստագետ, կողջունի որոշումս»,- հավելեց Թագուհին: Կարիերան նոր-նոր սկսող երիտասարդ արվեստագետին հուշեցինք, որ իրենց ինստիտուտում մի քանի տարի է՝ ինչ բացվել է մասսայական ռեժիսուրայի կուրս եւ այդ արվեստանոցը վարում է ռեժիսոր Արամ Սուքիասյանը: Թագուհի Ղազարյանը նշեց, որ ըստ էության դրանք նույն մասնագիտություններն են, բայց իր խնդիրը այլ է:
«Մի կարեւոր հարց կա՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից մասնագետի պատրաստման գործընթացը, ո՞վ պետք է որոշի, թե ինչ գիտելիքներ են պետք նրան եւ որքան ժամանակում, գուցե 4-5 տարի կամ ավելի պակաս: Ես հասկանում եմ, որ նոր մոտեցումները բերում են ինչպես հետաքրքիր լուծումների, այնպես էլ տարաձայնությունների: Աշխարհահռչակ ոչ թե մեկ-երկու, այլ բազմաթիվ արվեստագետների օրինակով համոզված եմ, որ մշակույթի ցանկացած ոլորտ ընտրող երիտասարդը պետք է ուսանի իր ընտրած մասնագետի մոտ»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:
Համերգային ռեժիսուրայի եւ մեծ հանդիսությունների կազմակերպման մեթոդներին տիրապետելու համար երիտասարդ արվեստագետը ընտրել է շատ պարզ, բայց արագ ու գործնական ուսուցման ուղի. նա ուղիղ դիմում է այն մասնագետին, ում համարում է տվյալ ոլորտի գիտակ ու պատրաստ է սովորել նրա մոտ, կատարել նրա մասնագիտական պահանջները: «Ուսումնական ընթացքն ու պրակտիկ աշխատանքն անպայմանորեն պետք է տարվեն զուգահեռ եւ այստեղ վերանում է սան-ուսուցիչ սահմանը, կարողանալ-չկարողանալ բնույթի պարզունակ հարցերը: Արդյունքում՝ այնքան էլ կարեւոր չէ ուսուցման «իրավական հենքը», սակայն շատ կարեւոր է դառնում գործին տիրապետելու իրական կարողությունը: Ինձ դիպլոմ պետք չէ, ինձ գործն անելու իրական կարողությունն է պետք եւ դրա համար ես կդիմեմ իմ պատկերացրած այն մասնագետին, որն ինձ համար անհասկանալի պատճառներով չի դասավանդում թատերական ինստիտուտում, փոխարենը իրականացնում է ամենաբարդ, բարձրակարգ ու գերպատասխանատու հանդիսություններ»,- հայտարարում է արվեստագետը:
Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպե՞ս է պատկերացնում իր «կրթական նախագծի» ֆինանսական կողմը, չէ՞ որ ամեն դեպքում ստացած գիտելիքի համար պետք է վճարել: «Ցանկացած մշակութային միջոցառում իրականացվում է տարբեր կարգի ֆինանսավորումներով եւ հենց այդ հոնորարների, տարբեր կարգի ու չափի վարձատրությունների միջից կառանձնացվեն «ուսմանն» առնչվող ծախսերը: Իրականում այդ ուսուցումը միանգամից վերածվում է գործնական աշխատանքային հարաբերությունների եւ ես վստահ եմ, որ արդյունքում կդառնա այնպես, ինչպես, ասենք՝ ժամանակին Միքելանջելոյի պարագայում էր, այսինքն՝ ով աշակերտել է Միքելանջելոյին, բնականաբար, նրան էլ կվստահվի աստվածային պատկերներ նկարելու գործը: Իսկ դրա համար, կրկնում եմ՝ դիպլոմ պետք չէ»,- վստահ է Թագուհին:
Հետաքրքրվեցինք՝ ի վերջո ո՞վ է իր ընտրած վարպետը, փաստելով, որ այդ ոլորտում աշխատում են եւ հայտնի են հիմնականում երեք ռեժիսորներ՝ Արամ Սուքիասյանը, Արթուր Սահակյանը, Լեւոն Իվանյանը: Այդպես էլ մեր զրուցակիցը չբարձրաձայնեց իր նախընտրած արվեստագետի անունը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
02.09.2016
Խնդրում եմ, Բիլ Գեյթսի մի արվեստի գործի հղում հրապարակեք, թե չէ ում ասում եմ, որ նա Ֆելինիի մակարդակի արվեստագետ է, վրաս թարս են նայում։
Խոսքը արվեստի ոլորտի մասին չէ, այլ մասնագիտական կրթություն չունենալու մասին: Գեյթսը չունի «մասնագիտական» կրթություն: Այնպես որ ` «թարս չեն նայի»…