Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկ-մասնագետը 2016 թվականի սեպտեմբերի 2-ին հերթական անգամ այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ կալանավորված անձանց: Ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Նրանց հետ տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ:
Այցի պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ գործուղված բժշկական անձնակազմի կողմից իրականացվում էին վիրակապություններ ու բժշկական միջամտության աշխատանքներ:
Այցի շրջանակներում, պահման պայմանների հետ կապված, մեր կողմից արձանագրվել են պարզաբանման և լուծման ենթակա հարցեր: Դրանց մի մասը տեղում բարձրացվել և ստացել է լուծում, իսկ մյուս մասի կապակցությամբ պարզաբանումներ են պահանջվել գրավոր ընթացակարգով:
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատակիցների վերաբերմունքի կամ բժշկական սպասարկման առնչությամբ դժգոհություն չեն հայտնել:
Կարդացեք նաև
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց առողջական վիճակի հարցը շարունակվում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այսուհետև ևս ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ