Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, մենք անկախացել ենք ճանաչման համա՞ր». Դավիթ Բաբայան

Սեպտեմբեր 02,2016 20:40

25 տարվա անկախ Արցախի ձեռքբերումը ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը համարում է Արցախի հանրապետության  ձեւավորումը, գոյությունը:

«Որ կարողացել է այս ծանր պայմաններում, Ադրբեջանի ագրեսիային, շրջափակմանը, կոտորածներին դիմակայել եւ դիմագրավել բոլոր փորձությունները ու  ամուր հիմքեր ստեղծել զարգացման համար»,- Aravot.am-ին ասաց պարոն Բաբայանը:

Ըստ նրա Արցախի հաջողությունները ողջ հայության, սփյուռքի միասնական ջանքերի շնորհիվ է. «ՀՀ-Արցախ- սփյուռք եռամիասնությունը եղել է, կա ու կմնա մեր բոլոր հաղթանակների գրավականը»:

Այսօր քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը պնդում էր, որ Արցախը չստացավ լիարժեք անկախություն, որովհետեւ Արցախի զգալի մի հատված ադրբեջանցիների տիրապետության ներքո է:

«Գործ ունենք խաղի հետ, ստեղծել ենք մի խաղ, որը դիվանագիտական խաղ էր, մեր կարծիքով՝ չափազանց խելացի աշխարհին խաբելու համար ու մեզ համար մանեւրելու տեղ թողնելու համար, բայց մենք խաբեցինք միայն մեզ ու որեւէ մեկին, բացի մեզնից չխաբեցինք»,- ասել էր քաղաքագետը:

Արցախի ոչ լիարժեք անկախության մասին քաղաքագետի տեսակետին պարոն Բաբայանը չցանկացավ անդրադառնալ:

«Դա հայ քաղաքագե՞տ է ասում, թե՞ Բաքվի քաղաքագետ, սա է իմ պատասխանը, ուրիշ բան չեմ կարող ասել»:

Թե որը պետք է լիներ Արցախի հռչակման հաջորդ քայլը՝ Հայաստանին միավորվե՞լը, թե՞ միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելը հարցի վերաբերյալ տարբեր գործիչներ տարբեր կարծիքներ ու գնահատականներ են տալիս, պարոն Բաբայանը այս հարցում մի պատասխան ունի. «Բոլոր այդ տիպի շահարկումներ անողները կամ չեն հասկանում՝ ինչ են խոսում կամ զգացմունքային են ու կրկին չեն հասկանում՝ ինչ են խոսում կամ ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից՝ Թուրքիայի, Ադրբեջանի, որոնք տեսնելով, որ Հայաստանի պետականության  վերականգնումը, կապ չունի՝ Հայաստանի, թե Արցախի պետականության վերականգնումը, մեծ հաղթանակ է, փորձում են հայության մեջ երկպառակտում մտցնել:

Որոշ մարդիկ էլ այդ խայծը կուլ են տալիս: Ինչ է նշանակում, ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը կամ Արցախը չի ճանաչվել: Ի՞նչ է, մենք անկախացել ենք ճանաչման համա՞ր, ի՞նչ է մեզ համար անկախությունը: Այո՛, ուզում ենք, ձգտում ենք, որ մեզ ճանաչեն, բայց դա ինքնանպատակ չէ, առավել եւս չպետք է դառնա ինչ-որ մի ֆիքսված գաղափար: Մենք անկախություն ենք ձեռք բերել արյան գնով, անկախության մեջ մեր գոյատեւման գրավականն ենք տեսնում: Նսեմացնել, թե ճանաչված չենք, ուրեմն լիարժեք չէ մեր անկախությունը, կարծում եմ ոչ միայն ճիշտ չէ, այլեւ շատ վտանգավոր է, որովհետեւ դրանով մեր պետության հիմքերն են փորձում խարխլել: Մի պետություն չի ճանաչել, կարող է վաղը ճանաչի, բացի դա, եթե նույնիսկ չճանաչեն, մենք չենք հրաժարվելու մեր անկախությունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930