Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը՝ ԲՀԿ-ականներին. «Հին գեղի տաշտակով եք մնացել, նույն խելքով»

Սեպտեմբեր 02,2016 20:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մեզ էին դիմել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ու Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավար Արմեն Բադեյանը՝ դժգոհելով, որ իրենք իրենց ծախսերով լուսավորել են Գյումրու Ավզնոց թաղամասը, Լալյան, Շահումյան փողոցները, Կազաչի պոստի ու Մսի կոմբինատի հատվածները, սակայն քաղաքապետարանը տրակտոր մտցնելով, լույսերն անջատել է:

001 002 003 004

ԲՀԿ-ականները սա որակում են որպես կեղտոտ տեխնոլոգիա, հակաքարոզչություն ԲՀԿ-ի դեմ: Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ թույլ չի տալիս այդ փողոցների լույսերը վառվեն:

Ի պատասխան մեր հարցի, Սամվել Բալասանյանն ասաց. «Այդ թաղամասում մեր աշխատակիցները շատ վատ պատկերի էին հանդիպել, երբ որ ինքնագործունեության արդյունքում շարքից դուրս են բերել թաղամասի ընդհանուր լուսավորության համակարգը: Այնտեղ լրիվ հալվել են մալուխները, շատ մալուխներ են շարքից դուրս հանվել, ընդհուպ հասել է այն կայանը, որտեղից սնվում է այդ թաղամասի բնակչության լուսավորությունը: Հիմա թաղամասը մթության մեջ է: Ես ասել եմ, որ հանձնաժողովը վերջնական հաշվարկ կատարի և ներկայացնի, որպեսզի մենք համապատասխան որոշում կայացնենք, թե ինչ անենք:

Եթե ամեն մի մարդ, անձնավորություն, որը դուրս գալով քաղաքական մոտիվներից կամ ընտրական ինչ-որ պրոցեսներից սկսում է շիբինապատել, լուսավորություն անցկացնել, ծառեր էտել, տարբեր տեսակի ոչ զգուշացված գործողություններ անել, դա բնականաբար մեր ընդհանուր աշխատանքին լուրջ վնաս է տալիս: Եթե որևէ մեկը ցանկություն ունի փողոց խճապատելու, թող գա, մենք իրեն փողոցների անունները կտանք, պարտադիր թույլատրություն է պետք քաղաքապետարանի կողմից, որպեսզի մենք հասկանանք՝ այդտեղ ջո՞ւր են անցկացնելու, եթե լարումը մեծ է, վառվելու է ընդհանուր համակարգը, փչացնելու է:

Հիմա ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, կամ ծառ են էտում, ո՞ւմ են հարցնում: Չի կարող այդպես լինել, ինքնագործունությամբ որևէ մեկը  թող չփորձի  իրեն քաղաքական ձայներ ապահովել: Ինչո՞ւ  Բադեյանը մինչև հիմա թաղամասում լուսավորություն չէր անցկացնում, նա անցկացնում է, որ իրեն ձայն տա՞ն, մենք մտահոգ ենք բոլոր փողոցների և արտաքին լուսավորության հետ կապված խնդիրների համար, մենք ունենք ծրագիր, որով 15 000 խնայողական լուսակետեր կունենաք, ամեն մի թաղ, փողոց, բակ անպայման կլուսավորենք: Եթե հիմա լուսավորված է քաղաքը ընդամենը 6500 լուսակետերով և բավականին լուսավոր է, դուք պատկերացրեք կրկնապատիկը ինչքան լավ կլինի: Հիմա, որ այդ թաղամասում պրոբլեմներ են ստեղծվել, թաղամասը մթության մեջ է հայտնվել, ո՞վ պիտի տա դրա պատասխանը, ես ուզում եմ հասկանալ:

Բացի դրանից, ո՞վ պիտի վճարի վառած էլեկտաէներգիայի համար, Բադեյա՞նը, թե՞ որևէ այլ կուսակցություն, կուսակցությունները եկել են, թող իրենց քարոզարշավն անցկացնեն իրենց ծրագրերով, ոչ խիճ լցնելով: Սա 99 թվականը չէ, սրանք դեռ հին գեղի տաշտակով են մնացել, նույն խելքով, էդպիսի քարոզարշավ չեն անում, քարոզարշավն անում են նորմալ, քաղաքակիրթ ծրագրերով: Օրինակ՝ ասում եմ եկեք մի բնակարան գնեք, որը կլինի համերաշխության բնակարան՝ 500 000 ուզո՞ւմ ես ծախսել, դրեք, ուղղենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին, մի բնակարան գնենք, տանք մարդկանց: Սխալ բան եմ ասո՞ւմ, հրաժարվում են՝ ասում են՝ դա հնարավոր չէ, հիմա գնում, խճապատում ես, որ քեզ ձայն տա՞ն, դրա համար ես անում  ու բողոքում ես դրա համար, չի կարելի, բարոյական չէ»:

Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանից մեզ մի քանի լուսանկարներ տրամադրեցին վերոնշյալ թաղամասից՝ պնդելով, որ մալուխները վնասվել են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930