Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում խոզերի զանգվածային անկում կա: Բերդ քաղաքից տեղեկացանք, որ Մուղրուզ սարի մոտ գտնվող ուրթատեղերում սատկել է մոտ 150 խոզ,որից մոտ 100-ը պատկանել է Բերդ քաղաքի մի բնակչի: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանն ասաց, որ իրենց գյուղի մի բնակիչի կողմից սարում պահվող 20 խոզերը սատկել են: Այդ բնակիչը հայտնել է, որ ինքը Վրաստանից անասնակեր է ներկրել, խոզերը սատկել են այդ անասնակերից, ինչը պարզվել է սատկած խոզերի օրգանների լաբորատոր հետազոտությունից: Ա. Նիգոյանն ասաց, որ իր համագյուղացին այդ անասնակերից փոխարինաբար տվել է Բերդի բնակիչ մի խոզատիրոջ: Վերջինս նշված անասնակերով կերակրել է իր խոզերին, դրանք նույնպես սատկել են: Խոզերի զանգվածային անկում կա Տավուշի մարզի Կիրանց, Սեւքար, Աճարկուտ, Բաղանիս համայնքներում:
Տավուշի մարզի անասնաբուժական ծառայության կենտրոնի տնօրեն Սերյոժա Քամալյանին հարցրինք խոզերի զանգվածային անկման պատճառը: Նա հայտնեց, որ պատճառը պարզելու համար սննդամթերքի անվտանգության ծառայությունը սատկած խոզերի ներքին օրգաններից փորձանմուշներ է վերցնում, ուղարկում լաբորատոր հետազոտություն,որի արդյունքներով կարող է պարզվել անասունների անկման պատճառը: Ս. Քամալյանը հայտնեց, որ խոզերի հիվանդությունների դեմ պետպատվերով նախատեսված բոլոր պատվաստումները մարզում արվել են, սակայն հիվանդություններ կան, որոնք անբուժելի են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ