Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր կորցրած պետականությունը վերականգնելու, ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն արցախցին փայփայել է դարեր շարունակ» (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 02,2016 17:35

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի սաների ողջույնի խոսքով սկսվեց Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակի առթիվ կայացած տոնական միջոցառումը Քաշաթաղի շրջկենտրոնում՝ Արցախյան գոյամարտի նահատակ-հերոսներին նվիրված հուշահամալիրում: Առավոտյան մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը: Այստեղ էին շրջանի ղեկավարությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, բերձորցիներ, հարևան համայնքների բնակիչներ, հյուրեր: Եկել էին տոնելու մեր երազանքների իրականացման 25-ամյա տարեդարձը:

Հուշահամալիրի խաչքարերին, երեք խոնարհված պատերին, որոնց վրա Քաշաթաղի տարածքում մարտիրոսված 300-ից ավելի նահատակների անուններն են քանդակված, ծաղիկներ խոնարհելուց հետո շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցը հայտարարեց հանդիսավոր մասի բացումը: Հնչեց Արցախի Օրհներգը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ հազարավոր նահատակ-հերոսների, ովքեր իրենց արյամբ կերտեցին մեր Անկախությունը և գծեցին Արցախի սահմանները:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանն իր ելույթում կարևորեց անկախության ձեռքբերումը, որը կայացավ մեր ժողովրդի մաքառումների, պայքարի մարտադաշտում հերոսանալու շնորհիվ:

-Իր կորցրած պետականությունը վերականգնելու, ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն արցախցին փայփայել է դարեր շարունակ, և Արցախյան գոյամարտը դարձավ հայ ժողովրդի միասնականության ու ազգային ինքնագիտակցության զարթոնքի խորհրդանիշ, -ասաց Ա. Մխիթարյանը և անդրադարձավ այս տարվա ապրիլյան պատերազմական իրադարձություններին: -Նախորդ տարիներին մեր Անկախության հռչակման տարեդարձերի ընթացքում հաճախ ենք նշել, որ քաշաթաղցին պատրաստ է՝ հարկ եղած դեպքում դառնալ հայոց բանակի զինվորը: Այսօր այդ մասին կարող ենք խոսել արդեն ոչ թե ապառնի, այլ անցյալ ժամանակով: Ապրիլյան օրերին քաշաթաղցին իրեն դրսևորեց անօրինակ նվիրումով ու հայրենասիրությամբ՝ մեկ մարդու նման ոտքի կանգնեց՝ դիմակայելու նենգ թշնամուն: 1200-ից ավելի քաշաթաղցի հասավ առաջնագիծ և իր պարտքը կատարեց բարեխղճորեն: Ցավոք, ունեցանք 1 զոհ՝ Համլետ Հաջոյանն Աղավնատուն համայնքից և 6 վիրավոր: 1 տարի առաջ անհավասար մարտում հերոսաբար մարտիրոսվեց Աղաձարի բնակիչ, Հայոց բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանը,-շարունակեց խոսքը Ա. Մխիթարյանը՝ հավելելով, որ քաշաթաղցիների բարեխիղճ ու հայրենիքին նվիրվածության մասին հաճախ են նշել մեր երկրի իշխանավորները:

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը նշեց, որ մարդու և ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը տրված է Աստծո կողմից և հավելեց.

-Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, հայ ժողովրդին հաջողվել է պայքարի, դժվարությունների, զրկանքների նաև համախմբվածության, միասնության, նվիրումի ու ինքնակազմակերպման շնորհիվ կերտել 2 անկախ պետություն:

Անդրադառնալով անցած դարասկզբին թշնամու կողմից իրականացրած հայոց կոտորածներին, Հայաստանի առաջին Հանրապետության իրողությանը, Արցախյան գոյամարտի պատմությանը՝ Վ. Մովսիսյանը հավելեց.

-Մայր հայրենիքին վերամիավորվելու համար սկսած Արցախցու պայքարն ակամա վերածվեց ինքնապաշտպանության և անկախության համար մղվող պարտադրված պատերազմի, որի արդյունքում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունը:

Շրջանային զինվորական կոմիսար, մայոր Ստեփան Օհանջանյանն իր շնորհավորական խոսքում ասաց. Արցախի Հանրապետության 25-ամյա տարելիցը մենք վստահաբար տոնում ենք գործը կատարածի գիտակցությամբ: Նշեց նաև, որ Ադրբեջանն այդ 25 տարիների ընթացքում և դրանից առաջ միշտ ձգտել է իր իշխանության տակ պահել Արցախը, սակայն մեր ժողովրդի կամքը չի կարողացել ընկճել:

-Ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ վտանգի պահին հայ ժողովուրդը, անկախ կուսակցական, հասարակական տարբեր թևերում լինելուց, համախմբվում է և մեկ մարդու պես դիմակայում թշնամուն: Այս օրերին հայ զինվորն ավելի մեծ վստահություն ձեռք բերեց սեփական ուժի հանդեպ, իսկ մեր ժողովուրդն առավել հավատ ու վստահություն ունեցավ դեպի իր զինվորը:

Շրջանից շատ ազատամարտիկներ ու այլ ոլորտների ներկայացուցիչներ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների կողմից արժանացել են խրախուսանքների, որոնք կտրվեն մոտակա ժամանակներում: Օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կայացան շրջանի շատ բնակավայրերում:

qashatax_21 qashatax_20 qashatax_19 qashatax_18 qashatax_17 qashatax_16 qashatax_15 qashatax_14 qashatax_13 qashatax_12 qashatax_11 qashatax_10 qashatax_9 qashatax_7 qashatax_6 qashatax_5 qashatax_4 qashatax_3 qashatax_2 qashatax_1 qashatax_22

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930