Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրանույշ Պապյանի պահանջները Վլադիմիր Գասպարյանից ավելացել են

Սեպտեմբեր 02,2016 16:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց «լրագրողն ընդդեմ ոստիկանապետի» գործով քննությունը: www.1in.am կայքի լրագրող Սիրանույշ Պապյանը, հիշեցնենք, դիմել է ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի`պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու հայցով:

Հիշեցնենք, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում, լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանության բարեփոխումները տեսանելի չեն, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»:

Նախնական դատական նիստը մեկ անգամ արդեն հետաձգվել էր` հայցի լրացման համար: Այսօր նիստը հետաձգվեց պատասխանողի միջնորդությամբ: Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը օգոստոսի 31-ին միջնորդություն էր ներկայացրել դատարանին`նշելով, որ ամսի 29-ին ստացել է լրացումները: Պատասխանողի ներկայացուցիչը նկատել էր, որ հայցվորն, ըստ էության փոխել է հայցի առարկան, քանի որ երկու կետով հայցապահանջի ավելացում կա:

Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին, ժամը 14. 30-ին:

Siranush_Papyan_2

Սիրանույշ Պապյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ նախկին հայցադիմումով իր հայցորդը պահանջում էր, որպեսզի ոստիկանապետը հրապարակային ներողություն խնդրի: Այժմ իրենք պահանջում են, որպեսզի դատարանը ճանաչի եւ հաստատի նաեւ հայցվորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստը: Երրորդ պահանջը հետեւյալն է. «Խնդրում ենք դատարանը ճանաչի եւ հաստատի այն փաստը, որ իմ վստահորդը ենթարկվել է գենդերային խտրականության եւ սեռի հատկանիշներով նրա նկատմամբ իրավունքները սահմանափակվել են»:

Փաստաբանի համոզմամբ, իրենց պահանջները հիմնավոր են եւ դատարանի կողմից պետք է բավարարվեն, մանավանդ, որ ներկայացված տեսանյութում բոլոր հիմնավորումներն առկա են:

Սիրանույշ Պապյանի մյուս պաշտպան Միհրան Աղաբաբյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ իբրեւ հիմք իրենք ներկայացրել են նույն տեսանյութը`ավելի մանրամասնորեն վերլուծված:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, Դավիթ Ասատրյանն ասաց, որ իր վստահորդը բարոյական վնասի նյութական փոխհատուցման պահանջ չունի պատասխանողից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930