Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսանք, ԼՂ-ն կդառնա միջազգային իրավունքի սուբյեկտ». Արման Նավասարդյան

Սեպտեմբեր 02,2016 14:39

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ, Արցախի անկախության ճանաչումը միջազգային կարեւոր իրադարձություն է եղել ու կարող է մտնել ազգային ազատագրական պատմության մեջ:

«Ղարաբաղյան շարժման հանգուցալուծումը այդ ժամանակ որոշակի դեր ունեցավ նաեւ ԽՄ փլուզման գործում, հուսանք, որ այն ինչ սկսվել է, պետք է շարունակվի, նկատի ունեմ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու առումով: Հարցի լուծումներից մեկը պետք է լինի, որ ստանալով անկախություն կամ պետք է դառնա անկախ պետություն իր բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ինչպես նաեւ ճիշտ կլիներ, որ Արցախը միանար ՀՀ-ին ու դառնար մեկ պետություն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Արման Նավասարդյանը:

Ըստ նրա, անկախ նրանից՝ Արցախը համարվում է միջազգային իրավունքի սուբյեկտ, թե ոչ, Արցախը անքակտելիորեն կապված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Ըստ նրա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կարող են անդրադառնալ ինչպես Հայաստանի, այնպես ել ԼՂ-ի ճակատագրի վրա. «Առաջինը՝ Մերձավոր Արեւելքն է, ԼՂ-ն եւ ՀՀ-ն մեծ Մերձավոր Արեւելքի անքակտելի մասնիկն են: Ռազմական գործողություններն այստեղից ընդամենը 250 կմ հեռավորության վրա են իրականացվում: Իսկ Սիրիայում լրիվ նոր իրադրություն ստեղծվեց, նոր պատերազմական օջախ ստեղծվեց սիրիական սահմանին: Թուրքիան, կարծես թե, եւ ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին համոզեց՝ պայքարելու է ԻՊ-ի դեմ, բայց դրանից հետո ցույց տվեց երեք մատների կոմբինացիա, առ այսօր շարունակվում են թեժ ռազմական գործողություններ: Խոսքը չի գնում ԻՊ-ի դեմ պայքարին, այլ քրդական շարժման դեմ թուրքական կառավարության վարած քաղաքականությանը: Թուրքիան պահանջում է, որ քրդական շարժումն անցնի Եփրատի ձախ ափը, եւ այս բոլորի հետեւում բացի աշխարհաքաղաքական շահերից, փողային հարցն է, մեծ փողեր՝ կապված սեւ նավթի հետ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930