Արցախի անկախության 25 ամյակին ընդառաջ մշակույթի գործիչները վեր են հանում այս տարիների ձեռքբերումներն ու բացթողումները:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ազգային պարարվեստի գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը մտահոգություն հայտնեց, թե մեր ամենաթույլ օղակը դիվանագիտությունն է. «Պետք է ոչ թե ընկնել այսօրվա դիվանագիտական բարդությունների մեջ, այլ օգտագործել պատմական իրողությունը: Արցախը անկախ պետություն է, բայց նրան բանակցային գործընթաց չվերադարձնելը կոպիտ բացթողում է»:
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ նկատեց, թե մեզ թվում էր, որ անկախության հռչակագրով կամ հանրաքվեով գործն ավարտվում է, բայց իրականում նոր է այն սկսվում. «Չեմ կարող ասել, որ ամեն ինչ արված է և ոչինչ արված չէ: Բայց կարծում եմ՝ ավելի շատ բան կա անելու: Պետք է իրական ազատության ու անկախության առումով ապացուցենք ինքներս մեզ, որ դադարեն տարաբնույթ ու անհեթեթ խոսակցությունները: Իսկ դրանք կդադարեն այն ժամանակ, երբ ինքներս մեր ուժին ու կայացված որոշմանը կհավատանք»:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը 25 տարին հրաշալի տարիք համարեց աշխատանքի անցնելու համար. «Բանակում ծառայել ես, համալսարանն ավարտել, հիմա մտնում ես կյանք, պիտի աշխատես: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը դառնում են 25 տարեկան: Երիտասարդ, հրաշալի տարիք է, երբ միտքն ու էներգիան լի են»:
Կարդացեք նաև
Բերելով Սախալինի օրինակը, երբ ռուս զինվորներն իրենց զենքով, այնուհետև Չեխովն իր գրականությամբ այն դարձրին ռուսական հող, հրապարակախոսը մտահոգություն հայտնեց, թե Ղարաբաղը պայքարեց, հաղթեց, սակայն մինչև այսօր ըստ էության որևէ էական գիրք չի ստեղծվել Ղարաբաղի մասին. «Կան, բայց հիմնականում նկարագրական են, ինչ-ինչ պատմություններ են պատմում,որտեղ հեղինակի շուրջ է ամեն ինչ պտտվում, բացառությամբ Խեչոյանի պատմվածքների: Չի բացահայտված ու արժևորված Ղարաբաղի էությունը, որպեսզի մենք կարողանանք ըստ էության ձևակերպել և՛ մեր հաղթանակը, և՛ արցախցու բնույթը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ