Պաշտպան Ինեսա Պետրոսյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ տեսակցելու իր պաշտպանյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանին և Արմեն Լամբարյանին:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Պետրոսյանը տեղեկացրեց, որ իր մուտքը խոչընդոտելու հիմնավորումը եղել է լրացուցիչ զննությունը. «Ինչ-որ իգական սեռի աշխատակից եկել ու զննել էր իմ պայուսակները, բայց անգամ դրանից հետո ինձ փորձում էին այդտեղից վերադարձնել այլ վայր, որտեղ ես պետք է լրացուցիչ զննություն անցնեի»:
Տիկին Պետրոսյանը պատմեց, որ երեկ նախատեսված էր նաև քննչական գործողություն, ու իր հետ էր նաև ՀՔԾ քննիչը:
Տիկին Պետրոսյանը չցանկացավ խոսել իր մտադրությունների մասին՝ նշելով, թե երբ ամբողջությամբ ծանոթանա՝ խնդիրն ինչու է, այդ ժամանակ կորոշի իր քայլերը:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ արդյոք իրավական տեսանկյունից իրեն խոչընդոտելն արդարացվա՞ծ է, տիկին Պետրոսյանը պատասխանեց. «Նույն կարգն ու օրենքը միշտ գործել է, բավականին երկար ժամանակ, աշխատել ենք: Նույն «Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում» դրանից առաջ էլ մուտք գործել ենք և որևէ խնդիր չի եղել ու հանկարծ երեկ ինչ-որ խնդիրներ ծագեցին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ