«Ժողովուրդ»-ը 2016թ. օլիմպիական խաղերի ընթացքի եւ առաջացած հարցերի շուրջ զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ:
– Անմխիթար վիճակում է գտնվում Գյումրիում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը։ Որտե՞ղ են ծախսվում պետբյուջեից փոխանցված գումարները։
– Ուրեմն կառավարության կողմից կա հաստատված ծրագիր, վերանորոգման հիմնանորոգման, մարզադպրոցների մասին է խոսքը, եւ 9 մարզադպրոց հանձնվել է, ընթացքի մեջ է: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հայտը ներկայացված է, եւ 2017 թվականին այդ շինարարությունը սկսվելու է։
– Ռիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի ժամանակ մրցավարական բացահայտ կողմնակալության պատճառով մեր մարզիկը զրկվեց ոսկե մեդալից։ Ինչո՞ւ մեր պետությունը բողոք չի ներկայացնում կողմնակալ մրցավարների դեմ եւ չի պաշտպանում մեր մարզիկին։
Կարդացեք նաև
– Ի՞նչ է նշանակում չի պաշտպանում։
– Ի՞նչ եք արել, որ մրցավարները ակնհայտ կողմնակալ վարք դրսեւորեցին։
– Այո՛, ես համամիտ եմ, ընդ որում, դա մեր աչքի առջեւ է եղել, գիտեք, յուրաքանչյուր ոլորտում լինում են անարդարություններ, սպորտում էլ է լինում։ Ու չեմ ուզում նման կարծիք ստեղծվի, որ լինելով Ռիոյում՝ սպորտային ղեկավարությունը ոչ մի բան չարեց։
– Կոնկրետ ի՞նչ արեց։
– Ես չեմ կարող հիմա բացել բոլոր չակերտները եւ ասել, պետք չէ։
– Գոնե որոշակի բաներ ասեք, հասկանանք. ինչ-որ բան արվե՞լ է, թե՞ ընդամենը խոսում եք։
– Ձեզ ասեմ՝ընդհանրապես, երբ որոշումը կայացվում է, յուրաքանչյուր մարզաձեւում հետ ուժ չունի, բացառվում է, որ օլիմպիական մեդալը ուրիշ մարզիկից վերցնեն եւ տան մեզ։ Մենք կհասնենք նրան, որ որակազրկեն մրցավարներին եւ այլն, եւ այլն։
– Վստա՞հ եք, որ կհասնենք։
– Բնական է, ես կարծում եմ, որ կլինի, բայց դա ոսկին հետ չի բերի։
– Դա հասկանալի է, գոնե հասնենք նրան, որ մրցավարները այսուհետ հաշվի նստեն մեզ հետ, եւ մեր մարզիկները պաշտպանված լինեն։
– Հայտարարում եմ՝ մեր մարզիկը պետության կողմից պաշտպանված անձ է, դա հավաստի ասում եմ։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում