Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ապրիլին պետք էր ճանաչել Արցախի անկախությունը, անցկացնել հանրաքվե ու այն վերամիավորել Հայաստանին». քաղաքագետ

Սեպտեմբեր 02,2016 11:47

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով, Արցախը չստացավ լիարժեք անկախություն, որովհետեւ Արցախի զգալի մի հատված ադրբեջանցիների տիրապետության ներքո է:

«Գործ ունենք խաղի հետ, ստեղծել ենք մի խաղ, որը դիվանագիտական խաղ էր, մեր կարծիքով՝ չափազանց խելացի աշխարհին խաբելու համար ու մեզ համար մանեւրելու տեղ թողնելու համար, բայց մենք խաբեցինք միայն մեզ ու որեւէ մեկին, բացի մեզնից չխաբեցինք:

Անկախ Արցախի գոյությանը չեմ հավատում, որովհետեւ Արցախը ամբողջությամբ կախված է ՀՀ-ից ու դրա մեջ որեւէ վատ բան չկա: Բայց այդ անկախությունը նշանակում է մեր հաղթանակի չավարտվածությունը, Արցախի անկախությունը հռչակվեց, որ հաջորդ քայլով Արցախը միացվեր Հայաստանին:

Արցախի անկախությունն այսօր որեւէ մեկի կողմից ճանաչված չէ, նույնիսկ Հայաստանի կողմից, եւ Արցախը դե յուրե միացված չէ ՀՀ-ին, ու մենք դեռ շարունակում ենք բանակցել մի ձեւաչափով, որը վաղուց սպառվել է, հատկապես ապրիլից հետո: Հենց ապրիլին պետք էր ճանաչել Արցախի անկախությունը, անցկացնել հանրաքվե ու այն վերամիավորել Հայաստանին ու փակել այդ հարցը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, Ադրբեջանը պատրաստվում է շատ ավելի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների. «Մենք շարունակում ենք մնալ 90-ականների սկզբի մտայնությանը, որ Արցախը պետք է անկախ լինի, միջազգայնորեն ճանաչված: Իսկ ինչ է տալու միջազգային ճանաչումը Արցախին, եւ ով կարող է ճանաչել Արցախը, եթե ՀՀ-ն չի ճանաչում գոնե պաշտոնապես: Գործ ունենք ինքնախաբեության հետ: Պետք է ավելի լուրջ մոտենանք խնդրին, հասկանանք՝ անկախությունն ինչ նպատակի էր ծառայում, անկախության հռչակագրի առաջին օրը հրաշալի օր էր, կարեւոր հանգամանք էր, բայց գործը կիսատ թողեցինք ու մնացին հին մտայնությամբ» :

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով էլ, Արցախի առանձնացումը կարեւոր էր բանակցային գործընթացում, ըստ նրա Արցախի քաղաքական էլիտան ՀՀ քաղաքական էլիտայից տարբեր մոտեցում ուներ խնդրին, եւ իր համար սարսափելի կլիներ պատկերացնել, որ խնդրի կարգավորման մասին իր մոտեցումները չի արտահայտում Արցախի քաղաքական էլիտան, այլ այդ ամբողջովին տրվեր ՀՀ քաղաքական էլիտային:

Անդրադառնալով Արցախի անկախության հռչակման 25 ամյակին՝ տիկին Ալավերդյանը այդ իրադարձությունը համարեց պատմական հեղաշրջմանը հավասարազոր գործընթաց, որտեղ հայությունը ցուցաբերել է վերին աստիճանի գրագետ օրենքներին համաչափ, միջազգային իրավունքին համապատասխանող քայլեր:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի անկախության հռչակման 25 ամյակն է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930