Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը

Սեպտեմբեր 02,2016 11:14

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ Ուկրաինայի գործերին միջամտելու պատճառով:

Պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ռուսական «Մոստոտրեստ» և «ՍՄԳ-Մոստ» շինարարական ընկերությունները, որոնք ներկայումս մասնակցում են Կերչի նեղուցով դեպի Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ կամուրջի շինարարությանը, ինչպես նաև «Գազպրոմի» մի շարք դուստր ընկերություններ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Գազպրոմբանկի» հետ կապված «Միավորված մեքենաշինական գործարաններ» ԲԲԸ-ն, որը պատժամիջոցային ցուցակում ներառվել էր դեռ 2014թ.:

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեր գործընկերների հետ դատապարտում է Ռուսաստանի կողմից միջազգային օրենսդրական նորմերի խախտումը, և մենք շարունակում ենք պատժամիջոցների ռեժիմն այն գործերի նկատմամբ, որոնք սպառնում են Ուկրաինայի խաղաղությանը, անվտանգությանը և ինքինիշխանությանը»,- հայտարարել է Ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների հարցերով վարչության գործադրիր տնօրենի պաշտոնակատար Ջոն Սմիթը:

Պատժամիջոցների նոր փաթեթում տեղ են գտել նաև ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» և «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» 6 ներկայացուցիչներ և Ղրիմից 11 պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարներ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը և «Գազպրոմը» առայժմ չեն մեկնաբանել Վաշինգտոնի այս որոշումը, սակայն նախկինում ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչի Ջոն Քիրբին հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու տեղեկատվությունը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը «հետագայում էլ կշարունակի պատժամիջոցներ կիրառել՝ ստիպելու Ռուսաստանին հետևել Մինսկի պայմանավորվածություններին և դադարեցնել Ղրիմի շրջափակումը»:

Քիրբին նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930