Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Ղազարյանը խաղողի մթերման նոր լուծումներ է առաջարկում

Սեպտեմբեր 02,2016 11:06

«Պետք է մտածել խաղողի հյութ արտադրելու մասին,
որը ինչ-որ չափով կլուծի այս խնդիրը»,- ասում է գործարարը

Գյուղացիները մինչեւ ծայրահեղ քայլերի չեն դիմում՝ կառավարության պատասխանատուները նրանց ձայնը չեն լսում: Երեկ էլ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները, ինչպես որ խոստացել էին, երեխաներին դպրոց չեն ուղարկել: Աղավնաձորցիներին «Վեդի Ալկո» ընկերությունը դեռեւս անցած տարվանից պարտք է 140 միլիոն դրամ` մթերած խաղողի դիմաց: Գյուղացիների խոսքերով՝ եթե անցած տարի կառավարությունը մթերող ընկերություններին հորդորում էր մթերել խաղողը, ապա այժմ եւս պետք է կանգնի այդ ընկերությունների կողքին, վարկավորի, որպեսզի նրանք էլ կարողանան վճարել իրենց պարտքերը. «Վեդի Ալկոն» ի՞նչ մեղք ունի, երբ պետությունը օգնության ձեռ չի մեկնում նրան»,- նշում են գյուղացիները:

Agavnadzor_2

Մեծահասակների հետ բողոքի էին դուրս եկել նաեւ աշակերտները, որոնք ողջ տարին ծնողների հետ աշխատել են խաղողի այգիներում, եւ այսօր այդ նույն ծնողը չի կարողանում հոգալ նրանց տարրական կարիքները: Կանայք եւս բորբոքված էին, ամաչելով էին նշում իրենց խնդիրները. «Ես կարիքից ելնելով՝ ընկել եմ սարերից ուրց եմ հավաքել, որ բերեմ իմ երեխաների կարիքները ապահովեմ: Երեխաներն էլ են մեզ հետ հոգեկան ապրումներ ունենում: Ինչի՞ պետք ա հիմիկվանից էդ երեխայի հոգեկան անդորրը խաթարվի: Էս տարիքիս փողոց դուրս չէի եկել, իսկ այսօր ցույցի եմ դուրս եկել»: Նրանցից մեկն էլ նշեց, որ թեպետ տանը դպրոցահասակ երեխա չունեն, բայց փոխարենը 4-րդ կուրսի ուսանող ունեն, որի ո՛չ վարձն են կարողանում վճարել, ո՛չ էլ Երեւանում վարձակալած բնակարանի համար:

 

«Ինձ ամոթ ա, որ եկել հասել եմ էստեղ, ինչի՞ պետք ա գամ, մի՞թե մենք ղեկավար չունենք, մի՞թե նա չի տեսնում իր ժողովրդի վիճակը: Մի ժամանակ, որ ուրիշ գյուղերից էին գալիս մեր գյուղ աշխատելու, ապրելու համար, այսօր մեր գյուղացին ա փախնում իր գյուղից»,- մեզ հետ զրույցում ասաց մեկ այլ աղավնաձորցի:

Agavnadzor_3
Բողոքի ցույցից ժամեր անց աղավնաձորցիներին հանդիպեցին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը եւ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:

Marzpet_Ararat
«Ես երբեւէ սուտ չեմ ասել եւ ոչ մեկի չեմ խաբել, հիմա ես եկել եմ ձեզ ուղղակիորեն վստահեցնեմ՝ 15 օր ժամկետ տվեք, այդ ընթացքում այդ հարցը կկարգավորենք, որպեսզի ընկերությունը այդ գումարները ստանա եւ ձեր գումարները բաժանի»,- նշեց Հարություն Սարգսյանը` ավելացնելով, որ երեխաները մեղավոր չեն, եւ այդ ընթացքում նրանց դպրոց ուղարկեն, եւ եթե մի ակցիա այդ ընթացքում կազմակերպեցին, նա էլ այդ գումարների հետ գործ չի ունենա: Գյուղացիներն էլ իրենց հերթին ասացին, որ սա եթե կառավարության կողմից լսեին, չէին հավատա, բայց իրենց մարզպետին սիրում ու հարգում են, ուստի հավատում են, որ նա այդ հարցը կկարգավորի:

Agavnadzor-2
«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը «Առավոտ» եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ հիմա այնպես է ստացվել, որ իրացման ծավալները ընկել են` կա խաղողի ավելցուկ: «Այն ժամանակ, որ տարեկան միլիոն 200 շիշ գինի էինք վաճառում, հիմա վաճառում ենք 500 հազար շիշ գինի: Այս տարի բանկի տոկոսն էլ չենք կարողացել վճարել: Արտահանման ծավալները այնքան քիչ են, որ չենք հասցնում մեր աշխատողների աշխատավարձերը նույնիսկ վճարել»:
Գործարարի խոսքերով` մինչեւ հիմա 2011 թվականի խաղողից ստացված գինին են վաճառում, մեկ ամսից կավարտվի, կանցնեն 2012 թվականի գինիներին: «Պահեստներում այնքան գինի ունենք, որ մի 5 տարում չենք կարող իրացնել: Մեր ընկերության ամբողջ գույքը գրավադրված է, տարիներ շարունակ վարկը ստացել ենք, ժողովրդին վճարել ենք, անընդհատ ընկել ենք լրացուցիչ տոկոսների տակ, քանի որ լրացուցիչ բեռ ենք վերցրել մեզ վրա, որպեսզի ժողովրդի խաղողը մթերվի»,- նշեց պարոն Ղազարյանը:

Agavnadzor_4

Հարցին՝ արդյո՞ք այս տարի կկարողանա մթերումներ իրականացնել` նա պատասխանեց. «Այս տարի վստահ կարող եմ ասել, որ խաղող չենք մթերելու, եթե այս տարի չենք կարողանում վճարել անցած տարվա խաղողի գումարները, այս տարի ինչպե՞ս կվճարենք: Միշտ մթերումներով զբաղվել է գյուղատնտեսության նախարարը եւ ամեն անգամ ասել է` մենք ձեզ կօգնենք, ու համենայնդեպս՝ ես ոչ մի օգնություն չեմ տեսել»:
Փոխարենը գործարարը այլ ելք է առաջարկում պահածոների գործարաններին. «Պետք է մտածել խաղողի հյութ արտադրելու մասին, որը ինչ-որ չափով կլուծի այս խնդիրը»:
Նա նշեց նաեւ, որ Վրաստանում խաղողի ավելցուկը պետությունն է ընդունում, վերամշակում, ստանում է սպիրտ, որն էլ աճուրդով վաճառում է. «Խաղողագործներին մթերված խաղողի դիմաց մի մասը պետությունն է վճարում, մի մասը` մթերող ընկերությունը: Խնդիրը չի թողնվում մթերող կազմակերպության վրա:

Ամբողջ աշխարհում է այդպես` գյուղատնտեսությունը եթե դոտացիա չունենա, չի կարող գոյատեւել»:

 

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

02.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930