Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ. Արցախյան Հարցի կարգավորման որեւէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնվազն` Արցախի անկախությունը

Սեպտեմբեր 02,2016 10:59

ՀՅ Դաշնակցության Հայտարարությունը Արցախի Հանրապետության հռչակման 25-֊ամյակի առիթով

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության, ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի առանց համահայկական միասնության ու ներուժի համախմբման:

Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետության անվտանգության ապահովումը: Այսօր պատեհ առիթ է մեկ անգամ եւս վերահաստատելու այս առումով ՀՅԴ դիրքորոշումները.

1.- Արցախյան Հարցի կարգավորման որեւէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնվազն` Արցախի անկախությունը։

2.- Արցախի սահմանները ճշտելիս, պետք է առաջնորդվել պատմական իրավունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով:

3.- Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։

4.- Առ այդ ՀՅ Դաշնակցությունը ՝

– Շարունակում է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը։ Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը։
– Պաշտպանում է ԼՂՀ-ն որպես լիիրավ բանակցային կողմ ներառելու պահանջը։
– Հետամուտ է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպես ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխիքի։
– Անընդունելի է համարում ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչման եւ տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված առաջնահերթ լուծում չպարունակող որեւէ կարգավորում:
– Դեմ է վերոնշյալ պահանջը անտեսող որեւէ «փուլային» լուծման տարբերակի եւ միակողմանի կամ ապագա լուծումների ակնկալիքով որեւէ զիջումի։ Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա եւ փաթեթային լուծման շրջանակներում:
– Պաշտպանում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ակտի անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում։
– Հետամուտ է, որպեսզի Ադրբեջանի կողմից 1994-1995թթ. Եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղյալ համարելու բոլոր ճիգերը դատապարտվեն միջազգային համայնքի կողմից։
– Համոզված է, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության երաշխավորները նախ եւ առաջ ՀՀ Զինված ուժերն ու ԼՂՀ Պաշտպանության բանակն են։ Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման եւ վերահսկման արդյունավետ միջոցներ կիրառվեն Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար։
– Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայության ներուժը՝ արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակա խնդիրներ է համարում Արցախի բնակչության աճի եւ տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղված համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը։

 
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2 սեպտեմբերի 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930