Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական կշիռը եւ «Հյուսիս-Հարավի» գումարների մսխումը

Սեպտեմբեր 02,2016 15:00

Իրանագետ Վարդան Ոսկանյանը`
Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին

«Հայ-իրանական վերջին զարգացումները չափազանց կարեւոր նշանակություն ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրանագետ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Մեր զրուցակիցը նկատի ունի Իրանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը եւ Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու հիմնումը: Դեռ օգոստոսի կեսերին Մեղրիի տարածաշրջան կատարած այցի ժամանակ մաքսակետի աշխատակիցները վարչապետին տեղեկացրել էին, որ Իրանի հետ վիզային ռեժիմի վերացման արդյունքում էականորեն ավելացել են ուղեւորափոխադրումները: Վարչապետն էլ հանձնարարել էր նվազագույնի հասցնել մաքսակետով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն, արագ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտուն, ՀՀ կառավարությունում ակնկալում են, որ այն առարկայական կդարձնի Իրանի հետ առեւտրատնտեսական եւ արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձեւավորվեն եւ կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության եւ իրանական շուկաներ: Ենթադրվում են նոր արտադրությունների կազմակերպում, արտահանում, վերամշակող ձեռնարկությունների ստեղծում: Այս ամենը, բնականաբար, ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր:

Հարցին` արդյոք ուշացած չե՞ն այս նախաձեռնությունները, քանի որ լինելով Իրանին աշխարհագրական առումով ամենամոտ երկրներից՝ Հայաստանը վերջիններից մեկն է կապերն ամրապնդում՝ այն պարագայում, երբ մեր հարեւան եւ հակառակորդ Ադրբեջանն արդեն իսկ տարբեր ծրագրեր է իրականացնում Իրանի հետ, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Իրան-Հայաստան, Իրան-Ադրբեջան հարաբերությունները եթե համեմատելու լինենք, պետք է հարդը ցորենից տարբերենք»: Ադրբեջանա-իրանական հարաբերություններում, ըստ նրա, հռետորաբանությունը գերակշռում է արվող կամ արվելիք ծրագրերին: Եվ այս իմաստով նա կարծում է, որ Իրան-Հայաստան հարաբերություններն ավելի բարձր մակարդակում են՝ մանավանդ քաղաքական հարաբերությունները:

«Նույնիսկ տնտեսական ոլորտում, եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի շատ ֆինանսական ռեսուրս ունի եւ դրանց տեղաշարժերի հաշվին կարողանում է իր տնտեսության մեջ որոշակի խնդիրներ կարգավորել, ապա հայ-իրանական տնտեսական հարաբերությունները պետք է գոհացուցիչ գնահատել»,- ասաց մեր զրուցակիցը: Ընդ որում, վիզային ռեժիմի չեղարկումը մեր զրուցակիցն արդեն իսկ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարձր վստահության ցուցիչ է համարում: «Ընդամենը մեկ տարի է անցել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից, եւ այդ մեկ տարվա ընթացքում Հայաստանը մի քանի կարեւոր ծրագիր է իրականացնում: Ընդ որում, եթե մի կողմ թողնենք ավելի, այսպես ասած՝ փոքր դաշտերը եւ դիտարկենք միայն խոշոր նշանակության ծրագրերը, դրանք քիչ չեն` բարձրավոլտ էներգագծի կառուցման ծրագիրը, որի աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այդ գծի կառուցումից հետո իրանական գազի ծավալների առնվազն եռակի ավելացում է նախատեսվում Հայաստանում, որի դիմաց մենք նույնքան անգամ էլեկտրաէներգիա պետք է ավելի մատակարարենք Իրանին: Հաջորդը Հայաստանի տարածքով Վրաստան գազի փորձնական արտահանման ծրագիրն է, որը չափազանց մեծ կարեւորություն ունի, ու դրա իրականացման նպատակով Հայաստանում անգամ առանձին կազմակերպություն է ստեղծվել: Եթե մի քիչ փակագծերը բացենք, այդ կազմակերպությունը զբաղվելու է ոչ միայն Վրաստանում, այլեւ երրորդ երկրներում իրանական գազի վաճառքով»,- ասաց իրանագետը:

Իրան-Հայաստան ազատ տնտեսական գոտու մասով էլ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ դրա շահարկումն առնչվում է ոչ միայն երկու երկրների տնտեսական շահերին եւ համագործակցությանը. «Այն, ըստ էության, ապահովում է ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները: Այս հարցի հնարավորինս արագ եւ որակյալ իրականացումը լուրջ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար՝ որպես կապող օղակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հայաստանյան կողմը պետք է շատ արագ կարողանա լրջագույն ջանքեր գործադրել եւ կարգավորել կոմունիկացիաների, մասնավորաբար՝ ճանապարհների խնդիրը. «Մենք կարիք ունենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հնարավորինս արագ կառուցման: Դա հնարավորություն կտա իրանական բեռնափոխադրումները դեպի Հյուսիս իրականացնել ՀՀ-ի տարածքով: Այսինքն՝ իրականում դառնալ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող կարեւորագույն միջանցք: Հաջորդը հայ-իրանական երկաթուղու համար ֆինանսավորման հայթայթումն է»: Այս հարցն, ի դեպ, բոլորովին վերջերս արծարծվել էր նաեւ չինական բարձրաստիճան պատվիրակության` Հայաստան այցի շրջանակներում: «Այս ոլորտներում հնարավորինս պետք է աշխատանքներն արագացնենք եւ որակյալ իրականացնենք:

Միայն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին էական նշանակություն ունի ՀՀ-ի ոչ միայն տնտեսական շահերի տեսանկյունից, այլ նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական իմաստներով: Սեւ ծովը Պարսից ծոցին կապող Հայաստանը բոլորովին այլ աշխարհաքաղաքական կշիռ կարող է ունենալ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում, քան այն նշանակությունն է, որն այսօր ունենք»,- ընդգծում է մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով Հայաստանի կշռի բարձրացումը նաեւ հայ-վրացական հարաբերություններում: Այդպիսով, ըստ նրա, Հայաստանը կարող է Վրաստանի համար այլընտրանք դառնալ` ադրբեջանա-թուրքական կախվածությունից դուրս գալու տեսանկյունից: Նրա կարծիքով՝ դա Հայաստանի համար կարող է նաեւ որոշակի ազդեցության լծակ դառնալ մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ երկրում: «Հետեւաբար Հայաստանի քաղաքական վերնախավի, հասարակության համար ճանապարհների խնդիրը պետք է առաջնային նշանակություն ունենա: Աններելի է այս ոլորտում դանդաղկոտության դրսեւորումը, միջոցների ոչ արդյունավետ ծախսը: Այս դաշտում ավելի օպերատիվ եւ արդյունավետ կառավարման կարիք կա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

01.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930