Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը գնահատում է «համեստ» ու «խոնարհ» աշխատողներին

Սեպտեմբեր 02,2016 12:00

Ռուսաստանի հետ բարեկամության եւ համագործակցության
ամրապնդման գործում ինչ-որ ներդրո՞ւմ է տեղի ունեցել

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները իրապես պետք է ռազմավարական լինեն՝ ոչ թե խոսքով, այլ գործնականում: Հայ-ռուսական հարաբերությունները պետք է գործընկերային լինեն` անկախ Ռուսաստանի եւ Հայաստանի կշիռների ու ազդեցության տարբերություններից:

Բայց Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք համարում են, որ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է համեստ լինի, «գլուխը» կախ, խոնարհ լինի, որպեսզի չպատժվի, ապտակ չստանա մայր Ռուսաստանից: Բայց երբեք այս մարդիկ չեն հարցնում` ինչո՞ւ է այնպես ստացվում, որ հենց այդպիսի Հայաստանն է հաճախ պատժվում, ապտակներ ստանում ու նսեմացվում Ռուսաստանի կողմից:

Ukaz

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով պարգեւատրելու մասին: «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյանին պարգեւատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Պարգեւատրման նույն ցանկում Նալբանդյանին ընկերակցել է, ՌԴ Բարեկամության շքանշանով է պարգեւատրվել նաեւ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի ղեկավար Պանի Յատխոտուն:

Պետությունների միջեւ ընդունված կարգ է տարբեր շքանշաններով պարգեւատրելը` ընդգծելու համար երկու պետությունների միջեւ արդյունավետ համագործակցության մակարդակը: Բայց տարօրինակն այն է, որ այսօր, երբ անկախ Հայաստանի 25-ամյա պատմության մեջ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում անկեղծությունը ամենակասկածելին է, հենց այս շրջանում է Պուտինը պարգեւատրում Նալբանդյանին:
Վերջին տարիներին հատկապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բավական փորձություններով անցան: Ամեն առիթով Ռուսաստանը ցույց տվեց, որ պատրաստ է տրորել Հայաստանի «համեստությունն» ու «խոնարհությունը»: Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններն արդեն կասկածի տակ են առնում մարդիկ, որոնք երբեք այդ հարաբերությունները չեն քննադատել, մշտապես պաշտպանել են Մոսկվայի քաղաքականությունը:

Հայաստանը մի կողմ դրեց շուրջ չորս տարի ԵՄ-ի հետ բանակցած Ասոցացման համաձայնագիրն ու անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որպեսզի, իբր, «ապահովի Հայաստանի անվտանգությունն» ու «կանխվի Ադրբեջանի կողմից պատերազմը»: Բայց սա էլ բավարար չէր, որպեսզի Ռուսաստանը գոնե դրանից հետո չզինի Հայաստանի ու Արցախի հակառակորդ Ադրբեջանին:

Հայաստանը զրկված է իր էներգետիկ, անվտանգության համակարգերը դիվերսիֆիկացնելու հնարավորությունից, որովհետեւ բոլոր թելերով կապված է Ռուսաստանին: Բայց նույնիսկ սա ծանրակշիռ հիմք չէ, որպեսզի ռուսական կողմը հարկ եղած դեպքում Հայաստանի հետ քննարկի տարածաշրջանային նոր նախաձեռնությունները:

Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու շաբաթ անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում մի թթու խոսք չասաց Ալիեւի ռեժիմի հասցեին` պատերազմ սանձազերծելու համար: Դա այն օրերին, երբ ողջ հայ ժողովուրդը ցավ էր զգում, որ հայ զինվորները սպանվել են ռուսական հարձակողական զենքից:

Քառօրյա պատերազմից 10 օր անց Երեւանում էին ՌԴ խորհրդարանականները եւ ավանդույթի համաձայն՝ համատեղ հայտարարություն պետք է ստորագրեին: Բայց ռուսական կողմի «ձեռքերը կապված էին», չէին կարող իրենց թույլ տալ հայերի հետ համատեղ քննադատել Ալիեւի սանձարձակ քաղաքականությունը: Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը վստահեցրեց, թե համատեղ հայտարարություն չընդունելու պատճառն ընթացակարգային է, մշակված տեքստը պետք է նախ համաձայնեցնեն խորհրդարանի մյուս հանձնաժողովների հետ։ Անցան ամիսներ, այդպես էլ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովները հայտարարություն չընդունեցին։

Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությունը ո՛չ ԱՊՀ-ի, ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի եւ ո՛չ էլ Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակներում ի պաշտպանություն Հայաստանի որեւէ հայանպաստ հայտարարություն այդպես էլ չկարողացավ ստանալ այս տարիների ընթացքում` ընդդեմ Ալիեւի ռազմատենչ քաղաքականության:

Եթե սրան էլ գումարենք Ռուսաստանում ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի՝ այդպես էլ չլուծվող արտահանձնման խնդիրը, ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու մասին տեղեկությունների շրջանառումը եւ այս ամենում Հայաստանի անողնաշար կեցվածքը, ապա հարց է առաջանում` ո՞ր արժանիքի համար է Պուտինը պարգեւատրում Նալբանդյանին: Մի՞թե Ռուսաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում ինչ-որ ներդրում է առհասարակ տեղի ունեցել:

Պատասխանը առավել քան պարզ է. որովհետեւ Պուտինը Հայաստանում հենց այսպիսի «համեստ» ու «խոնարհ» աշխատող արտգործնախարարի պիտի պարգեւատրի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 01.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930