Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացին՝ Հովիկ Աբրահամյանին. «Վարչապետ, ազնվականի վերարկու հագնելով՝ ազնիվ չեն դառնում»

Սեպտեմբեր 02,2016 14:30

Աղավնաձորցիներն իրենց խաղողի բերքի գումարն են ուզում.
այսօր բողոքի ակցիա են անելու՝ երեխաներին չեն թողնելու դպրոց մտնել

«Այսօր մեզ մոտ դպրոց չի լինելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է աղավնաձորցի 68-ամյա Հայկազ Ասատրյանը: Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի երեխաներն այսօր դպրոց չեն գնա. գյուղացիները վաղ առավոտից բողոքի ակցիա են անելու գյուղապետարանի շենքի մոտ, ապա գնալու են դեպի դպրոց, մուտքը փակելու են՝ թույլ չտալով երեխաներին մտնել դպրոցի շենք եւ ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ը նշել: Այս բողոքի ակցիայով գյուղացիները պահանջում են անցյալ տարի մթերված խաղողի գումարները:

2015-ին «Վեդի Ալկո» ընկերությունը մթերեց աղավնաձորցիների խաղողի բերքը, չնայած, ինչպես գյուղացիներն են ասում, հենց սկզբից գործարանի ղեկավարությունն ասել էր՝ գումար չունի, բայց կմթերի, հենց փող լինի՝ կվճարի:

Հիմա ընկերությունը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, անգամ վարկ չի կարող ստանալ, վարկունակ չէ: Աղավնաձորի խաղողի բերքի մեծ մասը մթերել է հենց այդ ընկերությունը:

«Անցած տարի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասեց, որ ոչ մի գրամ խաղող չի մնալու գետնին, գների փոփոխություն չի լինելու, բայց հակառակը եղավ: Գինը 220 դրամից իջավ 110, էդ էլ մինչեւ հիմա «Վեդի Ալկոն» չի տվել»,- ասում է Հայկազ Ասատրյանը: Գյուղացու պատմելով՝ բազմաթիվ անգամ ՀՀ վարչապետին նամակ են գրել, հանդիպում ունեցել նրա հետ. «Մի անգամ վարչապետն ասեց՝ ձեր նամակը չեմ ստացել: Ասեցինք՝ ո՞նց չեք ստացել, բա ձեր պատասխանը հենց հիմա մեր ձեռքում ա: Հետո վարչապետն ասեց՝ դե լավ, որ էդպես ա, մի շաբաթից կպատասխանեմ, 3 ամիս է անցել, Հովիկ Աբրահամյանի պատասխանը չկա»: Աղավնաձորցին վստահեցնում է, որ վարչապետը մեկ անգամ չէ, որ խոստացել է խնդիրը լուծել, գյուղացիների բողոքներին պատասխանել, ու մինչ օրս աղավնաձորցիները ոչ մի պատասխան էլ չեն ստացել:

«Մեր բողոքը կառավարությանն ու իշխանությանն է ուղղված, «Վեդի Ալկոն» մեղք չունի, նա ասել էր՝ խաղողը չեմ կարող ընդունել, գումար չունենք, գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ ասել էր՝ ընդունեք, հետո մի բան կլինի: Հետո ոչ մի բան էլ չեղավ: Մի անգամ էլ մեր մարզպետը բողոքեց Սերգո Կարապետյանին, ասեց՝ մարդիկ գումարներն են ուզում, գյուղնախարարն էլ ասեց, թե՝ թող գյուղացիք գործարանին դատի տան: Մարզպետն էլ ասեց՝ չհասկացանք, եկաք ստեղ, միասին խնդրեցիք, որ մթերեն, հիմա էլ լավությո՞ւն եք անում, ասում եք՝ դատի թող տան»,- պատմում է Հայկազ Ասատրյանը: Նրա ներկայացմամբ՝ Աղավնաձորի բնակիչների մեծ մասի եկամտի աղբյուրը խաղողի բերքն է, մարդիկ այգիները մշակել են՝ հույսով, որ գումար կստանան, բայց մթերման գումարները չստանալով՝ շատերը չեն կարողացել տարրական հոգսերը հոգալ, երեխաներին դպրոց գնալու համար կոշիկ, հագուստ, գիրք գնել:

Աղավնաձորցիներն անգամ միջմարզային ճանապարհն էին փակել: Հայկազ պապն ասում է՝ այդ ժամանակ գյուղատնտեսության նախարարը խոստացել էր մի բան անել, որ մարդիկ գումարները ստանան, բայց այդպես էլ խոստման տերը չի եղել:

«Հեռուստացույցով տեսա՝ մի անգամ վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ Սերգո Կարապետյանն էլի խոստումներ էր տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, գումարները կստանան գյուղացիք, մի տարի է՝ խաբում են, հերթապահ սուտն է: Ախր, այ վարչապետ, ազնվականի վերարկու հագնելով՝ ազնիվ չեն դառնում: Ամեն անգամ խոստումներ եք տալիս ու խաբում»,- ասում է Հայկազ պապը:

Հովիկ Աբրահամյանը 1 ամիս առաջ էլ, ինչպես Հայկազ Ասատրյանն է ասում, Վայոց ձոր էր այցելել, էլի գյուղացիների բողոքին ի պատասխան ասել էր՝ մեկ շաբաթից կպատասխանեմ, բայց մինչ օրս գյուղացիք իրենց մտահոգող խնդրի պատասխանը կրկին չեն ստացել:

Հայկազ Ասատրյանն ասում է՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ գյուղացիներին հորդորել էին քվեարկել «Այո»՝ խոստանալով, որ խաղողի մթերման դիմաց գումարները կստանան. «Էդ էլ անցավ՝ չտվեցին, ասեցին՝ փետրվարին, ու էլի չտվեցին, հետո ասեցին՝ ապրիլի 1-ին կտան, ապրիլի 1-ն էլ սուտ ասելու օրն էր, չտվեցին»:

Հայկազ Ասատրյանը բանկից վարկ էր վերցրել, խաղողի այգի գնել, ասում է՝ գոնե այգի մշակելով ընտանիքը կապրեր, բոլորը միասին կլինեին, բայց հիմա քանի որ բերքի գումարը չի ստացել, ինքն էլ չի կարողանում մոտ 6 հազար դոլար վարկը մարել, ամեն օր 5300 դրամ տույժ է ավելանում վարկին. «Իմ ընտանիքը քանդվում ա, տղես ստիպված գաղթի ճամփեն ա բռնել, գնացել ա Ռուսաստան՝ աշխատելու, գործ ունի՞, չունի՞, խաբար չենք: Էդ 14% վարկն արդեն դարձել ա 24%, մի ուրիշ տեղից վարկ ենք վերցնում՝ էն մյուսը փակում, սենց բան կլինի՞, մեր փողերը տվեք, հո ողորմություն չե՞նք խնդրում: Էս ինչ վիճակ է, այ, էդ անպատժելիությունը՝ ինչքան ուզենք, ում գլխին ուզենք՝ կբամփենք, մեր դեմը խաղ չկա ասելով երկիր են, իբր, կառավարում, բայց երկիրը դատարկվում է, անդունդի եզրին ենք»:

Օրերս «Վեդի Ալկոն» գյուղացիների պարտքերից որոշակի գումար է մարել, բայց աղավնաձորցիներն ասում են՝ չնչին գումար էր. օրինակ՝ սպասում էին, որ գոնե Խարջի խաղողի համար 40 հազար դրամ կտային, բայց 3000 դրամ են տվել:
Մեզ հետ զրույցում Հայկազ պապը տարակուսած հարցնում է՝ Վրաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերը չէ, Հայաստանը ԵՏՄ մտավ, ավելի վատ եղավ, իսկ Վրաստանը Հայաստանից շատ գինի է արտահանում Ռուսաստան:

Աղավնաձորցի Աբել Մկրտչյանն էլ «Առավոտին» պատմեց, որ խաղողի 5000 մետր այգի ուներ, այս տարի չի մշակել, քանի որ նախորդ տարվա մթերման գումարը չի ստացել, հետն էլ պարարտանյութի, ոռոգման ջրի պարտք ունի. «Մամայիս թոշակով ենք ապրում, դատարանն էլ նստած է մեր վզին, ջրի ու եսիմ ինչի փողերն են ուզում»:
Աբելն ասում է՝ էլ չի ուզում խաղողի այգի մշակել, հիասթափվել է, որոշել է բանվորի մի գործ գտնել, բայց ասում է՝ հույսը մեծ չէ, որ մի բան կգտնի. «Սենց հնարավոր չէ ապրել, չգիտենք՝ ինչ ենք անելու: Բայց դպրոցը փակելու ենք, էրեխեքին չթողնենք մտնեն ներս, պիտի ամեն ձեւի ցույց անենք, թե չէ՝ իշխանությունը մեր մասին չի էլ հիշում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

01.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930