Այս տարի «Դելլալյան» տրիոն, որը հիմնադրվել է Պորտուգալիայում, բացառիկ համերգաշար է նախատեսել Հայաստանում: Օգոստոսի 30-ին արդեն մեկ համերգ կայացել է Գյումրիում, երկրորդ համերգը սեպտեմբերի 3-ին է՝ Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Երկու համերգների ծրագիրն էլ նույնն է՝ Մանսուրյան, Շարաֆյան, Լաժինյա եւ Շնիտկե: Սեպտեմբերի 6-ին էլ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայանալիք համերգում «Դելլալյան» տրիոն կկատարի կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ տրիոյի անդամներն են Հարություն Դելլալյանի դուստրերը՝ Մարինա (դաշնամուր) եւ Նարինե (ջութակ) Դելլալյանները, ինչպես նաեւ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, թավջութակահար Լեւոն Մուրադյանը` Հայրիկ Մուրադյանի թոռը: Լեւոն Մուրադյանի կատարումները ղեկավարվել են այնպիսի դիրիժորների կողմից, ինչպիսիք են Գերգիեւը, Դուդարովան, Ռոժդեստվենսկին, Կախիձեն, Ֆոստերը, Բիրոնը, Ռուբեն Ահարոնյանը, Վահագն Պապյանը եւ այլք: Որպես մենակատար եւ կամերային փոքր խմբերի անդամ՝ ի թիվս այլ փառատոների, նա մասնակցել է Մյունխենի, Տալլինի, Սանտանդերի, Սանկտ Պետերբուրգի, Բուրգոսի, Կանգաս դե Օնիսի, Մադեյրայի, Տոմարի եւ Վիանա դը Կաշտելոյի փառատոներին: Ճանաչված թավջութակահարը նվագում է XVIII դարի վենետիկյան գործիքով:
«Դելլալյան» տրիոն ծրագրում մշտապես ունենալով հայ կոմպոզիտորների գործեր, արտերկրում քարոզում է հայ երաժշտությունը եւ հայազգի կոմպոզիտորներին:
«Առավոտի» հետ զրույցում Նարինե եւ Մարինա Դելլալյանները նշեցին, որ շատ են սպասել Գյումրիի համերգին: Նրանց ձեւակերպմամբ, Գյումրին, որպես քաղաք, շարունակում է պահպանել իր ազգային դիմագիծը, մի բան, որ չես կարող տեսնել Երեւանում, որտեղ իշխում են ահագնացող կոսմոպոլիտությունն ու աղավաղումները:
Լեւոն Մուրադյանը մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց, որ ոչ մի զբոսաշրջիկի հնարավոր չէ զարմացնել ո՛չ Հյուսիսային պողոտայով, ո՛չ էլ սեյսմիկ գոտում կառուցվող 26 հարկանի շենքերով, քանի որ ցանկացած օտարերկրացի «դրսի» որեւէ քաղաք գնալիս, նախ հին քաղաքն է փնտրում՝ Old City-ն: «Երեւանում որտե՞ղ կարող ենք ցույց տալ հին քաղաքը, այն պարզապես չկա»,-ասում է երաժիշտը: Մարինա Դելլալյանն էլ փաստեց դեպի Գյումրի տանող անմխիթար ճանապարհների վիճակը, նրա համոզմամբ, փաստորեն, բացակայում է կապը հանրապետության առաջին եւ երկրորդ քաղաքների միջեւ, ու Գյումրին ավելի մեծ ուշադրության է արժանի, ինչը չի ստանում: Նարինե Դելլալյանը ցնցված էր գյումրեցիների ջերմությունից, բայց նաեւ տխրել էր, որ արվեստների քաղաքում չկա նախկին ոգեւորությունն ու կենսախնդությունը: Իրենք շրջել են Գյումրիով մեկ, հանդիպումներ ունեցել մարդկանց հետ: Նարինե Դելլալյանը ցավով է նշում, որ մի կին իրենց նույնիսկ ասել է. «Երանի ձեզ, որ Հայաստանից գնացել, փրկվել եք»: Ջութակահարը երազում է, որ Հայաստանն այնպիսի երկիր դառնա, որպեսզի որեւէ հայ երբեւէ երանի չտա Հայաստանից հեռացողին, որովհետեւ նրա խոսքով. «Դեռ պարզ չէ, թե որն է դրսում ապրելու երանին»:
Նարինե Դելլալյանին հուզել էր նաեւ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան այցելությունը եւ էքսկուրսավարի ջերմությունը, իրենց նույնիսկ թվացել էր, թե այդ կինը Մհեր Մկրտչյանի ազգականն է, մինչդեռ պարզապես մարդը իր աշխատանքն էր անում նվիրումով:
Կարդացեք նաև
Երաժիշտներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է տվել իրենց հայաստանյան երաժշտական կրթությունը՝ հաջողությունների հասնելու ճանապարհին: Իմիջիայլոց, երեքն էլ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում են սովորել, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իհարկե, Լեւոն Մուրադյանը հետագայում կրթությունը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: Երաժիշտները առանձնացրին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ստացած կրթությունը, հիշեցին հայտնի մանկավարժ Մարիա Արշակովնային, որը մոտ է 100 տարեկանին, բայց շարունակում է նույն եռանդով աշխատել: Լեւոն Մուրադյանը փաստեց, որ նա անգամ իր երջանկահիշատակ մորը՝ ճանաչված ազգագրագետ, բանահավաք եւ երաժշտագետ Մարո Մուրադյանին է դասավանդել, որն էլ հետո դասական երաժշտության հանդեպ սեր է սերմանել որդու մեջ: Լեւոն Մուրադյանը հիշում է, որ երեխա ժամանակ մայրն իրեն Բեթհովենի «Լուսնի սոնատի» ներքո էր քնեցնում:
Մարինա Դելլալյանը, որ այսօր բացի գործող երաժիշտ լինելուց, նաեւ դասավանդում է, կարծիք հայտնեց, որ իրենց ուսուցիչներն անչափ պահանջկոտ են եղել, ինչը նաեւ իրենց է փոխանցվել:
Տրիոյի անդամները համաձայնեցին, որ հայտնի գործեր հնչեցնելու դեպքում ավելի հեշտ է ծափահարություններ կորզելը ունկնդրից, բայց իրենք նաեւ քիչ կատարվող ու նոր գործերի, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու կողմնակից են:
Ինչ վերաբերում է Կոմիտասի անվան կոնսերվատորիային, երաժիշտներն ասում են, որ «դրսում» միշտ զարմանքով են նայում իրենց դիպլոմի միջուկում նշված առարկաների ստվար ցանկին: Կոնսերվատորիան իրենց սովորեցրել է լայն մտածել: Լեւոն Մուրադյանը նաեւ նշում է, որ իր՝ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիա տեղափոխվելուն ժամանակին խանդով են վերաբերվել: «Նման հեղինակավոր կոնսերվատորիա ունեք Երեւանում, ինչու եք տեղափոխվում»,-տարակուսանքով հարցրել են թավջութակահարին:
Հեղինակավոր մրցույթների դափնեկիր Լեւոն Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում միջազգային մրցույթներին, արդյոք դրանք պարտադի՞ր պայման են կարիերայի աճի համար: Երաժիշտը չբացառեց սուբյեկտիվության գործոնը միջազգային մրցույթներում ու առանց անունը տալու՝ մի երաժշտի հիշեց, որը ժամանակին դարձել էր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, բայց հետո այդպես էլ համարյա չերեւաց երաժշտական ասպարեզում: «Պարզապես նրա պրոֆեսորը լավ պատրաստել էր իրեն ու ինքը հաղթեց այդ մրցույթում, իսկ դրանից հետո համերգների այն փաթեթը, որ ստացել էր, անգամ ավարտելուց հետո, երբ ուզում էր նվագել, գնում խնդրում էր պրոֆեսորին, որ իր հետ գոնե մեկ ժամ պարապի… Պրոֆեսորն էլ զայրանում էր, թե արդեն ավարտել ես, մի՞թե ինքնուրույն չես կարողանում ինչ-որ բան անել: Այնպես որ, ամեն ինչ հարաբերական է եւ շատ անհատական»,- կարծում է Լեւոն Մուրադյանը:
Մեր զրույցի ժամանակ կրկին անդրադարձ եղավ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում «Դելլալյան» տրիոյի առաջիկա համերգին: Մարինա Դելլալյանն ասաց. «Ամսի 6-ին մեր հոր ստեղծագործություններն ենք նվագելու եւ դա մեզ համար մեծ ուրախություն է: Մենք երբեք հանդես չենք եկել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: Դա մեզ համար կարեւոր իրադարձություն է լինելու»:
Երաժիշտները հայտնեցին, որ անիմաստ է համերգները նվիրել այս կամ այն ամսաթվին ու պաթոսախեղդ անել, ինչպես դա պատահել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կամ Անկախության 25-ամյակի պարագայում:
Լեւոն Մուրադյանն էլ ցանկություն հայտնեց, որ Հայաստանում գրագետ մշակութային քաղաքականություն տարվի, մշակույթի նախարարությունը աջակցի միայն բարձրակարգ մշակույթին, ու այնպես անի, որ Հայաստանում մնա իրական մշակույթը: «Թե չէ՝ նայում եմ մեր հեռուստաալիքները, ու ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե որքան մեծ է դրսի ազդեցությունը, եւ ինչ ապականություն է տիրում ու աղբ մատուցվում: Դա ուղղակի խայտառակություն է, ինչու պետք է շեշտը դրվի միայն կլկլոցների վրա, մոռացվի ամեն ինչ»,- նեղսրտում է Լեւոն Մուրադյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝
www.dellaliantrio.com– կայքի
եւ ART PR ընկերության:
«Առավոտ»
01.09.2016
Հարգելի հողինակ, գուցե XVIII-րդ դարի գործիք է։ Թավջութակը 1600-ականներին է ստեղծվել։
Հարգելի ընթերցող, շնորհակալություն, որ կարդում եք, վրիպակը ուղղել ենք, պարզապես X-ը թռել էր:
Հարգանքով Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ