Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ թատրոնի արցախյան ձայնը դեռ չի շտապում

Սեպտեմբեր 02,2016 13:00

Կամ՝ ինչպես սոպրանո Մարիաննա Մարտիրոսյանը հայտնվեց Մոսկվայում

Խորհրդային երկրի օպերային թատրոնների ներկայացումներում առաջին պլանում էր ձայնը: Փորձենք պատկերավոր ներկայացնել՝ չնսեմացնելով այդ ժամանակահատվածում գործող օպերային արտիստների բեմական գործունեությունն ու արվեստը ընդհանրապես: Իսկ խոսքը վերաբերում է երգչուհիներին: Շատերը՝ հիանալի ձայնով ու տեմբրով, պարզապես անշարժ կանգնում էին ու ոչ թե խաղում, այլ ներկայացնում իրենց դերերգը: Մի ոչ պակաս հանգամանք էլ կար. նրանք հիմնականում գեր էին, էլ չասենք, որ ներկայացումների լիբրետոյից ելնելով՝ հաճախ չէին համապատասխանում տվյալ դերին: Բայց չէ՞ որ օպերային ներկայացումն էլ է թատրոն:

Նոր ժամանակներում պատկերը փոխվել է. նույն ԽՍՀՄ երկրների թատրոններում հանդիպում ենք արդեն աչք շոյող, նրբակազմ, սլացիկ երգչուհիների, իհարկե՝ նույնպես հիանալի ձայներ եւ, որ ամենակարեւորն է՝ արտիստին վայել խաղով: «Շրջայց» կատարելով ճանաչված օպերային թատրոնների պաշտոնական կայքեր՝ պարզեցինք, որ ներկայացումներում ներգրավում են ավելի շատ երիտասարդ ձայներ, ինչը արդյունք է 2000-ականների սկզբներից թատրոններում բացված երիտասարդական ծրագրերի: Ի դեպ, Երեւանի օպերային թատրոնում նման ծրագիր բացվեց 2016թ.:

Մեծ թատրոնի կայքի երիտասարդական ծրագրում ընդգրկված էր նաեւ ծնունդով Արցախից՝ սոպրանո Մարիաննա Մարտիրոսյանը: Երգչուհուն մտաբերեցինք ժամանակին Երեւանում կայացած Գոհար Գասպարյանի անվան մրցույթից, իսկ նրա ելույթն էլ տպավորված էր 2014թ. ազգային օպերային թատրոնի ամանորյա գալա համերգից, որին հրավիրված էր նաեւ Մարիաննան՝ որպես հիշյալ մրցույթի դափնեկիր: Ընդ որում, այդ տարի նա դեռ սովորում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում՝ ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանի ղեկավարությամբ: Իսկ հետո երգչուհին կարծես անհետացավ ասպարեզից: Պարզվում է՝ Մարիաննա Մարտիրոսյանը 2015-16թթ. թատերաշրջանում պայմանագրով Մեծ թատրոնի երիտասարդական ծրագրի արտիստ է:

Marianna_Martirosyan_1

Մարիաննա Մարտիրոսյանը դասեր է առնում Ճանաչված օպերային երգիչներ Իրինա Բոգաչովայից եւ Եվգենի Նեստերենկոյից:

Marianna_Martirosyan_3

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երիտասարդ արվեստագետը ներկայացրեց իր՝ Մեծ թատրոնում հայտնվելը. «2000-ականների սկզբից Մեծ թատրոնը ԽՍՀՄ երկրներում անցկացնում է լսումներ: Ընտրվածները մասնակցում են արդեն Մեծ թատրոնում կայանալիք երկրորդ փուլին: Իմ դեպքում երկրորդ փուլի ժյուրին գլխավորում էր երիտասարդական ծրագրի ղեկավար Դմիտրի Վդովինը, իսկ երրորդ փուլը՝ Մեծ թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տուգան Սոխիեւը: Հաղթահարելով երեք փուլերը, մեկ տարով պայմանագիր կնքեցի եւ ընդգրկվեցի Մեծ թատրոնի երիտասարդական ծրագրում՝ որպես արտիստ, ինչը համընկավ այդ թատրոնի 240-ամյա հոբելյանի հետ: Ծրագրում ընդգրկված արտիստներիս հետ դասեր էին անցկացնում ոչ միայն թատրոնի, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորները, այլեւ հրավիրված ճանաչված վոկալի մասնագետներ, դիրիժորներ արտասահմանից: Զուգահեռ ուսումնասիրում էինք նաեւ լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն»,- ասաց Մարիաննա Մարտիրոսյանը:

Marianna_Martirosyan

Դիտարկմանը, թե հավանաբար արդեն պետք է լրջորեն մտածել կարիերայի մասին, երգչուհին այլ կարծիք ուներ. «Մեծ թատրոնում մեկ տարվա ամենօրյա, իսկապես լավ իմաստով տաժանակիր ու բովանդակալից աշխատանքից հետո, նախ անհրաժեշտ է հանգստանալ, հետո էլ ժամանակը ցույց կտա: Իհարկե, մեր կոնսերվատորիան մեծ դպրոց է, իսկ երիտասարդական ծրագիրը հնարավորություն տվեց էլ ավելի խորանալ ու կատարելագործվել օպերային արվեստում: Հիմա ստացածս գիտելիքները պետք է «մարսել»: Առանձնապես չեմ շտապում եւ գիտեմ, որ ունենք հիանալի վոկալ մասնագետներ, հենց, ասենք՝ իմ դասախոս Գեւորգ Հակոբյանը, որի հետ դարձյալ սիրով կաշխատեի: Մյուս կողմից՝ ես հաճույքով եմ մասնակցում մրցույթների: Նախկինում մասնակցել եմ Մոսկվայում, Կրասնոդարում կայացած երիտասարդ վոկալիստների մրցույթներին, 2014թ. Իսպանիայում՝ Մոնսերատ Կաբալիեյի մրցույթին, որից հետո մասնակցել եմ աշխարհահռչակ երգչուհու վարպետության դասերին: Ի վերջո, 21-րդ դարը մենեջմենթի դար է եւ մրցույթների ժամանակ է, որ գործակալությունը կամ մենեջերը գտնում է իր արտիստին»:

Հարցին՝ հնարավոր չէ՞ կարիերա սկսել Մոսկվայում, սոպրանոն առանց մանրամասնելու նախ նշեց, թե, իհարկե, հնարավոր է եւ չի բացառվում, որ իր դեպքում Մոսկվան «հարթակ» հանդիսանա Արեւմուտքում կարիերա սկսելու համար, հետո պատասխանեց. «Ինձ արդեն ծանոթ են մոսկովյան երաժշտական շրջանակներում, համերգներ եմ ունեցել նաեւ Մեծ թատրոնի Բեթհովենյան սրահում: Կարող եմ դիմել անվանի վրացի երգչուհի Մակվալա Կաստրաշվիլիին, որը Գալինա Վիշնեւսկայայի անվան վոկալ արվեստի կենտրոնի դեմքն է, կամ հենց Մեծ թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Դմիտրի Վդովինին, եւ ոչ միայն նրանց: Այս պահին, կներեք, կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող»:
Մեծ թատրոնի պաշտոնական կայքում ներկայացված էին նաեւ բժիշկները, որոնք անհրաժեշտ են թե բալետի արտիստներին, թե երգիչներին: Իմիջիայլոց, հիշեցինք ժամանակին՝ 1970 թվականներ, Երեւանի օպերային թատրոնի դեմքերից մեկին՝ լորինկոլոգ Արմեն Յակովլեւիչին, որը իսկապես մեծ բարեկամն էր բոլոր երգիչների: Այս առիթով արվեստագետն ասաց, որ լորինկոլոգը՝ կոնկրետ Մեծ թատրոնում, իսկապես դեմք էր եւ պարտադիր չէր նրան դիմել, քանի որ բժիշկը ամեն օր առավոտից մինչեւ ուշ երեկո (եթե ներկայացում կար թատրոնում) երգիչներին մեկ առ մեկ մոտենում էր, հետաքրքրվում, զննում կոկորդները եւ այլն:

Մեզ հետ զրույցում Մարիաննա Մարտիրոսյանը հիշեց նաեւ Մեծ թատրոնի ոչ միայն երիտասարդական ծրագրում ընդգրկված արտիստներին, այլեւ ողջ աշխատակազմի՝ իրեն ուղղված հատուկ վերաբերմունքը ապրիլյան քառօրյա պատերազմի առիթով. «Առանց բացառության՝ թատրոնի բոլոր աշխատակիցները հետաքրքրված էին այդ դեպքերով, ինձնից էլ հետաքրքրվում էին ընտանիքիս անդամների վիճակով, ով ինչպես կարող էր՝ սատար էր կանգնում…»: Հրացին՝ չի՞ պատրաստվում Ազգային օպերային թատրոնում ներկայանալ որեւէ դերերգով, Մարիաննա Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես չեմ շտապում, դեռ կհասցնեմ ըստ արժանվույն ներկայանալ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

01.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930