Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքանո՞վ են մրցունակ համալսարանների կրթական ծրագրերը

Սեպտեմբեր 02,2016 12:30

Նոր ուսումնական տարվա մեկնարկին, կարծում եմ, տեղին է եւս մեկ անգամ մտորել, թե արդյո՞ք համալսարաններում արդյունավետ է կազմակերպվում բարձրագույն մասնագիտական կրթությունը եւ որքանո՞վ է այն իր արդյունքներով համապատասխանում աշխատաշուկայի ներկայիս պահանջներին: Այսօր արդեն, դիմորդի համար բուհ ընդունվելը ոչ մոդայիկ է եւ ոչ էլ ինքնանպատակ: Ուսանողները համալսարաններ են գնում, որպեսզի ձեռք բերեն անհրաժեշտ մասնագիտական ունակություններ եւ հետագայում գտնեն իրենց սիրած աշխատանքը:

Այս առումով, կրթության բոլոր աստիճաններում բուհերում հիմնախնդիր է հանդիսանում շրջանավարտին մասնագիտական այնպիսի ունակությունների տրամադրումը, որով վերջինս մրցունակ կլինի աշխատաշուկայում եւ արդյունավետ կհամարի համալսարանում ծախսած թե՛ իր ուսումնառության տարիները եւ թե՛ կրթավճարները:
Ներկայիս աշխատաշուկայի պահանջները շրջանավարտի որակական հատկանիշների նկատմամբ այնքան դինամիկ են փոփոխվում, որ միայն «հարուստ գիտելիքների պաշարով» զինված բուհի շրջանավարտը բնավ մրցունակ չի համարվում: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ գործատուների կողմից հիմնականում գնահատվում էր համալսարանի «խելացի շրջանավարտը»: Դրան զուգահեռ, հիմա առավել կարեւորվում է նաեւ մասնագիտական հմտություններին ու կարողություններին տիրապետող շրջանավարտը, որը կարող է արհեստավարժ կերպով իրականացնել գործատուի առաջադրանքները, համարվել գործունյա եւ ունակ մասնագետ:

Այստեղից հարց է ծագում, թե որո՞նք են համալսարանի շրջանավարտի այն որակական հատկանիշները, որոնք սինթեզվելով, ձեւավորում են գործատուի համար ընդունելի ունակ մասնագետ: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ գիտելիքների հարուստ պաշար ունեցող ուսանողը եւ գերազանցության դիպլոմով շրջանավարտը չի կարողանում հմտորեն իրագործել գործատուի պահանջները, եւ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ գործատուն վերապատրաստումներ է իրականացնում երիտասարդ աշխատակիցների շրջանում, նրանց մասնագիտական անհրաժեշտ ոչ թե գիտելիքներ, այլ ունակություններ հաղորդելու նպատակով, որը ժամանակին բաց էր թողնվել բուհում: Եվ ստացվում է այնպես, որ աշխատանքի անցնելով, շրջանավարտները հասկանում են, որ իրենց ուսումնական պլաններում ունեցել են «ավելորդ առարկաների բալաստ» եւ փոխարենը ուսումնառության ընթացքում չեն սովորել առավել արդիական առարկաներ եւ մասնագիտական հմտություններ:

Այսօր մրցակցային են համարվում այն կրթական ծրագրերը, որոնց վերջնարդյունքներով ձեւավորվում են ոչ միայն «գիտակ», այլեւ «ստեղծարար հմտություններով» շրջանավարտներ: Այս առումով, մասնագիտական կրթական ծրագրերում ներկայումս մեծ ուշադրություն պետք է դարձվի ուսանողի անհատական աշխատանքների ոչ թե ձեւական, այլ արդյունավետ վերջնարդյունքներին, նպատակ ունենալով սովորողի մոտ զարգացնելու մասնագիտությանն առնչվող ստեղծագործական, նորարարության եւ ինքնադրսեւորման հմտություններ, որը Բոլոնիայի ներկայիս գործընթացի պահանջներից մեկն է:
Ի վերջո, մասնագիտական գիտելիքներ կարելի է ձեռք բերել անգամ համացանցից ու տարբեր դասագրքերից, եւ այս առումով համալսարանները կարող են իրենց թույլ տալ ինչ-որ չափով բեռնաթափելու ուսումնական ծրագրերը գիտելիքատար նյութերից, եւ փոխարենը դրանք լրացնել մասնագիտական հմտություններ եւ կարողություններ դասավանդող առարկաներով:

 
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

«Առավոտ»

01.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930