Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԱՀՈԳԻ

Սեպտեմբեր 02,2016 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասունութերորդ

ԼՈՒՍԱՀՈԳԻ

Վարուժի նկարչությունը շատ թե քիչ իմացողները գիտեն, որ Վարուժի երիտասարդ տարիների գործերը լեփլեցուն էին ձիավոր ասպետներով եւ ազնվական գեղեցկուհիներով, եւ էս էլ  որերորդ անգամ Վարուժի անունից առաջ լուսահոգի բառը չեմ գրում, որովհետեւ չեմ ուզում նշել ու ձեզ էլ հիշեցնել, որ ինքն էս պահի դրությամբ բացակայում է մեր էս երկրային տարածքից ու ժամանակից, եւ նույն էդ պատճառով էս գրությանս մեջ էլ բավական ժամանակ խուսափում էի իրեն անդրադառնալ, եւ դուք էլ եք վկա, որ միանգամայն պատահաբար անդրադարձա իրեն՝ Սայաթ-Նովայի ու մեր երգիչների առիթով, ավելի ճիշտ՝ «Շիրակի մեղեդիների» քավոր Սարգսյան Ալբերտի առիթով, ով, փաստորեն, անվանակիցն ու ազգանվանակիցն է էս գրվածքիս գլխավոր դեմքերից մեկի՝ Օրթախ Աբոյի, ով նմանապես Շիրակի հարթավայրի ծնունդ է, եւ հիմա Սայաթ-Նովայի ու մեր երգիչների թեման մոռանալով ու էդ թեմային չվերադառնալով՝ ուզում եմ վերստին վերադառնալ անցյալ դարի յոթանասունական ու ութսունական թվականներ, որոնցից տեւականորեն ինձ ու ձեզ կտրել էի, եւ որոնց մեջ Վարուժը, Ռոլանդը, Վանոն, Հակոբը, Էդոն, Մերուժը, Հրաչը, Վրեժն ու մյուսներս ողջառողջ, ջահել ու սիրուն կայինք, եւ Վարուժին գրողների հետ եմ հիշում ոչ թե էն պատճառով, որ ինքն էլ էր, փաստորեն, արձակագիր ու բանաստեղծ, այլ էն պատճառով, որ Վարուժն իր կյանքում ավելի շատ գրողների ու բանաստեղծների հետ էր ընկերություն անում, քան՝ նկարիչների, եւ ես էն բացառիկներից էի, ում Վարուժն իրավունք էր տալիս արվեստանոց այցելել առանց նախապես  զանգահարելու ու զգուշացնելու, եւ հատկապես նկարիչներին Վարուժն էդ իրավունքը չէր տալիս, եւ եթե որեւէ նկարիչ նախապես Վարուժին զանգում ու տեղեկացնում էր իր գալու մասին, Վարուժն ափալթափալ նկարներն ու մանավանդ  ամենանոր նկարները շուռ էր տալիս, որ չերեւան, եւ իր էդ արարքը միշտ նույն կերպ էր բացատրում՝ «հենց էս նոր նկարներս տեսնեն, վաղվանից կսկսեն էս ձեւով նկարել», եւ մի անգամ, երբ իր կոլեգա նկարիչներից մեկի զանգից հետո ափալթափալ սկսեց իր նոր ու դեռեւս չցուցադրված նկարները պատերից իջեցնել ու շրջել,  եւ երբ իրեն հարցրի՝ ինչու է նկարները շուռ տալիս, ինքը քմծիծաղով ասաց՝ «էս մի հոգավորը շատ անխիղճ ձեւով՝ մեկին մեկ ա թխում», եւ երբ Վարուժին հարցրի՝ «բա էդ թխողները չեն մտածո՞ւմ, որ մարդիկ գլխի կընկնեն, որ քեզնից են թխել», Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Վարուժից թխելն իրանց համար ոչ թե ամոթ ա, այլ՝ պատիվ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ իրանք իրանց էդ թխածն ավելի շուտ են ցուցադրում, քան ես՝ բնօրինակը» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էնպես որ, վերջում կարող ա պարզվի՝ ես եմ իրանցից թխել», ու էդ ասելով՝ Վարուժն իր վերջին շրջանի նկարներից մեկը  մատնացույց անելով ավելացրեց՝ «օրինակ, էս նկարս արդեն մի քանի հոգի ցուցադրել են», ու էս բաները Վարուժը բացեիբաց բոլորի՝ նույնիսկ նկարիչների մոտ էր ասում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել