«Ի՞նչ է նշանակում 53 միլիոն դոլարի պարտք»,- տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարցնում է, զարմանում: Ըստ նրա, պարզել է պետք՝ ինչից է գոյացել պարտքը. «Արդյոք իրականում մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ եւ էներգասպառողներ մեզ թո՞ւյլ ենք տվել գազի կամ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարել»:
Ըստ նրա, հստակ է՝ եթե սպառած գազի կամ էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարում, սովորաբար ուղղակի անջատում են. «Ոնց է պարտքն առաջացել, ով է առաջացրել, ինչ ժամանակաշրջանի համար, որովհետեւ ընդամենը երկու տարի առաջ ասացին՝ նման խնդիր չկա: Երբ սակագնի բարձրացում էր տեղի ունենում, տարբեր հիմնավորումներ էին տալիս ու կոնկրետ «Երեւան ՋԷԿ-ի» համար ասում էին, որ ՋԷԿ-ը սկսել է վճարել ճապոնական վարկը եւ այդ վարկի վճարումները մտնում են սակագնի մեջ, դրա համար սակագինը բարձրանում է:
ՀԻմա այլ պարզաբանում մինչեւ օրս չկա: Ընդամենը երկու-երեք օր առաջ եղավ հայտարարությունը, որ 53 միլիոն դոլարի պարտք է առաջացել: Այսինքն «Երեւան ՋԷԿ-ը» գազ է օգտագործել, հոսանք է արտադրել ու գազի դիմաց չի՞ վճարել, ինձ համար շատ տարօրինակ է՝ այդպես եղած լինի: Որովհետեւ «Երեւան ՋԷԿ-ի» առաջին ու կարեւոր գործառույթը Իրանի հետ է գազ, հոսանքի դիմաց սխեմայով: Ոնց է աշխատում Գազպրոմի հետ, չգիտեմ»:
Մեր դիտարկմանը, թե նախորդ պարտքի դիմաց Հայաստանը «Գազպրոմին» զիջեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը, այս անգամ ինչ ենք զիջելու, պարոն Խաչատրյանն արձագանքեց. «Շատ բան կարող է լինել, պետությունն էլ կարող է տանք: Նույն «Երեւան ՋԷԿ»-ը պետական սեփականություն է, ատոմակայանը՝ նույնպես: Մեկ ամիս առաջ կառավարությունը որոշում ընդունեց՝ տեղական նշանակության գազամուղերը հանձնել «Հայռուսգազարդի» սեփականության՝ պարտքի դիմաց: Այսինքն, կարող ենք տալ այն, ինչը դեռ կա տալու: Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչպես է գոյացել պարտքը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ