«Գործի վերաորակումը, որը հնարավորություն տվեց մեղադրյալներին համաներմամբ ազատվել, այդ վերաորակման որոշումն ընդունվել է Բակո Սահակյանի սենյակում»,- Aravot.am-ին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով իրեն ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կարճելու որոշմանը:
«Բակո Սահակյանի կողմից ճնշում է եղել թե՛ նախաքննության, թե՛ դատախազության վրա: Ավելին՝ այս դեպքը հաստատեց, որ ինձ ծեծի ենթարկելու որոշումները եւս կայացվել են նախագահի սենյակում, որեւէ կասկած չունեմ: Կատարողներն իրենք իրենց չեն պատժելու: Ոստիկանությունն իր անգործությամբ աջակցել է հանցագործությունը կատարողներին, մենք բազմաթիվ ապացույցներ ունենք:
Սա դիտարկում եմ Արցախում վերջերս նկատվող ընդհանուր միտումների ծիրում, Արցախը լայն քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, ես կարծում եմ՝ առաջիկայում բռնություններն ավելի են շատանալու, ճնշումներն ավելի են մեծանալու տարբեր շրջանակների վրա, քանի որ Բակո Սահակյանը նպատակ ունի Սահմանադրություն փոխելով՝ երկարաձգել իր ժամկետը: Հաջորդ տարի լրանում է իր նախագահության երկրորդ ժամկետը, որից հետո նախագահ լինելու իրավունք չունի»,- ասաց Հայկ Խանումյանը:
Նա նաեւ ասաց, որ իր պաշտպան Հայկ Ալումյանը տարբեր բողոքներ է ուղարկել մեղադրյալների արարքի վերավորակման վերաբերյալ, իսկ գործի կարճման համար դեռ ժամանակ ունեն համապատասխան բողոքներ ներկայացնելու:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պետություն ստեղծելու համար մենք ոչինչ չունենք: Չունենք գրագետ մարդիկ, չունենք արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գիտություն, չունենք ինժեներական կադրեր, որակյալ բանվորություն, չունենք գրագետ ու հայրենասեր երիտասարդություն, և որ ամենակարևորն է, չունենք գաղափարախոսություն:
Փոխարենը ունենք քրեական օրենքներով ապրող ու այդ նույն հանցագործ օրենքներով մեր մի թիզ հողը կառավարող տականքների մի խառնամբոխ: