«Մենք ենթադրում էինք, որ նման ցուցակներ կազմվում են եւ դա բերելու է այնպիսի հետեւանքների, որ նույնիսկ երկիր ներս չեն թողնում: Դա, ըստ իս խոսում է հետեւյալի մասին` մի կողմից ՀՀ-ն եւ ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են, այսինքն, նաեւ որոշ կարեւոր քաղաքական գնահատականների առումով էլ պիտի ընդհանրություններ ունենան, բայց, փաստորեն, մարդիկ, որոնք ընդունված են Հայաստանի հասարակության կողմից, որքան էլ հակասություններ ունենան պաշտոնական քաղաքականության հետ, անընդունելի են նույնիսկ ՌԴ մուտք գործելու համար: Նրանք ուղղակի անցանկալի անձ են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն` անդրադառնալով Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցությունների կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելափակելուն եւ մամուլում հայտնված հայաստանցի քաղաքական եւ հասարակական գործիչների, այսպես կոչված, «արեւմտյան գործակալների» ցանկին: Պարոն Նավասարդյանը նույնպես այդ ցանկում է:
Ըստ մեր զրուցակցի, այս ամենից ակնհայտ է դառնում, որ եւ կարծիքների, եւ շահերի եւ համատեղ գործունեության հեռանկարների առումով Հայաստանը եւ ՌԴ-ն իրարից ավելի են հեռանում. «Մի բան, ինչն ակնհայտ է դարձնում` ժամանակին Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը դեմ մեր հասարակության փոքրամասնությունն ավելի ճիշտ էր գնահատում իրավիճակը, քան դրա կողմնակիցները»:
Բորիս Նավասարդյանն ասում է, որ դրանից առաջին հերթին ՀՀ իշխանությունները պիտի հետեւություն անեն: Դիտարկմանը` մտավախություններ չկան, որ ՀՀ իշխանությունների հետեւությունը կլինի այն, որ նույն մոտեցումներ կկիրառվեն այդ մարդկանց նկատմամբ, մեր զրուցակիցը հումորով ասաց. «Դե կամ այս կողմ, կամ` այն: Պարզ է, որ հետեւություն պիտի անեն, իսկ թե ի՞նչ հետեւություն կլինի` ժամանակը ցույց կտա»: Ամեն դեպքում, Բորիս Նավասարդյանը փաստում է` այս ամենն արդեն զավեշտ է դառնում:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ այս թեմայով մեզ հետ զրույցում նկատեց, որ ՌԴ-ն ակնհայտ հետընթացն է ապրում` փորձելով նմանակել կամ նմանվել Խորհրդային միությանը` իր ներսի խնդիրները փորձելով տարածել սահմանակից երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի վրա. «Ցավն այն է, որ պաշտոնական Հայաստանն այդ հարցում դիմադրություն ցույց չի տալիս»:
Կարդացեք նաև
Այն գործիչները, ովքեր հայտնվում են նման ցուցակներում, Վարդան Հարությունյանի կարծիքով, հպարտանալու տեղ ունեն. «Որովհետեւ ամոթ կլիներ 21-րդ դարում ստանալ ՌԴ-ի հովանավորությունը կամ աջակցությունը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ, ով նույնպես «արեւմտյան գործակալների» շարքում է, մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ ՀՀ Սահմանադրությամբ, ոչ էլ ՀՀ օրենսդրությամբ, հիմարությունները մեկնաբանելն իմ պարտականությունների կամ լիազորությունների մեջ չի մտնում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ