Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին որոշ դեպքերում իգնոր են անում». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 01,2016 20:15

Եթե տրամաբանությունն այն է, որ կառավարության  ինչ-որ առաջարկի կողմ քվեարկելով՝ ընդդիմադիր չես, Նիկոլն էլ ՀՀԿ խմբակցության կողմից ներկայացված օմբուդսմենի թեկնածուին է կողմ քվեարկել, այսինքն, եթե այդ չափանիշով նայենք, ուրեմն նույն բանը նրան էլ է վերաբերում»,- Aravot.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր հասցեին ուղղված Նիկոլ Փաշինյանի քննադատությանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ասել էր. «Էդմոն Մարուքյանը 2016 թվականից պատգամավոր է, պետական բոլոր բյուջեներին կողմ է քվեարկվել, իսկ պետական բյուջեն ֆինանսաքաղաքական ամենակարեւոր փաստաթուղթն է: Նա հիմնավորեց, որ Վանաձորին հատկացումները նորմալ են, դրա համար կողմ է քվեարկում, դա չի նշանակում, որ ինքը վստահության քվե է տվել կառավարությանը: Բայց կա երկրորդ փաստը,   թե՛ Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը Էդմոն Մարուքյանը վստահության քվե է տվել՝ կողմ քվեարկելով նրանց կառավարության ներկայացրած ծրագրերին…

Կառավարությանը վստահության քվե տված մարդը ընդդիմադի՞ր է, դուք գտնում եք, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը երկու նախագահական ընտրություններում պաշտպանած քաղաքական ուժը ու քաղաքական գործիչը ընդդիմադի՞ր է»:

«Ընդհանրապես այդ մեղադրանքներին  անիմաստ ենք համարում անդրադառնալ, մեկնաբանել, ժամանակին պատասխանել եմ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, որ լավատեղյակ է  եղել, որ ես կողմ եմ քվեարկել, ինձ՝ նախաձեռնող խմբի անունից, տարիներ առաջ առաջարկում էր, որ միասին ստեղծենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այսինքն, դուրս է գալիս, երբ պետք էր, որ միասին ինչ-որ բան անեինք, այն ժամանակ ընդդիմադիր էի, կարող էի իրենց հետ միասին  ընդդիմադիր կուսակցություն ստեղծել, երբ որ ես չեմ միացել ու  առանձին կուսակցություն եմ ստեղծել, առանձին նպատակներ ունենք, Հայաստանի մասին ուրիշ տեսլական ունենք, քան ինքը, արդեն ընդդիմադիր չեմ: Սա անլուրջ է, նրա փաստարկներն անլուրջ են, բազմիցս նշել ենք, որ ընդդիմադիր դաշտում թիրախ չունենք, Փաշինյան Նիկոլի հետ որեւէ կռիվ չունենք տալու»,- ասաց պարոն Մարուքյանը:

Ըստ նրա, իրենց թիրախը գործող քաղաքական համակարգն է, գործող իշխանությունն է. «Այդ թիրախին էլ հարվածում ենք: Ինչ վերաբերում է բյուջեին կողմ քվեարկելուն եւ նմանատիպ փաստերին, ամեն կողմ կամ դեմ քվեարկելու ժամանակ ելույթ եմ ունեցել ու մանրամասն ներկայացրել՝ ինչու եմ կողմ քվեարկել: Նիկոլը լսել է այդ ելույթները, անգիր գիտի՝ որը ինչի համար է եղել, ու եթե դրա մեջ խնդիր լիներ, ինքը ժամանակին չէր գա առաջարկեր, որ միասին կուսակցություն ստեղծենք: Նրա այսօրվա նման քննադատությունները, ըստ էության, որեւէ կերպ  չեն կարող ընկալվել որպես ազնիվ, որ անաչառ մոտեցում, թե ինչ նպատակ է հետապնդում, երեւի ինքը պետք է բացահայտի՝ ինչի է ուզում դրանով հասնել:

Երբ  Արմեն Մարտիրոսյանին կամ Լեւոն Զուրաբյանին, Լեւոն Տեր Պետրոսյանին եւ ընդդիմադիր այլ գործիչների քննադատում է, դրանով ինչի է ուզում հասնել: Չեմ ուզում նույնիսկ մեկնաբանել, ինքը պետք է ասի: Իսկ թե ով է ընդդիմադիր, ով ընդդիմադիր չէ, դա ՆԻկոլ Փաշինյանը չի որոշում, ընդդիմադիր լինելու պատկերացումները տարբեր գործիչների մոտ տարբեր են, որեւէ մեկը ընդդիմադիր կոչման լիազորություն չունի,  որ սրան, նրան ընդդիմադիրի կոչում տա կամ վերցնի, այդ թվում՝ Փաշինյան Նիկոլը»:

Էդմոն Մարուքյանը  համաձայն չէ, որ հիմա ընդդիմադիր ուժերն ավելի շատ միմյանց են քննադատում, քան իշխանությանը. «Ընդդիմադիր ուժերը միմյանց չեն քննադատում, Նիկոլ Փաշինյանը քննադատում է բոլոր ընդդիմադիր ուժերին,  պետք է այդպես ձեւակերպել, իսկ ընդդիմադիր ուժերը որոշ դեպքերում կամ պատասխանում են Նիկոլ Փաշինյանին կամ իգնոր են անում: Այդ ամբողջ թեման բացել է Նիկոլ Փաշինյանը, թե հիմա պարապ է մնացել, դրա համար է բացել, թե ինչ է ուզում անել, չեմ կարող ասել: Երկրում բավականին շատ գործ կա անելու, ես կարծում եմ՝ լավ կլինի, որ քաղաքական գործիչներն այդ գործով զբաղվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930