Նկարիչների միությունում տեղի ունեցավ Մհեր Ստեփանյանի հետահայաց անհատական ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 25, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 22 տարվա անկախությանը: Ցուցադրությունը բարեգործական է՝ ցուցահանդես-վաճառք ձևաչափով. ողջ հասույթը տրամադրվելու է Թալիշ գյուղին՝ դրա վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար:
Բացման արարողության ժամանակ Մհեր Ստեփանյանի արվեստի մասին իրենց խոսքն ասացին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, հեղինակին ճանաչող այլ նկարիչներ և գործընկերներ:
Ցուցադրությունը ներառում է գեղանկարչի կյանքի տարբեր ժամանակաշրջաններում արված ինչպես կոմպոզիցիոն, այնպես էլ գրաֆիկական աշխատանքներ: Ներկայացված կտավներում թեմաները բազմազան են՝ հայրենիքի բնանկարներից մինչև հեղինակի երևակայություններն ու պատկերացումները, անդրադարձ հայ պատմությանը և մշակույթին, ժողովրդի հոգեբանությանն ու աշխարհընկալմանը:
Կարդացեք նաև
Կտավների շարքում են «Քարը», որում պատկերված մարդը՝ քարը մեջքին դրած, հեղինակը համեմատում է հայ ժողովրդի ու նրա դարավոր բեռի հետ, «Սասնա ծռեր շարքը», որում հեղինակը ներկայացնում է ընտանիքի ուժը՝ դրանում ընդգծելով հատկապես կնոջ դերը, ինքնադիմանկար և այլն: Այնուամենայնիվ, կտավներից մի կնոջ դիմանկար՝ «Այգում» անվանումով, հեղինակի համար ամենաթանկ ու սիրելի նկարն է: Նկարի պատմությամբ կիսվելուց հրաժարվեց:
Քանի որ ցուցադրությունը կայանում է հայկական պետությունների անկախության տոներին ընդառաջ՝ հեղինակը խոսեց ազգի հոգեբանության, պատմության և տեղի ունեցող փոփոխությունների մասին: «Ես տեսել եմ բռնաճնշումների ենթարկված մոխրագույն մարդկանց, սակայն այսօրվա մեր երիտասարդությունն այդպիսին չէ: Նրանք այսօր չեն ընդունում ոչ մի ճնշում, ու դա գերազանց է: Սա այն սերունդն է, ում կողքին կկանգնեի պատերազմի դաշտում: Միայն կցանկանայի, որ մենք՝ հայերս, ավելի շատ հավատայինք և կարողանայինք ավելի երկար մնալ միասնական»:
Մհեր Ստեփանյանը պատմեց, որ հայրենիքում սա իր առաջին անհատական ցուցադրությունը չէ, բայց արտասահմանում ավելի հաճախ է ներկայացրել իր աշխատանքները, մոտ 6 տարի էլ ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Այժմ նա ապրում է Իջևանում, ստեղծագործելուն զուգահեռ դասավանդում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում: «Իջևանը որպես բնակության և գործունեության վայր եմ ընտրել քաղաքի սահմանամերձ լինելու համար», նշեց նկարիչը:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ