Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական գյուղապետի որդու կողմից թոշակառու կնոջ ծեծը նոր երանգներ է ստանում

Սեպտեմբեր 01,2016 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Միշա Ղրզոյանի որդու` Արթուր Ղրզոյանի կողմից ծեծի ենթարկված կինը` թոշակառու Սվետլանա Վարդանյանը, դիմել է ՀՀ ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի` «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը» հատկանիշներով:

Aravot.am-ը նշված միջադեպի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստացավ Միշա Ղրզոյանից: Հիշեցրինք, որ արդեն քրեական գործ է հարուցվել, բայց, միևնույն է, գյուղապետը վստահեցրեց, թե իր տղան չէ կնոջը ծեծողը. «30 տարեկան տղա` Աշոցքի, Ամասիայի, Ղուկասյանի գազի գլխավոր ինժեները ո՞նց կարող է մոր տարիքի կնոջը ծեծել: Հնարավո՞ր է նման բան պատկերացնել: Հարցրե՞լ եք այդ կնոջը, թե մեր մեջ որևէ տարօրինակ երևույթ, ոչ հարգալից  վերաբերմունք երբևէ եղե՞լ է»:

Ընտանիքների հարաբերությունների առիթով Վարդանյանները մեզ հետ զրույցում հաստատեցին, որ հարաբերություններն իրենց և գյուղապետի ընտանիքների միջև նորմալ են, որևէ խնդիր չեն ունեցել, իսկ երբ ոստիկանությունում Սվետլանա Վարդանյանը հայտնել է, որ Միշա Ղրզոյանի որդին է ծեծի ենթարկել իրեն, դրան հաջորդել են սպառնալիքները, հերյուրանքներն ու զրպարտությունները Վարդանյանների հասցեին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Սվետլանա Վարդանյանի դուստրը` Աննա Վարդանյանը, հայտարարել էր, որ իրենց հասցեին սպառնալիքներ են հնչեցնում: Գյուղապետը սա ևս փորձեց հերքել ու մեղքը բարդել այլ անձանց վրա. «Այս ամենը չի համապատասխանում  իրականությանը: Դա ընդամենը կեղծիք է: Այս ամենը կազմակերպողը Ռոմիկ Մանուկյանն է (Շիրակի նախկին մարզպետ,-Տ.Հ.): Ինքը կարճ ճանապարհով է ուզել անցնել` այնպես է բեմադրել, որ հավատացնի այդ մարդկանց, որ դա մենք ենք եղել: Եթե պատասխանեն, թե ինչու պիտի իմ տղան նման քայլի դիմած լիներ, ես կասեմ, այո, մենք ենք արել»:

Մեր այն հիշեցմանը, թե մամուլում լուրեր են պտտվում, թե Միշա Ղրզոյանն իր ոստիկանական, ՀՀԿ-ական կապերով է այդպես վստահ իր վրա` ինքը հիշատակել է նաև Արթիկի ոստիկանապետի անունը, պարոն Ղրզոյանն արձագանքեց. «Թեկուզ ընկեր էլ լինի, ախպեր էլ լինի, ո՞վ նման արտահայտություն կանի, ի՞նչ է` ես այդքան թեթևսոլիկ եմ»:

Կապ հաստատեցինք նաև Շիրակի նախկին մարզպետ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի հետ: Նա հայտնեց. «Եթե քրեական գործ է հարուցված, իրավապահներն էլ պետք է բացահայտեն, ապա ով արել է, նա էլ պատիժ պիտի ստանա համապատասխան ձևով: Տուժողն էլ տեսել է, բոլորը հայտարարում են` ով է եղել ծեծի ենթարկողը, ինչի՞ մասին է խոսքը: Պատժից խուսափելու խնդիր ունեն, հանցագործությունը թաքցնելու համար քաղաքական աստառ տալն է ամենահեշտ միջոցը: Իմ կողմից նման մարդիկ անընդունելի են»: Ռոմիկ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, թե Սարատակում սա կնոջը հարվածելու ու ծեծելու առաջին դեպքն է:  Ըստ նրա` «այս ընթացքում կորցնելով քվեներ այդ մարդը հիստերիայի մեջ ընկած ծեծում է կանանց, ինչն արդեն անընդունելի է»:

Ռոմիկ Մանուկյանն այս իրավիճակում իրավապահներին կոչ արեց հետևողական լինել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930