Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Իշխանական նախընտրական շտաբերում այնպիսի գումարներ են պտտվում, 500-600 հազար դրամը մեծ բան չի»

Սեպտեմբեր 01,2016 17:55

Ընտրություններում քվեարկածների ցուցակների հրապարակումը` նույնականացման քարտերով փոխարինման եւ ընտրողների մատնահետքերը գրանցելու փոխարեն, 4+4+4 ձեւաչափում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը համարժեք մոտեցում չի համարում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ 4+4+4 պայմանական ձևաչափով անցկացված բանակցությունների արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները առաջիկա համապետական ընտրություններին կյանքի չեն կոչվելու: Պատճառն այն էր, որ կառավարությունից ԿԸՀ-ին տեղեկացրել էին, որ տեխնիկական ապահովումն իրականացնող լեհական ընկերությունը չի կարող մինչև սեպտեմբերի 1-ը սկսել գործընթացը, ինչը պահանջվում էր օրենքով:

Հիշեցնենք, նաեւ, որ 4+4+4 ձևաչափով ամիսներ տևած քննարկումների արդյունքում այս տարվա հունիսի 30-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը կրկին փոփոխվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավորվեց միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ մինչև սեպտեմբերի 1-ը սկսել փոփոխությունների գործընթացը, համաձայն որի, ընտրողներին պետք է անվճար տրամադրվեին նույնականացման քարտեր, ձեռք բերվեին տասը մատնահետքերը ստուգող սարքավորումներ և ստեղծվեր այդ մատնահետքերի տվյալների միասնական պահոց:

Այժմ քննարկվում է` իբրեւ փոխզիջումային տարբերակ, ընտրություններում քվեարկածների ցուցակների հրապարակումը: Դա ՀԱԿ-ի առաջարկն է:

«Մենք չենք բացառում նոր լրացուցիչ մեխանիզմների ներդրումը, միգուցե նաև՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, կեղծարարության պատժաչափի խստացումը: Բանակցությունները կշարունակվեն ընդդիմության հետ, և մենք կարող ենք գալ նոր ընդհանուր համաձայնության, որպեսզի ընտրություններն անցկացնենք բարեփոխված Ընտրական օրենսգրքով»,-երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Քվեարկածների ցուցակների հրապարակումն, ի դեպ, Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի պահանջն է եղել` արդեն մոտ երկու տասնամյակ:

Ի դեպ, մեր տեղեկություններով, բավական ակտիվ քննարկումներ են ընթանում քաղաքական ուժերի, մասնավորաբար, ՀԱԿ-ի հետ: Քննարկումները, որոնց մասնակցում է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն, անցնում են ՀԱԿ խմբակցության սենյակում:

4+4+4 ձեւաչափը ներկայացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մինչդեռ կարծում է. «Դա խախտումը հետագայում գտնելու միջոց է այն դեպքում, երբ մատնահետքերի մեխանիզմը կանխարգելիչ մեխանիզմ է: Մենք տեսել ենք մարդիկ, ովքեր կրկնաքվեարկությունների վրա բռնվելով տուգանվել են ընդամենը 500-600 հազար դրամով: Իսկ ընտրությունների ժամանակ իշխանական նախընտրական շտաբերում այնպիսի գումարներ են պտտվում, որ այդ 500-600 հազար դրամը մեծ բան չի: Շատ դեպքերում իրենք կարող են նույնիսկ գիտակցված գնալ այդ հանցագործությանը»:

Քաղհասարակության ներկայացուցիչները շարունակում են պնդել` բոլոր հնարավոր փոփոխություններով հանդերձ` նոր ԸՕ-ն ավելի վատն է, քան նախկինը: Նկատի է առնվում լրագրողների եւ վստահված անձանց թվաքանակի սահմանափակումները, ընտրակարգը, կայուն մեծամասնության ինստիտուտը, ռեյտինգային ցուցակները եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930