Այսօր Հյուսիսային Օսիայում Բեսլանի գրոհի 12-րդ տարելիցը նշելու սգո արարողության ընթացքում ձերբակալվել են բողոքի ակցիա իրականացրած մի խումբ կանայք և ակցիան նկարահանող երկու լրագրողներ:
2004 թվականի սեպտեմբերի 1-ին Բեսլանի թիվ 1 դպրոցի պատանդառման և ահաբեկչական գրոհի դեմ ռուսական հատուկ ուժերի իրականացրած գործողության հետևանքով զոհվել է 334 մարդ, այդ թվում՝ 186 աշակերտ: Մարդկանց մեծ մասը սպանվել է այն ժամանակ, երբ անվտանգության ուժերը, զրահամեքենաներ և հատուկ միջոցներ կիրառելով, փորձել են փրկել դպրոցի ականված մարզադահլիճում պահվող պատանդներին:
Այսօր, երբ ղողանջել են դպրոցի զանգերը, գրոհի զոհ դարձած աշակերտների հինգ մայրեր անսպասելի բոլորի համար պարզել են իրենց շապիկները՝ նախագահ Վլադիմիր Պուտինին ողբերգության համար մեղադրող գրություններով: Ոստիկանները ձերբակալել են մայրերին, ասելով, թե նրանք չարտոնված ակցիա են նախաձեռնել:
Արմեն ՔՈԼՈՅԱՆ