Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Տիգրան Մարտիրոսյանի որակազրկման չափը հայտնի կդառնա մոտ ապագայում»

Սեպտեմբեր 01,2016 17:15

ՄՕԿ-ի հայտարարությունը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի որակազրկման մասին, կայծակնային արագությամբ տարածվեց նաեւ հայկական լրատվական դաշտում:

Aravot.am-ը ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ զրուցեց այդ թեմայի շուրջ:

-Պարոն Ալավերդյան, ՄՕԿ-ը փաստորեն հաստատել է մեր լավագույն մարզիկներից մեկի՝ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի որակազրկման փաստը եւ առաջարկել վերադարձնել Պեկինի օլիմպիական խաղերի մեդալը: Ձեր մեկնաբանությունը տեղի ունեցածի մասին:

-Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այդպիսի պաշտոնական նամակ չի ստացել: Այն պետք է որ ՀԱՕԿ ուղարկված լինի: Բայց քանի որ այդ տեղեկությունը հրապարակվել է ՄՕԿ-ի կայքում, դա կարելի գնահատել որպես իրողություն:

Ինչ վերաբերում է մեդալը վերադարձնելուն, այդ հարցը վերջնական պատասխան կստանա ամենամոտ ժամանակներս՝ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրավիրվելիք գործկոմի ընդլայնված նիստից հետո միայն:

-Հնարավո՞ր է, որ միջազգային ֆեդերացիան չեղյալ համարի ՄՕԿ-ի որոշումը:

-Եկեք մի փոքր էլ սպասենք: Բայց իմ անձնական կարծիքով դա քիչ հավանական է: Համենայն դեպս, ես այդպիսի նախադեպ այս պահին չեմ հիշում: Ամենայն հավանականությամբ, Տիգրանը կվերադարձնի Պեկինի օլիմպիական մեդալը:

– Տիգրանի որակազրկումը գրեթե անխուսափելի է: Բայց երբ մարզիկ է որակազրկվում, ապա նշվում է՝ որքան ժամանակով, երբվանից է այն ուժի մեջ մտնում եւ երբ է ավարտվում: Դրան ավելացրած, հստակ որոշվում է նաեւ, թե կարգազանցության փաստի արձանագրումից հետո նրա մյուս նվաճումներին ի՞նչ ճակատագիր է սպասվում:

-Վերջին շրջանում համաշխարհային դոպինգ սկանդալները  նոր երեւույթ են համաշխարհային սպորտում: Նման բան երբեք չի եղել: Կարծում եմ, այս պահին ձեր հարցերի պատասխանը ոչ-ոք չգիտի: Կկայանա IWF- ի գործկոմի ընդլայնված նիստը, հետո հակադոպինգային կոդեքսը խախտած բոլոր մարզիկների (ոչ միայն ծանրամարտում) նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների հաստատման կամ մերժման, պատժամիջոցների կիրառման ժամկետների, ձեւերի, խստության հետ կապված բոլոր հարցերը կդրվեն ՄՕԿ-ի քննարկման սեղանին եւ միայն դրանից հետո ամեն բան հայտնի կդառնա ու ձեր տված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930