Ս/թ. սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի միջազգային օրվա առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Լազարյան եղբայրների անվ. արևելյան լեզուների, այդ թվում հայերենի, խորացված ուսուցմամբ Մոսկվայի 2042 հանրակրթական դպրոց, որտեղ ուսուցչական անձնակազմի և բարձր դասարանների աշակերտների համար հանդես է եկել բաց դասով, որին ներկա է գտնվել նաև շրջանի տեղական իշխանության ղեկավարը:
Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ դեսպան Եսայանն ընդգծել է, որ Մոսկվայի թիվ 2042 դպրոցը, որտեղ մոտ 650 աշակերտից 300-ը հայազգի պատանիներ են, Հայաստանի սահմաններից դուրս իրականացնում է կարևոր առաքելություն հայոց լեզվի պահպանման և հանրայնացման գործում՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ մոսկվաբնակ հայազգի երեխաների ուսանել մայրենի լեզուն, հայոց գրականությունն ու պատմությունը:
Բաց դասի ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև հայ-ռուսական համբերությունների արդի փուլին, 25 տարի առաջ ԼՂ Անկախության հռչակման և հակամարտության կարգավորման գործընթացներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջնահերթությանը: Դեսպան Եսայանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի ղեկավարությանը՝ նշյալ առանցքային հարցերի շուրջ աշակերտների շրջանում իրազեկության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագետները բաց դասեր են անցկացրել նաև Ռուսաստանի մայրաքաղաքի հանրակրթական այլ հաստատություններում, մասնավորապես՝ Մոսկվայի բազմամշակութային թիվ 1650 հանրակրթական դպրոցում, որտեղ ուսուցանվում է հայոց լեզու և գրականություն առարկան և գործում են հայկական մշակութային խմբակներ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն
Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ դեսպան Եսայանն ընդգծել է, որ Մոսկվայի թիվ 2042 դպրոցը, որտեղ մոտ 650 աշակերտից 300-ը հայազգի պատանիներ են, Հայաստանի սահմաններից դուրս իրականացնում է կարևոր առաքելություն հայոց լեզվի պահպանման և հանրայնացման գործում՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ մոսկվաբնակ հայազգի երեխաների ուսանել մայրենի լեզուն, հայոց գրականությունն ու պատմությունը:
Առավոտ ջան, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից կարո՞ղ եք պարզել, թե վերոնշյալ մտքերը դեսպան Եսայանը ինչ լեզվով է արտահայտել: Խիստ կասկածում եմ, որ հայերեն ասած լինի: Ու մեր կյանքը միշտ այսպես է. կարող ենք հայերենի իբր կարեւորությունը մատնացույց անել նրանց, ով մեր կարծիքով պիտի պահպանի այն, բայց այդ մասին խոսենք լրիվ ուրիշ լեզվով` եւ միշտ ցանկացած լեզվին ստորադասելով հայերենը: