Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռվի պահին իմ էրեխեն էն առաջին գծում էր, բայց իմ լույսս անջատեցին 15 հազար դրամի համար» (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2016 16:38

Աղավնաձորցիները բողոքի ակցիա են անում՝ պահանջում են խաղողի մթերման գումարները

Այսօր Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի դպրոցահասակ երեխաների փոխարեն դպրոց էին գնացել իրենց ծնողները, տատիկ-պապիկները: Գնացել եւ փակել էին դպրոցի մուտքը, որպեսզի ոչ մի երեխայի թույլ չտան մտնել դպրոց: Դպրոցը բաց էր միայն ուսուցիչների համար, որոնք այդպես էլ ամբողջ օրը դատարկ դասարաններում անցկացրեցին առաջին ուսումնական օրը: Դպրոցը այս տարի 22 առաջին դասարանցի ունի, որոնք այդպես էլ չեկան, իսկ ամբողջ դպրոցում սովորում են 200 աշակերտ:

Բանն այն է, որ շատ ծնողներ իրենց երեխաներին չեն կարողացել ապահովել նոր հագուստով եւ գրենական պիտույքով ՝ պատճառաբանելով, որ «Վեդի Ալկո» ընկերությունը գյուղի բնակիչներին անցած տարվանից չի վերադարձրել շուրջ 140 միլիոն դրամ խաղողի պարտք:

14194367_957350034374594_609797037_n 14203439_957349664374631_389071167_o 14203699_957349917707939_1113001548_o 14215218_957350397707891_1911504510_o 14215718_957349994374598_1183987503_o

Ծնողների կողքին էին իրենց երեխաները, որոնք մեզ հետ զրույցում ասացին, որ դժվար է իրենց համար, երբ ամբողջ տարի իրենց ծնողների հետ աշխատել են, հիմա եւս պարտավորված են զգում կանգնել ծնողի կողքին եւ պահանջել իրենց հասանելիք գումարը:

«Նոր շոր, կոշիկ չենք առել, մի հատ նոր տապչկա ունեմ՝ նվեր եմ ստացել»,-ասաց աշակերտներից մեկը:

Աղավնաձորցի մի կին արտասվելով, նեղսրտած ասում էր՝ «Կռվի պահին իմ էրեխեն էն առաջին գծում կանգնած էր, էսօր չեմ կարում մուծեմ, որ լույսս չանջատեն: Էն մութ տեղը էրեխես զանգեց ասեց՝ միացրեք լույսը, ես պոստեր եմ գնում, մութ տեղը «վեշս» չեմ կարում կապեմ: Էրեխես էլ լաց ա լինում գիշերվա կեսին»: Կնոջ ներկայացմամբ՝ նրանց խնդրանքին չեն ընդառաջել ու չեն միացրել էլեկտրաէներգիան, որի համար պարտք է 15 հազար դրամ:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեկ այլ աղավնաձորցի էլ ասաց, որ իր հասանելիք գումարը՝ խաղողի բերքից, որը «Վեդի Ալկո» է մթերել, կազմում է 1 միլիոն 200 հազար. «Ու էս գումարի դիմաց 3 միլիոն պարտքի տակ ենք ընկել բանկերում: Եթե ժամանակին ստացած լինեինք էդ 1 միլիոնը, էսօր 3 միլիոն պարտքի տակ չէինք ընկնի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Աղավնաձորցիներից ոմանք այս տարի չեն մշակել իրենց խաղողի այգիները, նախ գումար չեն ունեցել մշակելու համար, հետո էլ՝ հույս չունեին, որ լավ կլինի, նորից վարկ պիտի վերցնեին, մշակեին այգին, ու նորից վարկի տակ մնային, քանի որ մթերող ընկերությունը կամ չէր վերցնի բերքը, կամ էլ՝ եթե վերցներ, էլի գումարը չէր կարողանալու վճարել:

Մանրամասն՝ տեսանյութում

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930