Համամասնական ընտրակարգի ներմուծումը բավական ակտիվացրել է քաղաքական կյանքը հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում. այստեղ բավական թեժ ընտրապայքար է սպասվում: Ընտրապայքարի դուրս եկած կուսակցությունների թիվը բավական մեծ է, մասնակցում են 10՝ «ԳԱԼԱ», «Ալյանս»,«Քաղաքացիական պայմանագիր», ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Գյումրեցու ոգի»,«Հայկական վերածնունդ», «Գործարար» և Համախմբում» կուսակցությունները և մեկ դաշինք, որը կրում է Գյումրու գործող քաղաքապետի ազգանունը՝ «Բալասանյան» դաշինք: Այն ստեղծվել է գործող քաղաքապետին սատարող «Հանրապետական» ու «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունների համախմբումից:
Թե ովքեր են ներկայացված թվարկված կուսակցությունների ցուցակում, նրանց կենսագրականներին, անցած ճանապարհին կանդրադառնանք առաջիկայում, այժմ միայն փաստենք, որ թեկնածուների ընդհանուր թիվը 422 է ու դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ արդեն իսկ նկատելի է մեծ լարվածություն, որը երբեմն ուղեկցվում է անձնական վիրավորանքներով՝ հասցեագրված այս կամ այն կուսակցության ցուցակը գլխավորող անձին:
Նախընտրական կրքերի ֆոնին քննարկման թեմա է դարձել նաև ԲՀԿ ցուցակն առաջնորդող Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի մականունը: Նա Գյումրիում հայտնի է «Ապար» մականվամբ: Թեկնածուն Aravot.am-ի հետ զրույցում հարկ համարեց պարզաբանել իր մականվան ծագումը: «Ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, որ սև PR-ի կողմնակից չեմ, ես իմ նախընտրական կամպանիան եմ տանելու, ունենալու եմ իմ գիծը, մտադրություն չունեմ վարկաբեկելու որևէ մեկ թեկնածուի, բայց զգուշացրել եմ՝ եթե որևէ մեկը փորձի ինձ մեղադրել անհիմն, ուրեմն կրկնակի ու եռակի անգամ պատասխան կստանա…Խոստանում եմ՝ կստանա հուժկու, ոչ թե իրականությանը չհամապատասխանող պատասխան, այլ փաստերի պատասխան: Ես կողմնակից եմ խաղաղ, հավասարակշռված նախընտրական գործընթաց տանելու, թույլ էլ չեմ տա որևէ մեկը ինձ վարկաբեկի: Իհարկե, կարող է մտքերով անցնի տարբեր լրատվամիջոցներով ցեխ շպրտել, բայց ակնհայտ կերևա, թե որ թեկնածուի կողմից կարող է լինել և անպայման հակահարված կստանա:
Գյումրեցին շատ լավ ճանաչում է ինձ, սև PR-ը միշտ չէ, որ կարող է արդյունավետ լինել: Սև PR-ն արդյունավետ է այն ժամանակ, երբ համապատասխանում է իրականությանը, բայց գյումրեցին գիտի՝ ով է Վարդևան Գրիգորյանը, գյումրեցին գիտի, թե Վարդևան Գրիգորյանը ինչ ձևով է նվիրված Գյումրուն: Գյումրեցին գիտի, որ երկրաշարժից հետո, երբ շատ բուհերի ուսանողներ հեռացան քաղաքից, Վարդևան Գրիգորյանը մի շարք ընկերների հետ նախաձեռնեց տնակային համակարգի ստեղծում՝ ուսումնական պրոցեսը քաղաքում պահելու համար: Եվ մենք կարողացանք բուհը պահել, բուհի հետ պահել երիտասարդությանը քաղաքում, ինչ-որ տեղ Գյումրու վերածնունդ ասեմ, թե կյանքի շարունակություն ասեմ, պայմանավորված եղավ այդ ինստիտուտի Գյումրիում մնալով»,-ասաց Վարդևան Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ հպարտանում է իր մականվամբ: «Իմ երիտասարդ տարիներին, երբ ինձ Վարդևան էին կոչում, գիտեի, թե ինձ համար անծանոթ անուն է, նույնիսկ դասախոսները, երբ ինձ Վարդևան էին ասում, շատ անգամ ուշադրություն չէի դարձնում: Ասեմ, թե ոնց է ծնվել իմ Ապար անունը, մեր Քութայիսյան փողոցի հայրական տան դիմաց ապրում էին Շատվորանց եղբայրները, եղբայրների մեջ կար Կամիս ձյաձյան: Եղբայրներս, քույրերս նրան Կամիս պապա էինք ասում, նրա իսկական անունը Կամսար էր: Իմ պապիկի անունն էլ էր Կամսար, դիմացի հարևանի անունն էլ էր Կամսար, որին, ինչպես ասացի, Կամիս պապա էինք ասում, նրա փոքր տղան՝ Ֆերդինանտը իմ մանկության ամենամտերիմ ընկերն է, ես մեկ տարով ավագ եմ իրենից, Կամիս ձյաձյան էլ՝ ի պատիվ մեր ընկերության, քանի որ մեկ տարով ավագ էի իր որդուց, ինձ անվանել է Ապար, այսինքն՝ իր տղայի ավագ եղբայր: Ապարը մեր լեքսիկոնում նշանակում է մեծ, մեկ-մեկ ասում ենք չէ ՞ ապար-ապար մի խոսիր, սա նշանակում է ՝ մեծ-մեծ մի խոսիր: Կամիս ձյաձյան ինձ մեծ եղբոր իրավունքն է տվել՝ ինձ անվանելով Ապար:
Ապարը անունը ես կրում եմ հինգ տարեկանից և հետագայում լուսահոգի Չոլախյան ունեինք, բասկետբոլի վաստակավոր մարզիչ, կարող եմ ասել հանրապետության համար անփոխարինելի մարզիչ, իր հորեղբոր տղայի անունը Ապարով էր, նա ֆուտբոլի մրցավար էր, նա չգիտեմ ինչ նմանության էր գտել, իմ Ապար անունը դարձրեց Ապարով:
Սա է իմ անվան հետ կապված ողջ պատմությունը ու նորից եմ կրկնում, ես շատ հպարտ եմ իմ անվան համար, և երբ ինձ ասում են Ապար, ես սիրով ընդունում եմ այդ անունը: Եթե մարդիկ դարձնում են շահարկման թեմա, ժողովրդական խոսք կա, երբ մտնում են ծովը, խեղդվելու դեպքում ձեռքերը գցում են փրփուրներին անօգուտ, նույնը կարող եմ ասել այն մարդանց համար, որոնք այդ անունը շահարկելով՝ ուզում են իրենց փրկել խեղդվելուց»,- ասաց թեկնածուն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ