Լրահոս
Օրվա լրահոսը

Թերսնվող Հայաստանում 3.5 տոննա պանիրը հորել, ոչնչացրել են

Սեպտեմբեր 01,2016 15:35

Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի կողքով, միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները զգում են ծանր, տհաճ հոտ, որը Լուսաձորի անասնապահական ֆերմայի գործունեության հետեւանք է: Այդ կապակցությամբ բազմաթիվ բողոքներ ենք ստացել:

Այցելեցինք «ՀիմնաՏավուշ» բարեգործական հիմնադրամի Լուսաձորի ֆերմա: Այն ստեղծվել է 2012թ.՝ Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոն համագործակցության շրջանակներում: Այդ ֆերմայի կոմերցիոն գործունեությամբ զբաղվող «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գեւորգյանին հարցրինք, թե մոտ երկու ամիս առաջ ինչո՞ւ են ոչնչացրել, հորել Լուսաձորի անասնապահական ֆերմայում արտադրված 3.5 տոննա պանիրը: Նա ասաց, որ այդ պանիրը կարող էր վտանգ ներկայացնել սպառողների առողջության համար,պանրի հորման հետ կապված հարցերը պետք է տալ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ռոբերտ Նավասարդյանին, պանրի փչացման պատճառով վերջինս եւ Լուսաձորի պանրագործարանի պանրագործ Վարազդատն ազատվել են աշխատանքից: Սակայն պարզ չէ, թե ինչ փաստաթղթերի հիման վրա, մասնագիտական եզրակացությամբ են 3.5 տոննա պանիրը սպառողների առողջության համար վտանգավոր համարել եւ պանրագործարանի մոտակայքում հորել:

Lusadzor_2

Տիկին Հասմիկն ասաց, որ ինքը «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. հուլիսի 1-ից, սակայն արդեն մեկ տարի գտնվում է Իջեւանում եւ ոչ պաշտոնապես զբաղվում անասնապահական ֆերմայի ղեկավարման հարցերով: Նրան հարցրինք՝ ինչո՞ւ Լուսաձորի անասնապահական ֆերմայում կաթի վերամշակումից գոյացած շիճուկով խոզեր չեն պահում, այն արտահոսելով՝ գարշահոտ է առաջացնում: Նա ասաց, որ շիճուկն անվճար բաժանում են նրանց, ովքեր ցանկանում են, շիճուկի ավելցուկ չի լինում: Հ. Գեւորգյանն ասաց, որ Լուսաձորի անասնապահական ֆերմայում իր ղեկավարության օրոք սանիտարական պայմանները շատ են բարելավվել: Սակայն անասնաֆերմայի կողքին թափված գոմաղբը, մոտակա ձորակում տիրող, արտադրական ջրերից առաջացած գարշահոտ էր տիրում:

Lusadzor_3

Հ. Գեւորգյանին հարցրինք, թե Լուսաձորի անասնապահական ֆերմայում բացի տեղի ֆերմայի կովերի կաթից,ինչո՞ւ Իջեւանի տարածաշրջանի անասնապահների կովերի կաթը չեն վերամշակում, կաթ են ներկրում Վարդենիսից: Նա ասաց, որ նախկինում փորձել են կաթ ներկրել «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին պատկանող, Տավուշի մարզում գործող փոքր ֆերմաներից, սակայն այդ ֆերմաների ղեկավարները ասել են, որ իրենց արտադրած կաթը քիչ է: Ասաց նաեւ, որ Իջեւանի տարածաշրջանի կովերի կաթը ցածր յուղայնություն ունի, Վարդենիսից իրենք ներկրում են արտասահմանյան ցեղական կովերի բարձր յուղայնությամբ կաթ: Նաեւ հավելեց, որ եթե Իջեւանի տարածաշրջանից կաթ հանձնելու ցանկացողներ լինեն, իրենք պատրաստ են ընդունել:

«ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի տնօրենի հարցրինք, թե ինչո՞ւ է փակվել «ՀիմնաՏավուշի» Իջեւանի կաթնամթերքի խանութը: Նա ասաց, որ այդ խանութում նաեւ այլ կաթնամթերք էր վաճառվում, ինչը շփոթության մեջ էր գցում գնորդներին, այդ պատճառով իրենք վաճառողին առաջարկել են կամ լինել ֆիրմային խանութի աշխատող, վաճառել միայն իրենց ապրանքը, կամ այլ խանութների նման վաճառել նաեւ իրենց կաթնամթերքը: Վաճառողը դրական չի արձագանքել:

Հավելենք՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն Սուրեն Գեւորգյանը եւ «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Գեւորգյանը ամուսիններ են, մեզ հայտնի չեն «ՀիմնաՏավուշի» եւ «ԷկոՏավուշի» իրավաբանական հարաբերությունները: Հասմիկ Գեւորգյանն ասաց, որ նպատակ ունեն «ՀիմնաՏավուշը» ինքնաբավ, շահույթով աշխատող դարձել: Անցած 4 տարում այդ խնդիրը չի լուծվել, քանի՞ տարի կպահանջվի դրա համար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930