2016-2017 ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում ընդհանուր կսովորեն 2000-ից ավելի աշակերտ: Սա վերջին տարիների համեմատ բարձր ցուցանիշ է: Սեպտեմբերի 1-ին դպրոցի շեմին ոտք դրեց 255 առաջին դասարանցի, որը նույնպես աննախադեպ է նշված տարիների համար: Ավարտական 12-րդ դասարանցիների թիվը 100-ից ավելի է:
Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը գործում է վերաբնակեցման առաջին տարուց՝ 1994 թվականից: Գիտելիքի օրվա տոնական արարողությանը ներկա եղա շրջանի մայր կրթօջախում, որտեղ այս ուստարում սովորելու են 194 աշակերտ, որից 1-ին դասարանում՝ 27, 9-րդում՝ 19, 12-րդում՝ 8: Աշակերտների թվով երկրորդ տեղում 6-րդ դասարանն է՝ 24 հոգի:
Դպրոցի բակում կայացած արարողությունը սկսվեց մեր 2 պետությունների օրհներգների հնչեցումով և դրոշների բարձրացումով: Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրվա և մեր 2 հանրապետությունների անկախության հռչակման 25 ամյակի առթիվ:
-Արդեն 22 տարի է՝ այս հողի վրա ենք ապրում խաղաղությամբ: Ճիշտ է՝ այս ապրիլին թշնամին փորձեց խաթարել մեր խաղաղությունը, սակայն հանդիպեց հայ զինվորի դիմակայությանը, և հետ շպրտվեց: Փառք մեր զինվորին, հավերժ փառք մարտիրոսներին, -ասաց Ա. Քոսակյանը և ներկայացրեց անցած ուստարվա ձեռքբերումները, բացթողումները և շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց գերազանց և հարվածային առաջադիմություն ցուցաբերած 1-7-րդ դասարանցիներին:
Կարդացեք նաև
Տեղեկացրեց, որ այս տարի դպրոցն ավարտել են 14 աշակերտ, նրանցից 8 հոգի ընդունվել է ՀՀ և ԼՂՀ պետական բուհեր: 2 տղա՝ Արա Մասկաևը և Նարեկ Հայրապետյանը, Հայոց բանակի զինվորներ են դարձել. Մաղթեց, որ բոլոր զինվորները տուն գան անփորձանք: Նշեց նաև, որ ամռանը «Թեքեյան» հիմնադրամի կողմից 15 աշակերտ հանգստացել են «Արագած» ճամբարում:
Հաջողություններ են գրանցվել նաև արտադպրոցական միջոցառումներում: Դպրոցի ՆԶՊ կաբինետը հանրապետությունում ճանաչվել է լավագույնը: Դպրոցականների առարկայական օլիմպիադայում 12-րդ դասարանցի Արեն Հովհաննիսյանը ՀՀ հանրապետական փուլում և ասմունքի մրցույթում արժանացել է մրցանակների: «Մեղու» և «Կենգուրու» մրցույթներում կրթօջախի սաներ Սնեժանա Խաչատրյանը և Ռոման Նասիբյանը ճանաչվել են հաղթող: Այս և ասմունքի մրցույթի կազմակերպիչներ՝ շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի տեսուչներ Սիրվարդ Թամազյանը և Արաքսյա Այվազյանն անդրադարձան մրցույթների արդյունքներին, շնորհավորեցին հաղթողներին, հանձնեցին պատվոգիր և հավաստագիր:
Ս. Թամազյանը դպրոցին հանձնեց «Կենգուրու» մրցույթին մասնակցելու հավաստագիրը: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր շնորհավորական խոսքում կարևորեց դպրոցի դերը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին, որոնց աշխատանքի արդյունք են նշված ձեռքբերումները: Առանձնակի շնորհավորեց առաջին դասարանցիներին, ովքեր այսուհետ աշակերտ են և մեր երկրի վաղվա քաղաքացին, մեր գործի շարունակողը:
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի(ԿՍ) բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը շնորհավորական խոսքում կարևորեց, որ աշակերտները լավ սովորեն, գիտելիքներ ձեռք բերեն, որովհետև նրանք են մեր երկրի վաղվա տերը: Տեղեկացրեց նաև, որ այս ուստարում նոր շենքում կգործի Հերիկի դպրոցը, Արտաշավիի Լ. Աղգալդյանի անվան միջնակարգում նորոգման աշխատանքներ են ընթանում, և մի քանի օրից դասերը կընթանան նաև այդտեղ:
Ընթացքում դպրոցի միջին և բարձր դասարանների աշակերտները հանդես եկան ելույթներով՝ երգով ու ասմունքով շնորհավորելով Գիտիլիքի օր և գալիք տոների առթիվ: 12-րդցիների ուղեկցությամբ զինվորական երգի հնչյունների տակ առաջ եկան նորեկները՝ այս հողի տերերը՝ հավատով, որ այսօրվա առաջին դասարանցի-վաղվա մեր զինվորներ տղաները երբեք թույլ չեն տա, որ թշնամին ոտք դնի այս հողին: Նրանցից հետ չեն մնա նաև աղջիկները, եթե զգացվի կարիքը: Սակայն այսօր, վաղը և հավերժ մենք խաղաղություն ենք ուզում, և պատահական չէր, որ շարքեր կազմած դպրոցականների ձեռքերում հայտնվեցին թղթե ճերմակ աղավնիներ՝ խորհրդանշելով մեր մանուկների՝ խաղաղ ապրելու երազանքը:
Հանդիսավոր մասից հետո առաջին դասարանցիները հնչեցրեցին զանգակը և առաջինն իրենք ոտք դրեցին դպրոց: Այս տարի ևս նրանց պայուսակներ ու գրենական պիտույքներ էր հատկացրել ՀՀ ԵԿՄ-ն՝ Արցախյան հերթական ուխտագնացության ժամանակ:
Դպրոցի դահլիճում կայացավ գրական հանդես՝ միջին դասարանցիների մասնակցությամբ: Աշակերտներն անդրադարձան Հայոց բանակի այսօրվան, ապրիլյան պատերազմական իրադարձություններին, մեր հայրենիքի անցած և ներկա ժամանակներին:
Այնուհետև կայացավ Արիության դաս, որը վարեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ Վիլեն Սիմոնյանը և տողերիս հեղինակը: Վ. Սիմոնյանը խոսեց Բերդաձորի ինքնապաշտպանության տարիների, ազատագրական մարտերի մասին: Մաղթեց, որ երբևէ պատերազմ չլինի, որ մեր այս լուսերես մանուկները մեծանան խաղաղ երկնքի տակ: Մեր ելույթներում կարևորեցինք այն, որ գիտության և տնտեսության զարգացումով է հնարավոր ունենալ հզոր բանակ, ուստի մեր աշակերտները պետք է լավ սովորեն, գիտելիքներ ձեռք բերեն և դրանք օգտագործեն ի շահ երկրի կայացմանը:
Նույն օրը Գիտելիքի օրվան նվիրված արարողություններ կայացան շրջանի բոլոր դպրոցներում: Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգն արդեն 20 տարեկան է. տոնական արարողության ժամանակ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը շնորհավորեց ներկա և գալիք տոների առթիվ, կարևորեց ուսուցչի դերը մեր ժողովրդի կյանքում և ներկա մանկավարժներին հորդորեց այսուհետ ավելին անել: Ներկա էր նաև ԿՍ բաժնի վարիչի տեղակալ Վահե Դավթյանը:
Դպրոցի տնօրեն Համբարձում Արզանյանը նույնպես շնորհավորեց ներկաներին՝ աշակերտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, հյուրերին և մաղթեց, որ խաղաղությունը տիրի աշխարհում: Հայոց պետական օրհներգների հնչյունների տակ բարձր դասարանցիները շնորհավորեցին առաջին դասարանցիներին, որ 24 հոգի են: Նրանց համար պայուսակ ու գրենական պիտույքներ են հատկացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից:
Այստեղ ես անցած ուստարվա գերազանց և լավ գիտելիք ձեռք բերած աշակերտները 1-ից 7-րդ դասարանցիներ են: Նրանց գովասանագրերը հանձնեց ուսմասվար Նունե Զոհրաբյանը:
Այսպիսով՝ մեկնարկեց ուստարին, և հուսանք՝ մեր աշակերտների դասերը չեն ընդհատվի պատերազմի և այլ չար երևույթների պատճառով;
Զոհրաբ Ըռքոյան