Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Ոմանք շուկայում ձեռք են բերել իշխանություն՝ արհամարհելով գործող օրենսդրական պահանջները» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2016 13:53

Լրագրողները սեպտեմբերի 1-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում առաջին կուրսեցիներին ողջունելու եկած Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչ քայլեր է անում կառավարությունը՝ մենաշնորհների դեմ պայքարի համատեքստում:

«Հենց առաջին օրվանից ասել եմ, որ հիմքերի հիմքը օրենսդրական վերանայումներն են, այսօրվա մեր գործող օրենսդրությունը լիարժեք լուծում չի տալիս մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմ գործադրելուն, բայց սա անշուշտ չի կաշկանդում, որպեսզի մի քանի կարեւոր քայլեր իրականացնենք: Դրանցից առաջինը ներմուծումների որոշակի սահմանափակումների արգելքի վերացումն է, երկրորդը՝ մեծածախ եւ մանրածախ շղթայի քանդումը, երբ մեծածախ ներմուծողները կամ խոշոր արտադրողները իրենք դառնում են նաեւ մանրածախ վաճառողներ, ակնհայտորեն շուկայից դուրս են մղում այլ սուբյեկտների ու փոքր արտադրողների, ովքեր զբաղված են միայն մանրածախ վաճառքով:

Երկրորդ կարեւոր գործողությունն այս կապը խզելն է, երրորդ կարեւոր գործողությունը երկրի ներսում շուկայում դիրքեր գրավելու գործընթացները առավել հետեւողականորեն հսկելն է: Ցավոք մեզ մոտ հաճախ հանդիպում են դեպքերի, երբ որեւէ անձ շուկայում ձեռք է բերում որոշակի իշխանություն՝ արհամարհելով անգամ գործող օրենսդրական պահանջները, ու այս պարագայում չկա համապատասխան մեխանիզմ եւ լծակ, որպեսզի կասեցնես, չթողնես: Առանձին դեպքերում եթե կա էլ այդ լծակը, ինչպիսին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորություններն են, սակայն, այնքան լայն են հայեցողական լիազորությունները, որ պարտադրանքը չի դառնում պետական մարմնի համար որպես պարտադիր գործադրվող նորմ: Հետեւաբար, օրենսդրական փոփոխությամբ այս հարցը պետք է լուծվի, որպեսզի արագ արձագանք լինի»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ դեմպինգային գործունեության՝ արհեստական գնագցման կամ գների նկատմամբ մանիպուլյացիայի միջոցով ոմանց կողմից մրցակիցներին շուկայից դուրս մղելուն: «Հաճախ մենք հանդիպում ենք նման գործողությունների, բայց այսօրվա օրենսդրությունը միայն ներմուծումների ժամանակ է այդպիսի մեխանիզմներ նախատեսում, իսկ շուկայի ներսում չկա այսպիսի մեխանիզմ: Կարեւոր է, որ այսպիսի գործողությունները նաեւ ամբողջական դիտարկելի լինեն: Որպես էկոնոմիկայի նախարարություն, մենք հիմա ձեւավորել ենք թիմ եւ աշխատում ենք այս ուղղությամբ, աշխատում ենք ոչ միայն ՏՄՊՊ-ի, այլեւ միջազգային կառույցների հետ, որպեսզի ունենանք լավագույն, ժամանակակից միջազգային փորձը բավարարող օրենսդրություն»,-հավելեց նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930