Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է մեզ արդյոք լուսավոր ապագա՝ առանց աղբի. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 01,2016 12:56

Կառավարությունը նախատեսում է Երեւանում գտնվող ու պետական սեփականություն հանդիսացող 24,42 հա հողատարածքը հետ վերցնել «Հայանտառից» եւ փոխանցել այն մայրաքաղաքին՝ նոր աղբավայր նախագծելու նպատակով։ Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում։

Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում նոր աղբավայրի կառուցումն իրականացվելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի դրամաշնորհային միջոցներով։ Հաղորդվում է, որ նոր աղբավայրը համապատասխանելու է Եվրամիության՝ կենցաղային աղբավայրերի մասին 1999/31 դիրեկտիվի պայմաններին։
Այսօր թափոնների ուտիլացման հարցերը Հայաստանում լուծվում են բարբարոսական, միջնադարյան մեթոդներով կամ չեն լուծվում ընդհանրապես։ Ինչպես նշում են մասնագետները, հիմնական խնդիրն այն է, որ մեր երկրում աղբի մեծ մասը պարզապես հորում են, այլ ոչ թե վերամշակում, ինչպես դա արվում է այլ երկրներում։

ԵԿԱՄՏԱԲԵՐ ԹԱՓՈՆՆԵՐ

Թափոնների վերամշակման հարցն ամենից առանցքայինն ու բանավիճելին է «աղբային» խնդրի լուծման մեջ։ Երեւանն ամեն տարի արտադրում է աղբի ահռելի քանակ, որը տարվում է աղբավայրեր եւ մասամբ այրվում այնտեղ։ Վերամշակվում է աղբի չնչին քանակը։

Ստացվում է, որ մեր ոտքի տակ ընկած փողերը բառացիորեն տանում են աղբանոցներ կամ մոխրացնում։ Մինչդեռ զարգացած երկրներում կենցաղային թափոններն արժեքավոր հումք են։ ԱՄՆ-ում երկրորդական հումքից արտադրում են ալյումինե բոլոր բանկաների 70-80%-ը, Մեծ Բրիտանիայում եւ Շվեդիայում՝ 60-70%-ը։

Ճապոնիայում ուտիլացնում, այլ ոչ թե թաղում են բոլոր թափոնների ռեկորդային՝ 90%-ը։ Այդ երկրի խոշորագույն մեգապոլիսներն իրենց առջեւ խնդիր են դրել դառնալ լիովին անթափոն քաղաքներ։ Եվ նրանք արդեն մոտ են այդ գերնպատակին։
Ճապոնիայում վաղուց արդեն հոսքագծի է դրված տեսակավորված աղբահավաքման գործընթացը։ Դրա համար էլ, ասենք, մակուլատուրան վերամշակման գործարաններ է հասնում ոչ թե անհասկանալի կառուցվածքով կպչուն գնդիկերի, այլ մաքուր եւ փաթեթներով կապված թերթերի ու ամսագրերի տեսքով։

Սննդային թափոններից ճապոնացիներն արտադրում են բիովառելիք եւ ընտանի կենդանիների կեր, շինարարական ու կարծր թափոնները վերամշակվում են երկրորդական հումքի, որն այնուհետ հաջողությամբ օգտագործում են արդյունաբերության մեջ։
Վերամշակման չենթարկվող «պոչերը» ուտիլացնում են քաղաքի սահմաններից դուրս բերված աղբավառման գործարաններում։ Եվ միայն մնացորդները, որոնք հնարավոր չէ ո՛չ վառել, ո՛չ էլ վերամշակել, թաղում են հատուկ վայրերում։

Հասկանալի է, որ թափոնների ուտիլացման խնդրի լուծման նկատմամբ նման համակողմանի մոտեցման պայմաններում հորման ենթակա աղբի քանակը տարեցտարի նվազում է։ Չենք խոսում արդեն այն մասին, որ վերամշակող բնագավառը Ճապոնիայում եկամտաբեր բիզնես է։

Հեղինակ՝ Արտակ Դարբինյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930