Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի անցկացնել նախագահական արտահերթ ընտրություններ. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 01,2016 12:37

Անազատության մեջ գտնվող ու նաեւ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի՝ նախօրեին Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակի բովանդակությունը որոշակիորեն հետաքրքիր է:«Կարծում եմ,- մասնավորապես ասում է Ա.Ղուկասյանը Ժ.Սեֆիլյանին,- եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի վստահության կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը»:

Սա իսկապես ուշադրության է արժանի, քանի որ տվյալ մոտեցումը լիովին հակասում է երկրում ծավալվող իրական քաղաքական գործընթացներին եւ օրակարգին: Ի լրումն, անհասկանալի է հենց արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարն ինքնին: Սկսենք վերջինից:

Սահմանադրության փոփոխություններով, ինչպես հայտնի է, մեր երկրում սահմանվեց խորհրդարանական կառավարման մոդել, որը կսկսի գործել առաջիկա ԱԺ ընտրություններից, այսինքն՝ 2017 թվականի գարնանից հետո: Ավելի պարզ, զուտ քաղաքական տեսանկյունից իրատեսական չէ եւ մի տեսակ նաեւ անլուրջ է արտահերթ նախագահական ընտրությունների գաղափար կամ թեկուզ հենց պահանջ արծարծել հերթական համապետական ընտրություններից մոտ կես տարի առաջ:

Ավելին, ինչպես հայտնի է, 2018 թվականին, երբ լրանա գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը, հաջորդ նախագահն ընտրվելու է խորհրդարանի կողմից եւ ունենալու է սահմանափակ լիազորություններ, ինչպես ցանկացած այլ խորհրդարանական մոդել ունեցող երկրում:

Հարց է ծագում. ի՞նչ իմաստ ունի անցկացնել նախագահական արտահերթ ընտրություններ, եթե նախագահի պաշտոնը, ինչ-որ մեկ տարի անց այլեւս չի ունենալու այն դերակատարությունն ու կշիռը, ինչ այժմ:

Չէ, հասկանալի է, որ Անդրիաս Ղուկասյանը եւ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուն հաջորդած օրերին առավել ծայրահեղական հռետորաբանությամբ աչքի ընկնող առանձին գործիչները, մերձքաղաքական կամ անգամ ապաքաղաքական դեմքերը համարում են, որ երկրում սահմանադրական կարգը պետք է վերականգնել եւ այսպես շարունակ: Բայց հարցը միայն համարելը չէ, ախր: Եթե հենց միայն համարելով լիներ, նույնիսկ չենք ուզում ասել, թե համարելով ով որքան հեռու կգնար՝ փաստացի տեղից չշարժվելով:

Դո՞ւր է գալիս դա տարատեսակ բաներ համարողներին, դո՞ւր չի գալիս, կան իրողություններ, այդ թվում՝ քաղաքական իրողություններ, որ այս կամ այն գործչի կողմից ինչ-որ բան համարելուց չեն դադարում գոյություն ունենալ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի սեպտեմբերի 1-ի համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930