Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներ՝ առանց նոր աշակերտների. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 01,2016 11:51

Արագածոտնի մարզի Ոսկեթաս համայնքի ղեկավար Սամվել Հովսեփյանն առաջին հերթին արտագաղթի հանգամանքն է մատնանշում, երբ խոսում է այս տարի գյուղի դպրոցում առաջին դասարան չլինելու մասին։ «Մարդիկ արտագաղթում են։ Գյուղը բարձր լեռնային է, ապրուստի միջոց չկա, հողերը քիչ են, ոռոգվող չեն, բերրի չեն։ Կլիման բարենպաստ չէ, յոթ ամիս ձմեռ է։ Նաեւ ծնունդներն են պակասել, առաջ չորս երեխա էին ունենում, հիմա՝ հազիվ մեկը։ Առաջ մենակ ընտանիքի ծուխն էր գնում, աշխատում, հետ էր գալիս, հիմա ընտանիքներով են գնում»,- նշեց նա։

Ոսկեթասի դպրոցի տնօրեն Տիգրան Գեւորգյանն էլ մանրամասնեց, թե սպասվում էր, որ նոր ուսումնական տարում երեք առաջին դասարանցի կունենան։ Բայց երկուսի ընտանիքներն ամռան ընթացքում տեղափոխվեցին հայաստանյան այլ բնակավայրեր, իսկ երրորդը առողջական փոքր խնդիրների պատճառով դպրոց է հաճախելու հաջորդ ուսումնական տարում՝ արդեն եղբոր հետ միասին։ Այդ տարի, ըստ տնօրենի, կունենան ռեկորդային թվով՝ 10-11 առաջին դասարանցի։ Տնօրենը հույս ունի, որ մինչ այդ էլ տվյալ հասակի երեխաները ընտանիքների հետ միասին չեն լքի գյուղը։ Ասում է, որ դպրոցի ջեռուցվող հատվածը բարերարների օգնությամբ աշխատում են բարեկարգել, փոխվել են դռներն ու լուսամուտները։

Մեկ այլ համայնքում՝ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի դպրոցն առաջին դասարան չի ունենա արդեն երրորդ տարին։ Համայնքի ղեկավար Ժիրայր Պատվականյանը նաեւ տխուր կանխատեսումներ ունի։ «Ցավոք սրտի՝ հնարավոր է հետագայում նույնպես առաջին դասարան չլինի։ Պատճառը միանշանակ երիտասարդության փոքր քանակի հետ է կապված»,- կարծիք հայտնեց նա՝ հավելելով, որ երիտասարդությունը կամ արտագաղթում է, կամ չի ծրագրում ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ։

Պատերազմից հետո, ըստ գյուղապետի, համայնքի բնակչության քանակն անընդհատ նվազել է, այսօրվա դրությամբ փաստացի 171 մարդ է այնտեղ ապրում։ Գյուղի դպրոցում նախորդ տարի 22 աշակերտ է եղել։ Շրջանավարտներին ճանապարհելուց հետո մնացել են 18-ը։ «Գյուղը ծերացել է, բնակչության 70 տոկոսից ավելին տարեց մարդիկ են»,- փաստում է Ժիրայր Պատվականյանը

 

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930