ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 1-ին մասնակցեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսումնական տարվա առաջին օրվան նվիրված հանդիսավոր արարողությունը եւ շնորհավորեց ուսանողներին: Նախարարը նույն ֆակուլտետի սան է եղել եւ այժմ էլ դասավանդում է ասպիրանտուրայում:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը դիմելով ուսանողությանն՝ ասաց, որ նրանք հաղթող են ճանաչվել դժվարին մրցապայքարում: «Այսօր տնտեսագետներ պատրաստում են շատ բուհեր, բայց մեծ պատիվ է լինել հատկապես համալսարանական տնտեսագետ»,-նշեց պարոն Սարգսյանը՝ փաստելով, որ իրենց ֆակուլտետի շրջանավարտներն առանցքային տեղեր են զբաղեցնում պետական կառավարման համակարգում, տնտեսության տարբեր ոլորտներում:
Դեկանն առաջին կուրսեցիներին խորհուրդ տվեց հատկապես խնամքով վերաբերվել մի ռեսուրսի՝ ժամանակին, որի պակասորդն ամեն ոք զգում է: «Մեր մի քանի շրջանավարտներ արդեն եղել են վարչապետ, փոխվարչապետ, կառավարման համակարգում ունենք կադրեր, որոնք պատվով են կատարում իրենց աշխատանքները: Ամեն դեպքում պետական կառավարման համակարգում ամենակարեւորը պրոֆեսիոնալիզմն է»,-նշեց Հայկ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ հարազատ ֆակուլտետում, այն էլ սեպտեմբերի 1-ին: «Չթողեք, որ ձեր երազանքներն օդում մնան, ինչ էլ լինի, երբեք չընկճվեք,-մաղթեց Արծվիկ Մինասյանը,- մանավանդ դժվարին մրցապայքարում եք կարողացել նվաճել համալսարանում սովորելու իրավունքը: Երբեք չմտածեք, որ 2-րդ կամ 3-րդ կարգի քաղաքացիներ եք, դուք ՀՀ հպարտ քաղաքացիներ եք: Մենք բոլորս ձեզանից ակնկալիքներ ունենք իբրեւ քաղաքական, տնտեսական գործիչներ, պատգամավորներ, նախագահներ»:
Ի պատասխան տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը ռեպլիկ նետեց. «Իրենք ուզում են նաեւ վարչապետ դառնալ, մանավանդ անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի»:
Արծվիկ Մինասյանն ուսանողներին ծանոթացրեց մեր տնտեսության ընդհանուր վիճակի հետ, խոսեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներից, մարդկային կապիտալը զարգացման մրցակցային առավելություն դարձնելուց, շուկայական ուղղությամբ՝ սոցիալական տնտեսություն ունենալուց, անդրադարձավ նաեւ «կնճիռներին», այդ թվում՝ մենաշնորհներին:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը փաստեց, որ դահլիճում նստած առաջին կուրսեցիները մի մասն են համալսարան ընդունված ավելի քան 3000 առաջին կուրսեցիների: Նա նաեւ նշեց, որ այդ ուսանողները պատիվ կունենան 2019-ին մասնակցել Մայր բուհի 100-ամյա տոնակատարությանը: Պարոն Մարկոսյանը հավելեց, որ սեպտեմբերյան ողջույնները դեռ շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 16-ը: Այդ օրը տեղի կունենան համալսարանականների երդման արարողությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ