Զարմանալի է ամերիկյան կողմի լռությունն այն բանից հետո, երբ ՀՀ դատարանը, առանց ավելորդ ձեւականությունների, ԱՄՆ պահանջով ձերբակալված Միրոնովին ազատեց դատարանի դահլիճից եւ թույլ տվեց հեռանալ Հայաստանից։ Հայաստանում ԱՄՆ դեսպանն առնվազն անհանգստություն պետք է հայտներ, որ իր երկրի կառավարության խնդրանքն այդպես անարձագանք մնաց, բայց…
Փոխարենը անհանգստացել են հայ ամերիկասերները, որոնք համոզված պնդում են, որ ԱՄՆ-ն խնայեց Հայաստանին, որպեսզի նա չընկնի Մոսկվայի հարվածի տակ։ Լավ, էլի։ Հայաստանին խնայող ԱՄՆ-ն կարող էր, չէ՞, Միրոնովին ձերբակալելու խնդրանքով դիմել շենգենի որեւէ երկրի, որտեղ նա ազատ ելումուտ ունի։
Այս օրերին ամենաակտիվը, իհարկե, Ռուսաստանն էր։ Բանը հասավ մինչեւ Մեդվեդեւ, որը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումից հետո լոպպազացավ, թե Ռուսաստանն իր քաղաքացիներին կարող է պաշտպանել աշխարհի բոլոր կողմերում։
Բավականին ակտիվ էր նաեւ Սերգեյ Միրոնովի հայ փաստաբանը (անունն էլ չեմ ուզում տալ), որը, թեեւ որեւէ էական ներդրում չունեցավ Միրոնովի ազատ արձակման գործում (հազիվ շնչակտուր թռել էր Երեւան), հասցրեց ռուսական լրատվամիջոցներում տեղը տեղին վատաբանել ՀՀ իրավապահ համակարգն ու դատարանը։ Այնպիսի տպավորություն ստեղծեց, թե իբր Ռուսաստանի մատ թափ տալու արդյունքում է, որ Միրոնովն ազատ արձակվեց։
Կարդացեք նաև
Միրոնովի հայ փաստաբանը, սակայն, սխալվում է։ Միրոնովն ազատ չարձակվեց, նա հանձնվեց Ռուսաստանի իշխանություններին, որոնք համապատասխան վայրում դեռ մի լավ կզրուցեն նրա հետ, թե ինչու ձերբակալեցին հենց իրեն եւ ինչու հենց Հայաստանում։ Կկարողանա՞ Միրոնովը համոզիչ պատասխաններ տալ, թե՞ Մոսկվայում կորոշեն պարզել՝ այդ ինչ փողեր է լվացել նա:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում