Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցական հագուստ, պարագաներ` «պոպոքով ու բանջարով»

Սեպտեմբեր 01,2016 13:00

Եթե գյուղերում դպրոցական հագուստն ու պարագաները կարող են
ձեռք բերել բնամթերքով, մայրաքաղաքում դրա հնարավորությունն էլ չունեն

«Աշնան վերջին «պոպոքով կարտոֆիլով, խնձորով ու բանջարով» կփակվենք, բա ի՞նչ անենք, որ էս նիսյան էլ չլինի, պիտի երեխաներին դպրոց չուղարկենք»,- այսպես արձագանքեց տիկին Մարիետան, որը վազեվազ մոտեցավ Երեւանից դպրոցական պարագաներ բերած ավտոմեքենային: Վայքի գյուղերով պտտվող մեքենայի բեռնախցիկում մեծ մասը դպրոցական պարագաներ էին, այս սեզոնին հատկապես գյուղերում դրանք ամենալավ վաճառվող ապրանքներն են: Այս կողմերում առեւտուր անող մարդիկ երբեք կանխիկ գումարով չեն վերադառնում, մի հատ էլ աշնանն են գյուղերով անցնում ու հաստափոր տետրում «պլյուսներ» դնելով վաճառած ապրանքի դիմաց՝ գյուղմթերքը հավաքում: Այս շրջապտույտն արդեն 10-15 տարուց ավելի է` ապրանքի դիմաց ապրանք:

Այլապես ո՛չ առեւտրականները կարող են իրենց ապրանքը կանխիկ փողով վաճառել, ո՛չ էլ գյուղացին կարող է հագուստ, տնտեսական ապրանք եւ այլ պարագաներ գնել ու դրանց համար տեղում վճարել: Նրանց վաստակածը, կարելի է ասել, միայն սննդին է հերիքում: Դրա առեւտուրն էլ կանխիկ չի կատարվում: Գյուղերի խանութներից սնունդն «ապառիկով» են տանում եւ վճարում թոշակ ու նպաստ ստանալիս:

«Այդպես գոնե հոգսը թեթեւ է թվում, ճիշտ է՝ չարչարվել ենք, ամբողջ տարին արեւի, անձրեւի տակ կռացած մշակել ենք, այգին պարարտացրել ու ջրել ենք, որոնք նույնպես ծախսեր են պահանջում, բայց մեր այգու բերք ու բարիքով կարողացել ենք անհրաժեշտ իրերը ձեռք բերել»,- նկատեց տիկին Աշխենը: Նա այս տարի երեք թոռնիկ է դպրոց ճանապարհելու: Այս տարի նրա ընտանիքը որոշել էր Երեւանից գնումներ կատարել, եկել տոնավաճառներով պտտվել են ու միայն դպրոցական պայուսակներ կարողացել գնել: Մնացածը որոշել են փոխանակումով վերցնել. «Ոնց գումարեցինք-հանեցինք, տեսանք, որ ապրանքով փոխանակումն ավելի ձեռնտու է: Մտածեցինք, որ եկել-հասել ենք քաղաք, գոնե պայուսակներն առնենք: Մեր գյուղ եկած առեւտրականները քիչ տեսականի են բերում, այնտեղ մեծ ընտրություն կար»: Տիկին Աշխենի ամենահամեստ հաշվարկներով՝ մեկ երեխայի դպրոց գնալու ծախսը նրա ընտանիքի վրա 50-60 հազար դրամ նստում է. «Պայուսակ, մեկ-երկու ձեռք շոր, կոշիկ, գրենական պարագաներ, որ գումարում ես իրար՝ շոշափելի գումար է դառնում, էրեխեքն էլ արագ-արագ աճում են, ոչ էն ա՝ անցյալ տարվա հագուստով դպրոց ճանապարհենք, ոչ էն ա՝ ամեն տարի նորը գնենք»:

Ինչպես բոլոր տոներից առաջ, սեպտեմբերի 1-ի առիթով էլ մեր երկրում մի շարք ապրանքների գներ, որոնք առնչվում են դպրոցին, արհեստականորեն բարձրանում են: Տնտեսագետները թանկացումը բացատրում են պահանջարկով: Մինչդեռ զարգացած երկրներում ճիշտ հակառակն է. մեծ զեղչեր են լինում, իրացման համար զեղչեր են սահմանվում, քանի որ մեծ քանակությամբ ապրանք գնելու դեպքում հնարավոր է լավ եկամուտ ապահովել:

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ գրեթե կրկնակի թանկանում են նաեւ ծաղիկները: Այս ապրանքի դեպքում թանկացումը տեղի է ունենում մոտ 8-10 օր առաջ: «Առավոտի» հետ զրույցում մի քանի ծաղկի սրահի աշխատակիցներ վստահեցրին, որ այդ օրը բարձր գներն, այնուամենայնիվ, առեւտրի վրա չեն ազդում. ծնողներն իրենց երեխաներին անպայման ծաղիկներով են դպրոց ճանապարհում:

Սեպտեմբերի մեկին դեռ 1-2 օր կա, բայց արդեն 500 դրամով վարդերի փոքրիկ փունջը չես գնի, դրանց արժեքը դարձել է 1000-1200 դրամ: Սեպտեմբերի 5-ից հետո, ինչպես վստահեցրին ծաղկավաճառները, գները նորից կնվազեն, բայց օրեր անց, «Սուրբ Խաչով» պայմանավորված, կրկին կթանկանան:

Եթե գյուղերում դպրոցական հագուստն ու պարագաները կարող են ձեռք բերել բնամթերքով, մայրաքաղաքում շատերը դրա հնարավորությունն էլ չունեն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

31.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930