Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանձնե՛ք Հրաչյա Հարությունյանին, զբաղվե՛ք Բաքվի բանտում պահվող հայազգի ՌԴ քաղաքացու ճակատագրով

Սեպտեմբեր 01,2016 13:30

Իսկ ԼՂ խնդրում ռուսական «օգնությունից» գոհ ենք, այն բավական թանկ է նստում

Միրոնովն ու հայ-ռուսական բարեկամությունը

Օգոստոսի 27-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվեց Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը: 30-ամյա Միրոնովը, որը ռուս-բելառուսական մի ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է, կնոջ հետ Հայաստան էր եկել հանգստանալու:

Հայաստանում ՌԴ դեսպանատունը զբաղվում է Սերգեյ Միրոնովի հարցով՝ օգոստոսի 28-ին տեղեկացրեց ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովին:

Սերգեյ Միրոնովի տիկինը՝ Յուլյա Միրոնովան, «Ազատության»-ը տված հարցազրույցում պատմել էր, որ ամուսնուն կասկածում են փողերի լվացման եւ զենքի ապօրինի առեւտրով զբաղվելու մեջ: Ըստ Միրոնովայի` ՌԴ-ում ամուսնուն ոչ ոք չէր որոնում, անգամ գարնանը մեկնել էր Հնդկաստան: «Իմ ամուսինը ՌԴ-ում զբաղվում է տեսանյութերի վերլուծությամբ, եւ այդ ծրագիրը ապահովում էր Մոսկվայում գտնվող խոշորագույն օբյեկտների՝ մետրոպոլիտենի, երկաթուղու անվտանգությունը: Այսինքն՝ այնպիսի օբյեկտների անվտանգությունը, ուր մարդկանց մեծ կուտակում կա: Այդ ծրագրի նպատակը անվտանգության ապահովումն է, եւ ես ենթադրում եմ, որ, միգուցե, ԱՄՆ-ում ցանկանում են իմ ամուսնուց ինչ-որ տեղեկություն ստանալ, եւ նրանց լուրջ հիմք է հարկավոր, որպեսզի իմ ամուսնուն տեղափոխեն ԱՄՆ: Կարծում եմ՝ այստեղ նաեւ քաղաքական համատեքստ կա»,- անմիջապես եզրակացրել էր Միրոնովան:

Օգոստոսի 29-ին «Զվարթնոց»-ում ձերբակալված ռուսաստանցու առնչությամբ ՀՀ ոստիկանությունը հաղորդեց, որ օգոստոսի 26-ին Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 30-ամյա Սերգեյ Միրոնովը, ով 2016թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ եւ 3155-րդ հոդվածների (զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն), 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի եւ «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ եւ 3551-րդ հոդվածի (զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ), 18-րդ գլխի 1956-րդ հոդվածի «h» եւ «a» կետերի եւ 3551-րդ հոդվածի (փողերի լվացման նախնական համաձայնություն), 18-րդ գլխի 1956-րդ հոդվածի «a» կետի 2-րդ մասի եւ 3551-րդ հոդվածի (փողերի լվացում) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: «Նրա խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միրոնովը տեղափոխվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալվածների պահման վայր, նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանի գլխավոր դատախազությանը եւ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին»,- ասվում էր ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:

Առաջին իսկ պահից նկատելի էր, որ ՀՀ իրավապահներն ուղղակի առաջնորդվել են միջազգային քրեական օրենքներով՝ ձերբակալելով միջազգային հետախուզման մեջ գտնվող երիտասարդին: Սակայն օգոստոսի 29-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց դատախազության միջնորդությունը Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու վերաբերյալ: Նա ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Միրոնովը չի կարող լքել Հայաստանի տարածքը՝ մինչեւ ԱՄՆ նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը: Արտահանձնման հարցը դատարանը պետք է քննի առաջիկա 40 աշխատանքային օրվա ընթացքում:

Սերգեյ Միրոնովի փաստաբաններից Կարեն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել գործի նյութերից, ըստ որոնց՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալները կապվել են Միրոնովի հետ եւ նրան առաջարկել են 50 հազար դոլարով գնել գիշերային դիտման սարքեր. «Էդ գումարը փոխանցել է, եւ ապրանքը պետք է առաքվեր Ռուսաստան, բայց Ռուսաստանում ստանում են արկղը, արկղում ոչ մի բան չկա»: Փողերի լվացման մեղադրանքին վերաբերող հարցին Կարեն Ներսիսյանն արձագանքել է. «Էդ գումարը, որ փոխանցել է, որպեսզի գնի այդ ապրանքը, համարվում է փողերի լվացում»:

Ակնհայտ է, որ գործ ունենք խճճված մի գործի հետ, որը բացահայտելու հարցում ամերիկյան եւ ռուսական կողմը պետք է առավելապես շահագրգռված լինեն:
Սակայն այս ամենում հետաքրքրական է հարցը, թե ինչ կպատահեր, եթե հայկական կողմը հանձներ Միրոնովին ամերիկյան արդարադատությանը: Պարզ է, թե ինչ էր մեզ սպասում` ՌԴ-ում հակահայկական տրամադրությունների ալիք, Հայաստանը, հավանաբար, հայտնվելու էր միջազգային սկանդալի էպիկենտրոնում:

Ս. Միրոնովի հետ տեղի ունեցածն անմիջապես ՌԴ-ում դժգոհություն առաջացրեց` դեռ մինչեւ դատարանի որոշումը: Ըստ ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Ելենա Սուտորմինի` Միրոնովի ձերբակալությունը միջազգային բոլոր նորմերի խախտում է, քանի որ եթե Միրոնովի վերաբերյալ որեւէ հավակնություն կար, ապա այդ մասին պետք էր հայտնել ՌԴ-ին։ Այնուհետեւ Սուտորմինը անցել էր Հայաստանին` «որոշ երկրների ղեկավարությունները», ըստ նրա, «փորձում են նստել երկու աթոռների վրա»՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ «Սա մենք նշում ենք ափսոսանքով։ Ընդ որում` Ռուսաստանը ներկայումս ակտիվորեն օգնում է ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում. սա եւս երկար տարիների հակամարտություն է։ Կուզեի ապագայում նման միջադեպեր չլինեն»։ Իսկ ռուս սենատոր, դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցեւիչի կարծիքով՝ Միրոնովին Հայաստանից ԱՄՆ-ի պահանջով արտահանձնումը Երեւանին եւ Մոսկվային «կռվեցնելու» փորձ է։ Ռուս պատգամավոր Դմիտրի Գորովցովն էլ նկատել էր. «Սա եւս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի ոչ բարյացակամ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ»։

Ռուսաստանից հարձակումները չի կարելի անակնկալ համարել, նման գնահատականները անսպասելի չեն: Եթե դատարանի որոշումը մեկ-երկու օր էլ ուշանար` ականատես էին դառնալու, թե ինչպես էր ռուսական եթերը լցվելու հակահայկական ու հակաամերիկյան ռեպորտաժներով: Մի կողմից՝ հարմար առիթ կդառնար ԱՄՆ-ին քննադատելու, իսկ մյուս կողմից` Հայաստանին հիշեցնելու «իր տեղը»: Ընդհանրապես, վերջին տարիներին Ռուսաստանը ցանկացած առիթ փնտրում է «ապտակելու» Հայաստանին: Հայաստանյան ցանկացած գործընթացի հետեւում ռուսական կողմն անմիջապես տեսնում է Արեւմուտքի «ականջները»` «Էլեկտրիկ Երեւանից» սկսած ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռերի» զինված հարձակումով վերջացրած՝ անկախ այն փաստից, որ զինված հարձակումը արդարացնողների կազմակերպած հանրահավաքների հարթակից ելույթ էին ունենում Հայաստանում ՌԴ շահերը պաշտպանողները:

Բայց ամենակարեւորն այն է, թե ինչպես են ռուսները հակահարձակման անցնում` մեր «դեմքին խփելով», թե` «օգնում» են մեզ ԼՂ հարցում: Ռուսաստանի «օգնություն» ասելով՝ նրանք, հավանաբար, Ադրբեջանին վաճառված ու դեռ վաճառվող զենքի բազմամիլիարդանոց գործարքները նկատի ունեն: ՌԴ-ում, հավանաբար, չեն ցանկանում խոստովանել, որ իրենց «օգնությունը» իսկական պատուհաս է դարձել: Տնօրինելով Հայաստանի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները` ՌԴ-ն Հայաստանը զրկել է զարգացման հնարավորությունից, Հայաստանի ու Արցախի հակառակորդ Ադրբեջանը սանձարձակ դարձավ ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման, դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասնելուց հետո:
Սակայն Սերգեյ Միրոնովի հետ տեղի ունեցածը առիթ է ոչ միայն քննարկելու հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական եւ արտաքին քաղաքական մակարդակներում, այլ հենց իրավական: Միրոնովը իր նկատմամբ դատարանի կայացրած որոշումը հայ-ռուսական բարեկամության արդյունք որակեց, իսկ նրա տիկինը` Յուլյա Միրոնովան, պատմեց, որ իրեն նույնիսկ թույլ են տվել հայկական խոհանոցից խորոված տանել ամուսնուն:

Հետաքրքիր է, իսկ Միրոնովի` ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ պաշտպանները, որոնք խորհուրդ են տալիս «չխառնվել այս ամենի մեջ», եւ բոլոր նրանք, ովքեր դեռ խոսում են «հայ-ռուսական դարավոր բարեկամության» մասին, այլ գործերի մասին ինչո՞ւ են լռում եւ նույնպիսի նվիրվածություն չեն պահանջում ռուսական կողմից:
Մի՞թե առիթներ չկան: Թե՞ նրանք չեն ցանկանում դրանք տեսնել եւ ռուսական արդարադատությունից պատշաճ վերաբերմունք պահանջեl թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ ՌԴ-ի հայազգի քաղաքացիների նկատմամբ:

«Հայկական ծագումը անչափ բարդացնում է» Գալուստյանի պաշտպանությունը

Ռուսաստանի քաղաքացի, հայկական ծագումով Մարատ Ուելդանովը հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարանում:

Նա կասկածվում է ծանր հանցագործության մեջ, որը համապատասխանում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի երկու կետերի հատկանիշներին՝ մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերելը եւ տարածելը: Ուելդանովի հայրական ազգանունը Գալուստյան է, նա ծնվել է Բաքվում, ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է: Հարազատների պնդմամբ, երբեք չի եղել Հայաստանում։ Ուելդանով-Գալուստյանի գործի շուրջ ակտիվ քննարկումներ ծավալվեցին սոցիալական ցանցերում, որոնց շրջանակներում օգտատերերից մեկն անգամ հրապարակել էր Բաքվում ՌԴ դեսպանության՝ Մարատ Ուելդանովի հարազատներին ուղղված պատասխանը, ինչը հատկապես մեծ աղմուկ էր հարուցել: Դրանում, մասնավորապես, նշված էր, որ գործի հանգամանքների պարզումը բարդացել է նրա «հայկական ծագման» պատճառով:

Հուլիսի վերջերին հայտնի դարձավ, որ Գալուստյանի ձերբակալությունից մեկ ու կես ամիս անց ՌԴ դեսպանության աշխատակիցները դեռ չեն այցելել Բաքվի մեկուսարանում գտնվող իրենց քաղաքացուն: Մարատի քույրը՝ ՌԴ քաղաքացի, Կրասնոդարի բնակիչ Մարիանա Միրզոյանը հայտնել էր, որ իրականում նրան ձերբակալել են հենց հայկական ծագման համար: Նրա եղբայրը` պարզվում է, հաճախ է մեկնել Բաքու, բազմիցս է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն որեւէ խնդիր մինչ հունիս չի ունեցել: «Մեր ընտանիքից ոչ մեկը հայկական ազգանվան պատճառով չի կարող գնալ Բաքու, նա այնտեղ բոլորովին մենակ է: Ես դիմել եմ ե՛ւ ՌԴ-ի ԱԳՆ-ին, ե՛ւ նույնիսկ նամակ եմ գրել ՌԴ նախագահին, սակայն, անարդյունք»,- պատմել էր Մարիանան:

3-2
Հուլիսի վերջերին հայտարարություն տարածեց Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում էր, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 23-ին նոտա է հղել ՌԴ դեսպանությանը, որում հայտնել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հունիսի 9-ին ձերբակալել են Մարատ Ուելդանովին՝ թմրանյութերի ձեռքբերման եւ տարածման կասկածանքով: ՌԴ դեսպանությունն, իր հերթին, տարածած հայտարարությունում նշում էր, որ իրենց է դիմել ՌԴ քաղաքացի Մարիանա Միրզոյանը: Վերջինս իր դիմումում նշել է, որ իրականում Ուելդանովին Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ոչ թե թմրանյութերի տարածման, այլ իր հայկական ծագմամբ պայմանավորված՝ լրտեսությամբ զբաղվելու կասկածանքով:

Այսինքն, հունիսի 9-ին Ադրբեջանում ծանր հանցագործության կասկածանքով ձերբակալվում է ՌԴ քաղաքացի, միայն հունիսի 23-ին Բաքվում ՌԴ դեսպանությունը ստանում է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտան: Ադրբեջանի անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող իրենց քաղաքացու ճակատագրի առիթով, նրա քրոջը՝ Մարիանա Միրզոյանին պաշտոնապես ծանուցում են, թե նրա եղբոր գործը բարդ է` իր հայկական ծագման պատճառով: Քրոջ վրդովմունքն էր առաջացրել ավելի վաղ՝ հունիսի 29-ին Ադրբեջանում ՌԴ դեսպանության՝ նրա հարցմանն ուղղված պատասխան նամակում տեղ գտած հետեւյալ արտահայտությունը. «Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Բարձրացրած աղմուկից հետո միայն Ադրբեջանում ՌԴ դեսպանության կողմից ձերբակալվածի քրոջը` Մարիանա Միրզոյանին հուլիսի 29-ին ուղարկված պատասխան նամակում, մասնավորապես նշվել էր, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչն այցելել է Մարատ Ուելդանով-Գալուստյանին: Իսկ օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Ադրբեջանում կալանավորված՝ ՌԴ քաղաքացի Ուելդանով-Գալուստյանի գործում ազգային ենթատեքստ չեն տեսնում: «Չգիտեմ, ինչպես է ձեր երկրում, բայց մեր երկրում քաղաքացիներին չեն բաժանում՝ ելնելով ազգային պատկանելության սկզբունքից», «ԳԱԼԱ»-ի թղթակցին ասել էր նա` վստահեցնելով, որ ՌԴ քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ ռուսական պետական կառույցների աշխատանքում ազգային որեւէ ենթատեքստ չի կարող լինել: Մ. Զախարովան տեղեկացրել էր, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Ուելդանովի հետ, վերջինս որեւէ բողոք կամ ցանկություն չի հայտնել եւ որ դեսպանությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Ռուսաստանի քաղաքացի Ուելդանովի օրինական իրավունքները, մշտական կապ է պահպանվում նրա փաստաբանի հետ:

Ի դեպ, հունիսի 9-ին Մարատ Ուելդանովի հետ ձերբակալվել էր նաեւ Ելենա Մակարենկոն, որը հունիսի 24-ին ազատ էր արձակվել: Նա հայտնել էր, որ ադրբեջանցի քննիչները փորձել են իրենց մեղադրել Հայաստանի եւ Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ: Ուելդանովին առաջադրված՝ թմրամիջոցների շրջանառման մեղադրանքը Ելենա Մակարենկոն շինծու եւ անհիմն է համարում: Նա նաեւ մեղադրել էր ՌԴ իշխանություններին՝ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի շահերը պատշաճ կերպով չպաշտպանելու համար:

«Առաջին հերթին մենք Ռուսաստանի ԱԳՆ-ի ուշադրությունն էինք գրավում, որ նրանք կարողանան օգնել դուրս հանենք անմեղ մարդուն այն սարսափելի վայրից, որտեղ որ հիմա նա գտնվում է»,-Tert.am-ին Մոսկվայում օգոստոսի 23-ին միանձնյա բողոքի ակցիայի մասին էր պատմել ՌԴ քաղաքացի Ելենա Մակարենկոն: Նա Մարատի մտերիմ ընկերն ու գործընկերն է, պնդում է, որ 100 տոկոսով համոզված է, որ մեղադրանքն անհիմն է ներկայացված: Մարատը Ադրբեջանում մեկ տարուց ավելի է աշխատել: Նա ՌԴ է տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ` ղարաբաղյան պատերազմի ժամանակ: ՌԴ-ում նա աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Ըստ Ելենա Մակարենկոյի՝ Մարատը պարբերաբար Բաքվից դուրս էր գալիս, ապրիլին էլ մեկնել է Ադրբեջանից, հետո՝ հունիսի 6-ին վերադարձել, որպեսզի մասնակցի «Ֆորմուլա 1»-ի կազմակերպչական աշխատանքներին. այդ օրերին էլ ձերբակալվել է: Ելենա Մակարենկոն նշել է, թե ինքը վստահ է, որ իրենց նկատմամբ մինչ Մարատի վերջին այցը Բաքու, հսկողություն չի սահմանվել. միայն Մարատի վերջին այցից հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները հետեւել են նրանց: Ըստ Ելենա Մակարենկոյի` նրանք իրենց գործընկերոջ մասին տեղեկատվություն չունեն. «Միայն մեկ անգամ ՌԴ դեսպանատնից մարդիկ են գնացել նրա մոտ, Մարատը նամակ է փոխանցել: Գրել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է: Բայց ես այնտեղ 15 օր մնացել եմ, գիտեմ, թե ինչպես կարող են նրա հետ վարվել: Մինչ հիմա ես սարսափների մեջ եմ: Ինձ հարցաքննում էին 3 քննիչներ միաժամանակ, ինձ չէին թողնում, որ լվացվեմ, հագուստ չէին տրամադրում, արյանս ճնշումն անընդհատ տատանվում էր: Ինձ ասում էին, որ ես 15 տարի կնստեմ: Ինձ վախեցնում էին»: Օգոստոսի 23-ին միանձնյա Ռուսաստանի ԱԳՆ-ի մոտ անցկացրած ակցիայի մասին էլ խոսելով՝ նա նշել էր, որ ոչ ոք ԱԳՆ-ից չի մոտեցել, թեեւ իրեն չեն վռնդել, չեն սպառնացել:

Հրաչյա Հարությունյանի տեղափոխման հարցը` երկարատեւ անորոշության մեջ

Հաջորդ գործը վերաբերում է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը 2013թ. հուլիսի 13-ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: 2014թ. օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ կայացրեց, համաձայն որի՝ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման: Հրաչյան մեղավոր էր ճանաչվել երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) եւ 327-րդ (կեղծ փաստաթղթերի օգտագործում): Հարությունյանն անազատության մեջ է արդեն երկու տարի:

3-3
Երեք ամիս առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե ՀՀ արդարադատության նախարարությունը ՌԴ-ում ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու եւ պատժի հետագա կրումը հայրենիքում շարունակելու հարցով դիմել է ռուսական կողմին, սակայն բավական երկար ժամանակ արձագանք չի ստացել:

Հրաչյա Հարությունյանի արտահանձնման խնդրով պարբերաբար լսում ենք, թե անորոշ վիճակ է: Հրաչյայի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, մամուլին դեռ անցյալ տարի ամռանն ասել էր, թե Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան, արդեն նման որոշում կա, բայց թե ի՞նչ ժամկետներում՝ դրա մասին որեւէ տեղեկություն չկա, եւ նրա խոսքով՝ նման տեղեկությունն իրենց էր հասել ՀՀ արդարադատության նախարարությունից, մինչդեռ այն ժամանակվա ԱՆ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, Հ. Հարությունյանին ՀՀ տեղափոխելու որոշում չկա:

Մինչդեռ Հ.Հարությունյանի հարազատները մինչեւ հիմա անորոշության մեջ սպասում են: Հ.Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում է, անցյալ տարի դեկտեմբերի վերջին պատասխանելով armtimes.com-ի հարցին, ասել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Հրաչյա Հարությունյանի հարազատները դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն, եւ մենք բավարարել ենք դիմումը, ներկայումս հարցի քննարկումը գտնվում է ՌԴ իրավասու մարմինների քննարկման տիրույթում: Հանձնման գործընթացը բավականին երկարատեւ գործընթաց է, այն ենթադրում է բազմաթիվ ներպետական գործընթացներ, ՀՀ-ից օտարերկրյա քաղաքացիներին տեղափոխումը նույնպես երկար է տեւում»,- նկատել էր նա: Հարցին, թե 2016-ին Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը կկարգավորվի՞, արդարադատության նախարարը պատասխանել էր. «Ես կարծում եմ՝ հաջորդ տարի այս հարցով կունենանք հստակ առաջընթաց: Նախարարությունը հարազատների հետ կապի մեջ է եւ նրանց էլ տեղեկատվություն տալիս ենք, բայց դրանք աշխատանքներ են, որ կատարվում են կուլիսներում»:

Իսկ եթե Պերմյակովն էլ փոխանցվի Ռուսաստանի՞ն

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը կփոխանցվի ՌԴ իրավապահ մարմիններին: Այդ մասին իրավապահ մարմիններում իր աղբյուրներին վկայակոչելով, տեղեկացրեց «Interfax» գործակալությունը: «Այն բանից հետո, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ կմտնի, Պերմյակովը կարող է դիմում ներկայացնել ռուսական դատարան՝ խնդրելով քննել իր պատիժը ՌԴ տարածքում կրելու մասին հարցը եւ ամբողջական պատիժը կրել հայրենիքում», -լրատվամիջոցին ասել էր աղբյուրը: Ըստ լրատվամիջոցի, այդ սցենարի իրագործման համար կա իրավական լուրջ բազա, որը հիմնված է միջազգային իրավական համաձայնագրերի վրա:

Այսքանից հետո ռուսական կողմին ընդամենը մեկ բան կարելի է հորդորել` արտահանձնե՛ք Հրաչյա Հարությունյանին, զբաղվե՛ք Բաքվի բանտում պահվող հայազգի ՌԴ քաղաքացու ճակատագրով եւ պետք չէ Պերմյակովին փախցնել Ռուսաստան: Իսկ ԼՂ խնդրում ռուսական «աջակցությունից», ինչպես ասում են`գոհ ու շնորհակալ ենք: Ամենամեծ օգնությունը կլինի, եթե Ռուսաստանը չզինի Ադրբեջանին եւ Բաքվի հետ սեպարատ «Լավրովի պլաններ» չնախագծի ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 31.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930