Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտմենեջերները գունավոր երազների սերիայից են»

Սեպտեմբեր 01,2016 12:30

Միմյանց հետ «կռիվ» չունեցող մայր
եւ դուստր արվեստագետների նկատառումները

Բոլոր ժամանակներում ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվող մշակութային մասնագիտությունները մշտապես երկու սերունդների միջեւ առաջացրել են ավելի շատ տարաձայնություններ, քան համաձայնություններ: Մշակույթի ոլորտում հայրերի ու որդիների «կռիվը» ավանդաբար փոխանցվել է: Միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները երանությամբ են հիշում խորհրդային տարիները, փաստելով, որ այն տարիներին եղել է պետության հովանավորություն, աջակցություն: Սրան հակառակ, երիտասարդ սերունդն էլ նշում է, որ այդ ամենի հետ մեկտեղ եղել է նաեւ «վերեւների» ուղղորդում, ազատ ստեղծագործելու սահմանափակում:

«Առավոտը» հյուրընկալել էր մայր եւ դուստր նկարիչ- դիզայներներ Սվետլանա Սահակյանին եւ Մանե Աբրահամյանին: Մայրը որպես արվեստագետ կայացել էր խորհրդային շրջանում, իսկ դուստրը ուսում առել ու կայացել մեր ժամանակներում: Մանեն այսօր Գեղարվեստի պետական ակադեմիայում շարունակում է ուսումը՝ ընտրելով արվեստաբանի մասնագիտությունը: Տիկին Սահակյանը, որ բազմաթիվ գրքեր է ձեւավորել, հեղինակ է գոբելենների ու կարպետների էսքիզների, հավաստիացրեց, որ իր եւ դստեր դեպքում տարաձայնություններ բացարձակ չեն լինում: «Գուցե համընկնում են մեր նախընտրությունները, նախասիրությունները, ի վերջո՝ ճաշակը: Եվ որ ամենակարեւորն է՝ ես եւ դուստրս աբստրակցիոնիզմի հետեւորդներ ենք, բայց ուսումնառությանս տարիներն ու կարիերայիս սկզբը, որ խորհրդային տարիներին էր, կոնկրետ իմ դեպքում՝ «չի կարելի» կամ «ոչ» բառերը երբեք չեն գործածվել:

Եվ հետո՝ այն տարիներին մի բան կար, որը հիմա եթե չի վերացել, ապա անհետացման եզրին է. դա կամեցողությունն է, մեկը մյուսի հաջողություններով ուրախանալը: Այո, կար ներկերի դեֆիցիտ, բայց ոչ միայն ես, նաեւ գործընկերներս Ռուսաստանից, Մերձբալթիկայից ձեռք էինք բերում դրանք, նկատի ունենալով, որ մի մասն էլ պետք է նվիրենք վրձնակիցներին»,- ասաց տիկին Սահակյանը:

Svetlana_Mane-2

Մանե Աբրահամյանի աշխատանքները:

Svetlana_Mane-5
Մանեն հաստատելով նրա խոսքերը, նշեց, որ մայրը հիանալի ստեղծագործական «հոտառություն» ունի, զգում է ոչ միայն ժամանակը, ներկան, այլեւ մոտալուտ ապագան: «Մի բայց կա. մեր հասարակությունը շերտավորված է, միջին խավ չկա, ինչը, որպես արվեստաբան եմ ասում՝ բացասաբար է անդրադառնում նաեւ մշակույթի վրա: Հիասթափությունները մի տեսակ շատ են եւ եթե ծնողներիս ուսումնառության տարիներին նրանք համոզված էին, որ կաշխատեն իրենց մասնագիտությամբ, մենք՝ երիտասարդներս, այդ հարցում վստահություն չունենք,- հայտնեց երիտասարդ արվեստագետը, ապա հավելեց,- վաղուց 21-րդ դարում ենք, բայց արի ու տես, որ մեզանում դեռեւս արտմենեջերները շատերի համար, այդ թվում՝ նաեւ իմ, գունավոր երազներ սերիայից են»:
Նա փաստեց, որ դեռ 5 տարի առաջ գուցե հասած լիներ ավելիին, եթե ունենար մենեջեր կամ լինեին համապատասխան գործակալություններ, որոնք զբաղվում են արվեստագետներով:

Svetlana_Mane-4

Սվետլանա Սահակյանի աբստրակցիոնիզմը:

Svetlana_Mane-5

Մեր խնդրանքին՝ մանրամասնել ասվածը, մեր զրուցակիցը հայտնեց. «Ես ոչ մի նկար, օրինակ, չեմ կարողանում վաճառել, թեեւ իմ էջը վաղուց գտնվում է աշխարհի լավագույն ցուցասրահներից մեկի՝ բրիտանական Saatchi Gallery կայքում, որտեղ կատարվում է նաեւ նկարների առցանց վաճառք: Բայց անպայման պետք է ունենաս քո մենեջերը կամ քո արվեստով զբաղվող կազմակերպություն, որը բանակցի այդ ցուցասրահի գլխավոր մենեջերի հետ»: Սվետլանա Սահակյանը կիսելով դստեր մտահոգությունը, համոզված է, որ մեր օրերում էլ է պետք գոնե մեկ Հենրիկ Իգիթյան. «Հենց Իգիթյանն էր, որ այն տարիներին հնարավորություն ստեղծեց, աջակցեց, խորհրդային մտածելակերպից դուրս, վաղուց արդեն անվանի նկարիչների:

1962թ. բացվել է «Հինգի ցուցահանդեսը», որին մասնակցել են Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Արփենիկ Ղափանցյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Հենրիկ Սիրավյանը եւ Մինաս Ավետիսյանը»:

Մանեից հետաքրքրվեցինք՝ այսօր մեզանում գործում են բազմաթիվ հիմնադրամներ, որոնց միջոցով կարելի է իրականացնել երազանքներ: «Այս պահին ես առաջարկներ ունեմ Կանադայից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից: Հենց աջակցելու առիթով դիմել եմ հայաստանյան որոշ հիմնադրամների եւ ստացել բացասական պատասխան: Միեւնույն է, մի օր աշխատանքներիս հետ կհայտնվեմ Արեւմուտքում, ես դրան հավատում եմ: Բայց ոչ թե նրա համար, որ միայն իմ հարցերը լուծեմ, այլեւ օգնության ձեռք մեկնեմ հայրենիքում մնացած հասակակից գործընկերներիս: Թե չէ արտմենեջմենթը, որ անկախության 25 տարիներին չկայացավ, կարծում եմ՝ դեռ մի 25 եւ գուցե ավելի տարիներ էլ չի լինի…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

31.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930