Աշխարհի համար նա Մայր Թերեզան է՝ Անիեզե Գոնջե Բոյաջին, ով տասնամյակներ շարունակ իր կյանքը նվիրել է կարիքավոր մարդկանց օգնելուն։ Մահից ուղիղ 2Օ տարի անց, մահվան օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին Մայր Թերեզան կդասվի Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին։
Մայր Թերեզան, որն արտաքնապես հայտնի էր կապույտ գծերով սպիտակ զգեստով, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրն է, որի նպատակը Կոլկաթայում հիվանդներին և աղքատներին ծառայելն է եղել։ Հոգեւոր օրդեն, որը շուտով տարածվեց ամբողջ աշխարհում։
Մասնաճյուղերից մեկը գտնվում է Վաշինգտոնում։ Ինչպես այս հաստատության միանձնուհիներից քույր Նիշին է ասում, իրենք այստեղ աշխատանքներն իրականացնում են Մայր Թերեզայի սկզբունքներով։ Քույրերին օգնում են նաեւ մայրաքաղաքի կամավորները, որոնցից Հյուսթըն Ռոբերսոնի խոսքերով, մարդկանց պետք է գնահատել մյուսների նկատմամբ նրանց ցուցաբերած վերաբերմունքով։ Մայր Թերեզան, ասում են կամավորները, դժբախտ մարդկանց ձայնն էր, ձայն, որն այսօր էլ լսվում է նրա հիմնած հաստատություններում եւ այս կամավորների շուրթերից։
՝՝Մայր Թերեզան ապրում է բոլորիս մեջ։ Նա մեզ ցույց է տվել, թե ինչպես պիտի ապրի քրիստոնյան։ Նա ընտրում էր ամենակարիքավորներին ու նրանց հետ վարվում արժանապատվությամբ։ Մենք նույնկերպ ենք շարունակում նրա ավանդը ու բոլորին ցուցաբերում արժանապատիվ մոտեցում՛՛, ասում են նրանք։
Հայաստանը նույնպես լավ է հիշում Մայր Թերեզային, որը 1988 թվականի երկրաշարժից մի քանի օր անց ժամանեց այստեղ ու աշխարհի ուշադրությունն ավելի սեւեռեց մի երկրի վրա, որն այնքան շատ էր այդ օրերին զգում աշխարհի օգնության կարիքը։
Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը 2ՕՕ3 թվականին նրան դասեց Կաթոլիկ եկեղեցում երանելիների շարքը, որը մինչեւ սրբադասում վերջին քայլն էր։ Այսօր սակայն կան տեսակետներ այն մասին, որ չնայած Մայր Թերազան արդեն իսկ սրբություն է միլիոնավոր մարդկանց համար, նա շատ մեծ տեղ է հատկացրել իր հաստատությունների ու կատարված աշխատանքների փառաբանման կարեւորությանը։
՝՝Թող բոլորն անեն, ու բոլորն էլ փառաբանվեն՛՛, ասում են շատերը՝ դատապարտելով գթասրտության քրոջը քննադատողներին։
Մանրամասները` «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում