«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) չի հավաքագրում տվյալներ, թե այդ տարի քանի երեխա կհաճախի դպրոց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԿՏԱԿԻ տնօրեն Արտակ Պողոսյանը արձագանքելով ասուլիսում բարձրաձայնված այն մտքին, թե այս տարի 302 երեխա դպրոց չի հաճախի եւ ուսումը կիսատ կթողնի:
«Նման վիճակագրություն ընդհանրապես չի վարվում եւ հնարավոր չէ վարել: Այն տվյալները, որ իբր 302 երեխա դպրոց չի հաճախ, իրականությանը չեն համապատասխանում: Այստեղ կա թյուրըմբռնում, թյուրիմացություն. 302 երեխա 2014-15 ուս տարում անավարտ է թողել կրթությունը, որոնցից 191-ը սոցիալական վատ պայմանների պատճառով, իսկ 111-ը՝ այլ պատճառներով: Երբ ԿՏԱԿ-ը ներկայացնում է վիճակագրական տվյալներ, եւ դրանք 2015-16 թ ուս տարվա համար են, նշանակում է դպրոցը անավարտ թողած կամ հեռացած երեխաների տվյալները վերաբերում են 2014-15 ուս տարում, երբ ուսումնական տարին ավարտվել է, եւ փաստացի ունենք տվյալներ, թե քանի երեխա է անավարտ թողել կրթությունը: Մենք երբեք չենք կարող կանխագուշակել, թե , օրինակ, 2016-17 ուս.տարում քանի երեխա անավարտ կթողնի կրթությունը, նման տվյալ որեւէ մեկը չի հավաքագրում եւ չունի»,-շեշտեց պարոն Պողոսյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Այն որ նախորդ տարվա համեմատ, ինչպես գրված է հոդվածում, կրթությունն անավարտ թողած թիվը ավելացել է, ընդհանուր առմամբ 250 երեխա էր, այդ տվյալ էլ փաստացի վերաբերում է 2013-2014 ուս տարում: Երբ հետեւում ենք վիճակագրությանը, մենք ստուգումներ ենք իրականացնում, աշխատում ենք մարզային վարչությունների հետ, որպեսզի տվյալները արժանահավատ եւ ճիշտ լինեն: Հնարավոր է, որ թվի աճը ոչ թե պայմանավորված լինի նրանով, որ սոցիալ-տնտեսական վիճակն է վատացել երկրում, այլ ավելի շատ երեխա ենք բացահայտել: Կարելի է ասել 2014-15 ուս տարում կրթությունն անավարտ է թողել 302 երեխա, սակայն պետք է նշել, որ այդ թիվը փաստում է, որ ավելի շատ երեխա ենք բացահայտել: Բացի դրանից, երբ մենք վիճակագրությունը պատրաստում- ավարտում ենք, սոցիալական վատ պայմանների պատճառով կրթությունը կիսատ թողած երեխաների տվյալները ԿԳ նախարարությունն ուղարկում է մարզպետարաններ, փորձում ենք ամեն երեխայի հետ աշխատել:
Ասուլիսում ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը նշել էր, որ նախկինում կար հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հետ հատուկ աշխատանքային ընթացակարգ, որոնք բացահայտում էին պատճառները, նրանց հետ աշխատանքներ էր տանում` դպրոց վերադարձնելու համար: Այդ պատճառները այսօր էլ շատ լավ գիտենք, ու նույն մեխանիզմը հիմա էլ է աշխատում: Եթե նայեք վիճակագրությունը 2011-12թթ, կտեսնեք, որ կարողացել ենք էականորեն կրճատել կրթությունն անավարտ թողնող երեխաների թիվը:
Կարդացեք նաև
Բացի պարբերաբար մարզպետարանների հետ աշխատելուց, այս տարի փորձում ենք աշխատել նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ, երեխաների տվյալները հավաքել ենք անհատապես, ներկայացնել եկեղեցուն, որպեսզի օժանդակի, ու սոցիալական վիճակի պատճառով ոչ մի երեխա դուրս չմնա դպրոցից: Ինչ վերաբերում է այս տարվա վիճակագրությանը, այն կանենք արդեն հոկտեմբերին, եւ դա ցույց կտա մեր աշխատանքի արդյունավետությունը նախորդ տարիների համեմատ: Մի խոսքով, հրապարակել, թիվ, որ 302 երեխա չի հաճախում դպրոց, այնքան էլ ճիշտ չէ»,- պնդում է ԿՏԱԿ-ի տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ